Մատչելիության հղումներ

Լրացավ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20 տարին


Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից
Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից
Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 20 տարի առաջ` 1992 թվականի մարտի 30-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ասաց, որ թեեւ անկախ Հայաստանի առաջին տարիներից դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են, սակայն կապերն ակտիվացել են միայն վերջերս։

Հայաստանի արտգործնախարարության կայքը նշում է, որ Չեխիա Հայաստանի պետական գործիչների պաշտոնական եւ աշխատանքային այցելությունները սկսվել են 2009 թվականից. մեկ անգամ նախագահ Սերժ Սարգսյանն է այցելել, մեկ անգամ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ երկու անգամ` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հարաբերությունները սկսել են ակտիվանալ մոտավորապես երեք-չորս տարի առաջ, որոնց ընթացքում ութ տարբեր փաստաթուղթ է ստորագրվել։ Երեք-չորս տարվա մեջ գրեթե երեք անգամ աճել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը։ Բարձր մակարդակի են նաեւ քաղաքական հարաբերությունները։ Մշակույթի բնագավառում, կրթության բնագավառում փոխանակումներ կան», - նշեց դեսպանը` հավելելով. - «Բայց ես համարում եմ, որ չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին տարիներին` մենք աճի տեղ շատ ունենք»։

Խոսելով անցյալ տարվա աշնանը Պրահայում բացված Հայաստանի դեսպանատան մասին` Տիգրան Սեյրանյանը ասաց, որ այն արդեն լիարժեք գործում է, օրական մոտ 15 հոգու է ընդունում, եւ զգալի հեշտացել է այժմ փաստաթղթեր ստանալու գործընթացը։

«Ծառայությունների համար Հայաստանի քաղաքացիները եւ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք դրա կարիքն ունեն, այլեւս անհրաժեշտություն չունեն մեկնելու Վիեննա։ Ամբողջ ծավալով հյուպատոսական գործառույթները իրականացվում են այժմ Պրահայում։ Շուտով սպասվում են որոշակի նոր տեխնիկական լուծումներ, որոնք թույլ կտան, օրինակ, քաղաքացու անձնագիրը շուտ ձեւակերպել` 10-15 օրվա ընթացքում», - փոխանցեց դեսպանը։

«Իսկ մեր ծրագրերի մասին, բնականաբար` առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները Չեխիայի Հանրապետության հետ` բոլոր բնագավառներում», - ասաց Տիգրան Սեյրանյանը։

Հայաստանում Չեխիայի դեսպանատուն դեռ չկա` մինչ օրս Հայաստանի քաղաքացիներին սպասարկում են Թբիլիսիում գտնվող դեսպանատունն ու հյուպատոսությունը: Սակայն շուտով, ասում է Տիգրան Սեյրանյանը, Հայաստանում հնարավոր կլինի ձեւակերպել փաստաթղթերը եւ մուտքի արտոնագրերը կարճաժամկետ այցելությունների համար:

«Առայժմ դա կլինի փոքր դեսպանություն, տեղակայված կլինի, ինչպես ծրագրվում է, Լեհաստանի դեսպանության շենքում, եւ Չեխիան առայժմ ներկայացված կլինի ժամանակավոր հավատարմատարի, բարձրաստիճան դիվանագետի մակարդակով», - տեղեկացրեց դեսպանը։ Նրա կարծիքով` «ապրիլի մեջ արդեն ներկայացուցչությունը կլինի, եւ միգուցե մայիս ամսին կամ դրանից մի քիչ ուշ կատարվի ինչ-որ արարողություն բացման»։

«Ինչ վերաբերում է հյուպատոսական ծառայություններին, ապա նույնպես ծրագրվում է, որ Շենգենի մուտքի վիզաների տրամադրման լիազորությունները հանձնվեն Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանությանը. խոսքը կարճաժամկետ վիզաների մասին է` մինչեւ 90 օր ժամկետով։ Իսկ եթե երկարատեւ վիզաների մասին` ապա առայժմ այդ գործընթացը կշարունակի իրականացնել Թբիլիսիում Չեխիայի դեսպանության հյուպատոսական բաժինը», - մանրամասնեց Տիգրան Սեյրանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG