Մատչելիության հղումներ

Պայքարը` մեծամասնական ընտրակարգով


Մեծամասնական ընտրակարգով խորհրդարանի ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցված թեկնածուների քաղաքական հակադրությունն ընդգծված է 41 ընտրատարածքներից 31-ում, որտեղ արտախորհրդարանական ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը կպայքարի ներկայումս խորհրդարանական մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության դեմ: (Հանրապետականը սատարում է ընդհանուր թվով 33 թեկնածուների: Հայ ազգային կոնգրեսը սատարում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված 37 թեկնածուի):

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակից, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի գնահատմամբ, մայիսի 6-ի ընտրությունների առնչությամբ արտաքուստ հետաքրքիր պայքարի մասին են վկայում մեծամասնական ընտրակարգով գրանցվածների կերպարները։

«Նախեւառաջ դա, իհարկե, թիվ 7 ընտրատարածքն է, որտեղ առաջադրված են Նիկոլ Փաշինյանը եւ Սամվել Ալեքսանյանը։ Սա լինելու է աղմկոտ ընտրատարածք, ուշադրության կենտրոնում է լինելու այս ընտրատարածքը։ Թիվ 1 ընտրատարածքը ես կանվանեի ասող-խոսողների ընտրատարածք՝ այստեղ մարդիկ են, որոնք շատ են սիրում խոսել, բանավիճել։ Գայանե Առուստամյանն է, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցությունից Ռուբեն Հայրապետյանը, որը հաճախ է լինում լրագրողների ուշադրության կենտրոնում», - մեկնաբանում է Էդգար Վարդանյանը։

Այս երկու ընտրատարածքներում առաջադրված Հայ ազգային կոնգրեսի աջակցությունը վայելող պատգամավորության թեկնածուները` լրագրողներ Նիկոլ Փաշինյանը եւ Գայանե Առուստամյանը, բանավեճի առաջարկ են հնչեցրել: Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրել Սամվել Ալեքսանյանին, Գայանե Առուստամյանը` Ռուբեն Հայրապետյանին: Թե՛ Սամվել Ալեքսանյանը, թե՛ Ռուբեն Հայրապետյանը դեռ չեն համաձայնել մասնակցել բանավեճի:

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է նաեւ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը: Բացի թիվ 1-ից, եւս հինգ ընտրատարածքներում սպասվում է պայքար ընդդիմադիր կուսակցությունների՝ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» թեկնածուների միջեւ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական մեկնաբան Էդգար Վարդանյանն առանձնակի կարեւորություն է տալիս նաեւ թիվ 4 ընտրատարածքին: Այս ընտրատարածքում առաջադրվել է վեց թեկնածու, այդ թվում՝ Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Արտակ Սարգսյանը (ՀՀԿ) եւ լրագրող, անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը։

«Այս ընտրատարածքը ես կոչել եմ՝ կանայք գրոհում են։ Զարուհի Փոստանջյանը եւ Սաթիկ Սեյրանյանն են առաջադրված այստեղ։ Թիվ 10 ընտրատարածքը հետաքրքրական է նրանով, որ այստեղ տարբեր ճամբարներում գտնվող ինտելեկտուալ գործարարներն են պայքարելու միմյանց դեմ․ խոսքը գնում է Սարիբեկ Սուքիասյանի եւ Գարեգին Նուշիկյանի մասին», - ասում է քաղաքական մեկնաբանը։

Կան ընտրատարածքներ, որտեղ գրանցվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ից: Մասնավորապես, Գավառը եւ մերձակա գյուղերն ընդգրկող ընտրատարածքում առաջադրվել է 2 հանրապետական․ առաջիկա ընտրությունների ժամանակ Հանրապետականն այս ընտրատարածքում սատարելու է երեք թեկնածուներից առավելապես գործարարությամբ հայտնի, «Եվրոստան Ույուտ» ընկերության հետ առնչություն ունեցող Մանվել Բադեյանին:

Արմավիրում` թիվ 19 ընտրատարածքում, 3 հանրապետական թեկնածուներն էլ գրանցվել են, կուսակցությունը նախընտրում է նրանցից սատարել գեներալ Սեդրակ Սարոյանին, որը հայտնի է որպես գեներալ Սեյրան:

41 ընտրատարածքներից 8-ում գրանցված են թեկնածուներ ե՛ւ Հանրապետականից, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանից»: Թիվ 28 ընտրատարածքում, սակայն, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հանրապետական թեկնածու չկա:

Մեր զրուցակից քաղաքական մեկնաբանը նշեց, որ կոալիցիոն ուժերի առաջադրումները պատահական չեն. - «Այն, որ ընտրատարածքները բաժանված են, դա ակնհայտ է։ Ինչո՞ւ՝ որովհետեւ ԲՀԿ-ն ոչ բոլոր ընտրատարածքներում է թեկնածուներ առաջադրել։ Բոլոր ֆինանսական խոշոր ռեսուրսներ ունեցող խմբավորումները, վերջին հաշվով, իշխանությունների մաս են կազմում, նրանց միջեւ գոյություն ունի որոշակի պայմանավորվածություն, եւ ռիսկի ենթարկել իրենց սեփական բիզնեսը՝ ինքնապահպանման բնազդը այդ մարդկանց մեջ, կարծում եմ, չի վերացել»։

Կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ թեժ պայքար կարող է լինել Շիրակում` թիվ 34 ընտրատարածքում: Այստեղ մրցապայքարն օրերս հասավ ծեծկռտուքի՝ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» համակիրներն անգամ խմբերով էին ներքաշվել ծեծկռտուքի մեջ: Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ առանձին դեպքերում կարող է եւ անզսպելի լինել կոալիցիոն դաշնակիցների պայքարը. - «Հնարավոր է՝ խաղ խաղան, որ տեսեք՝ նույնիսկ իշխանության ներսում կա մրցակցություն, այնպես չէ, որ ամեն ինչ պայմանավորված է։ Բայց նաեւ կարող են լինել որոշակի ընտրատարածքներ, որտեղ իսկականից ռեալ պայքար լինի»։

Էդգար Վարդանյանը հավելեց, որ հիմա արդեն պարզ երեւում է, որ ընտրապայքարի մեջ մտնող ուժերը չունեն հավասար պայմաններ․ վարչական ռեսուրսի օգտագործման առավելությունը սահմանափակում է ընտրության հավասար հնարավորությունը: Իսկ այդ դեպքում ընտրությունների միջոցով ոչ թե իրացվում է քաղաքացիների ընտրական իրավունքը, այլ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ընդամենը տեղի է ունենում համապետական միջոցառում:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG