Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը ընտրացուցակները ընտրությունների կեղծման «գլխավոր ռեսուրս» է համարում


ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրությունների կեղծման գլխավոր ռեսուրսն է համարում «չարաբաստիկ ընտրացուցակները» եւ դրանցում Հայաստանից մշտապես բացակայող քաղաքացիների անունների ընդգրկումը:

«Ամենագլխավոր խնդիրը, որից կախված է առաջիկա բոլոր ընտրությունների ճակատագիրը, եւ եթե կուզեք` հայ ժողովրդի ճակատագիրը, այդ չարաբաստիկ ընտրացուցակներն են, որոնցում այսօր ընդգրկված են Հայաստանից մշտապես բացակա արդեն ոչ թե 500 հազար, այլ 700 հազար քաղաքացիների անուններ: Անցյալ ընտրությունների համեմատ այդ ցուցակը ավելացել է 185 հազարով»,- ՀԱԿ հանրահավաքում Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Սա Վովա Գասպարյանի նվերն է Սերժ Սարգսյանին, ցույց տալու համար, որ ինքը Ալիկ Սարգսյանից շատ ավելի հանճարեղ նախարար է, որ 4 տարում կարողանում է ընտրողների թիվը 185 հազարով ավելացնել»:

ՀԱԿ առաջնորդը կոչ արեց «շատ լրջորեն վերաբերվել այդ փաստին», համոզմունք հայտնելով, որ անգամ ընտրակաշառքը, բռնությունները, ծեծ ու ջարդը այս իշխանությունների համար «հաղթանակ երբեք չեն ապահովել»։

«Ո՛չ 98 թվականին, ո՛չ 2003 թվականին, ո՛չ 2008-ի ընտրություններում… Նրանք պարտվել են, ջախջախվել են, բայց ընտրությունների ավարտից հետո, երբ փակում են տեղամասերը, ինչ հանրահաշիվ ասես նրանք կարող են անել՝ ի հաշիվ այդ բացակա քաղաքացիների: Սա է կեղծիքների բույնը, դուռը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Արդար ընտրություններով շահագրգիռ կուսակցություններին, քաղաքագետներին, լրագրողներին հորդորելով միջազգային դիտորդների հետ հանդիպումների ժամանակ անդրադառնալ այս խնդրին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ վաղը ինքը հանդիպելու է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարի հետ եւ հարցը նրա առջեւ «ամենայն լրջությամբ» դնելու է:

«Եվ եթե այդ հարցը չլուծվի, ուրեմն նոր կեղծված ընտրությունների մեղսակիցը կդառնան նաեւ միջազգային դիտորդներն ու արտասահմանյան դեսպանատները», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:

«Ոչ մի ձայն՝ հանցավոր ռեժիմին»


Պնդելով, որ վերջին չորս տարիներին «վարչախումբը ապիկար ու հանցավոր գործունեություն է ծավալել», որ Հայ ազգային կոնգրեսը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որն «իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտման խնդիրը», Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով ՀԱԿ-ը պատրաստվում է հանդես գալ Ազգային ժողովում սեփական ծանրակշիռ պատգամավորական խմբակցությունը ձեւավորելու պարագայում:

Ըստ նրա, հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջաններում ՀԱԿ-ն անմիջապես բարձրացնելու է Սերժ Սարգսյանի «պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը». - «Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետեւանքով»։

Երկրորդ առաջնահերթ նախաձեռնությունը «1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման եւ իրավական հետեւանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովների ստեղծումն է»:

ՀԱԿ-ը կարեւորում է նաեւ ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով մարտի 1-ի զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցի լուծումը, «հասարակության աչքում լիովին վարկաբեկված» Սահմանադրական դատարանի կազմի վերանայումը, «Ընտրական օրենսգրքի» արմատական փոփոխություններն ու երկրից մշտապես բացակայողների անուններից ընտրացուցակների բեռնաթափումը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքից բանակի մասնակցությանը վերաբերող «հակասահմանադրական դրույթի վերացումը», «Հավաքների մասին» օրենքում բյուրոկրատական կամայականությունների դուռ բացող «երկիմաստ արտահայտություններն ու անհստակ ձեւակերպումների» վերացումը եւ այլն:

«Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել։ Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը, եւ գայթակղվելով ընտրակաշառքով` իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանման, ու դրա համար իրենից բացի որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` ելույթի ավարտին հրապարակելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի կարգախոսը` «Ոչ մի ձայն՝ հանցավոր ռեժիմին»:

«Նախագահական ընտրությունների նախափուլ»


Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ այլ գործիչներ, ովքեր իրենց ելույթներում առաջիկա խորհրդարանական ընտրությունները համարում էին «նախագահական ընտրությունների նախափուլը»:

ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը ընտրապայքարը բնորոշեց «դժվար, դաժան եւ ակնհայտորեն` ոչ ազնիվ պայքար»: Նա հանրահավաքի մասնակիցներին ցույց տվեց «ՕԵԿ-ի բաժանած ջեմն ու էժանագին օծանելիքը»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը շուրջ 4000 վստահված անձինք է ունենալու ընտրատեղամասերում. Յուրաքանչյուր տեղամասում` 2-ական անձ` ՀԱԿ դաշինքի եւ Կոնգրեսի մեծամասնական թեկնածուների կողմից: ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրել 41 ընտրատարածքներից 37-ում:

Կոնգրեսի անդամ, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ իր մրցակցին՝ Սամվել Ալեքսանյանին առաջարկեց կամ գնալ միասին նստել «Հ1»-ի տեսախցիկների առաջ` բանավեճի, կամ, եթե Ալեքսանյանը «քաշվում է տեսախցիկներից», միասին բանավիճել 7-րդ ընտրատարածքի բակերում ու թաղերում։ «Գնանք բակ առ բակ` բանավիճենք, խոսենք, ես իմ ասելիքն ասեմ, դու` քո»,- առաջարկեց Փաշինյանը:

Փաստաթղթային խնդիրների պատճառով թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրապայքարից դուրս մնացած գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ հայտարարեց. - «Անկախ նրանից ինձ գրանցել են, թե չեն գրանցել, ես իմ ողջ ուժերն ու հնարավորությունները ներդնելու եմ, որպեսզի բարեփոխումներն իրականանան»:

Ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ մաս կազմող «ՀԺԿ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը:

Հանրահավաքն ավարտվեց երթով: Հաջորդ հանրահավաքի օրը կհայտարարվի լրացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG