Մատչելիության հղումներ

ԵՄԱ. Նախընտրական քարոզչությունը ժամանակից շուտ է սկսվել


Բորիս Նավասարդյան
Բորիս Նավասարդյան
«Նախընտրական քարոզչությունը Հայաստանում մեկնարկել է ժամանակից շուտ, անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից», - ասում է Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա կարծիքով` խորհրդարանական ընտրություններին պատրաստվող որոշ կուսակցություններ դա արել են հիմնականում հեռուստաընկերությունների միջոցով:

«Եթե կուսակցությունները իրականացնում են որոշակի ակտիվ նախընտրական պայքար` նույնիսկ ոչ պաշտոնական փուլում, դա այս կամ այն կերպ լուսաբանվում է հեռուստաընկերությունների կողմից, եւ պարզ է, որ այն կուսակցությունները, որոնք շուտ են սկսել, ակտիվ են սկսել, նրանք նախապես ունենում են որոշակի առավելություններ», - երկուշաբթի կայացած ասուլիսում ասաց Նավասարդյանը:

ԵՄԱ-ն հեռարձակող լրատվամիջոցների շրջանում նաեւ մինչքարոզչական փուլում մոնիտորինգ է իրականացնում: Բորիս Նավասարդյանն ասաց` իրենց դիտարկումները ցույց են տվել, որ որոշ լրատվամիջոցներ թաքնված գովազդ են հեռարձակել, նկատվել են նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր: Ըստ Նավասարդյանի` թաքնված գովազդ հեռուստաընկերությամբ ցուցադրելու հնարավորությունից օգտվել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները (ՕԵԿ), իսկ վարչական ռեսուրսի չարաշահում Հանրապետականն է թույլ տվել:

«Մշտադիտարկում ենք իրականացրել նախնական նոյեմբեր-դեկտեմբերին. այն ժամանակ այդ հնարավորությունից ակնհայտորեն օգտվում էին ԲՀԿ եւ ՕԵԿ-ը, իսկ մարտի ընթացքում առայժմ միայն ԲՀԿ-ն», - ասաց Նավասարդյանը` հավելելով. - «Եթե խոսքը գնում է այն հեռուստասյուժեների մասին, որտեղ վարչապետը ներկայացնում է ծրագրերը, կուսակցական տոմսեր է բաժանում եւ այլն… ես դա կկոչեի ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, եւ դա մեզ բերում է այն ընդհանուր խնդրին, որ մեզ մոտ քաղաքական քարոզչությունը որեւէ կերպ չի կարգավորվում մինչեւ նախընտրական քարոզչության պաշտոնական շրջանը: Դա փաստորեն օրինականացնում է վարչական ռեսուրսի օգտագործումը»:

ԵՄԱ-ն պնդելու է, որ մինչեւ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները օրենսդրությունը վերանայվի, կանոնակարգվի նաեւ մինչեւ քարոզչություն ընկած ժամանակահատվածը` կամ խախտումներ թույլ տված ԶԼՄ-ները ենթարկվեն պատասխանատվության, կամ փոփոխության ենթարկվի օրենքը եւ նախընտրական քարոզչությունը թույլատրվի ընտրությունների օրը նշանակելու պահից:

Այս ամենով հանդերձ` Բորիս Նավասարդյանը կարծում է, որ նախընտրական այս շրջանի լուսաբանումը նախորդ ընտրությունների համեմատությամբ հավասարակշռված է լինելու:

«Երկրորդ կարեւոր կարգավորումը, որը օրենքով կարող է սահմանված լինել, որ պետական պաշտոնյաները իրավունք չունեն իրենց պաշտոնական գործառույթները իրականացնելիս ընդհանրապես հիշատակել, թե որ կուսակցության անդամ են եւ կուսակցության համար են համոզում քաղաքացիներին», - ասաց Նավասարդյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը իբրեւ քաղաքացի հետեւել է հեռուստաեթերին եւ խախտում չի հայտնաբերել:

«Եթե նախընտրական քարոզչություն չի սկսվել, չի կարելի խոսել նախընտրական քարոզչության կարգի խախտման մասին: Եթե նախընտրական քարոզչությունը չի մեկնարկել, ինչպես ամրագրված է Ընտրական օրենսգրքում, չի արգելվում նշված ժամանակահատված սահմանված չլինելու պարագայում իրականացնել քարոզչություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ-ն այսօր սահմանեց Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ մեկ դաշինքին անվճար եւ վճարովի եթերաժամերի տրամադրման ժամանակացույցն ու կարգը: Քարոզչական հոլովակները Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվեն ժամը 18-ից սկսած, Հանրային ռադիոյով` օրական երկու անգամ` 13:30-ից եւ 21:40-ից հետո: Հանրային հեռուստաընկերությունն իրավունք ունի 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի եթերաժամ տրամադրել կուսակցություններին եւ դաշինքին, Հանրային ռադիոն ավելի շատ` 120 րոպե անվճար, մինչեւ 180 րոպե վճարով եթերաժամ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին:

please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG