Մատչելիության հղումներ

Շարունակվում է վկաների հարցաքննությունը


Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում տուժող կողմը, հիմնվելով նախաքննության ընթացքում արված կեղծիքների վրա, բացարկ էր հայտարարել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին, քանի որ վերջինս եղել է նախաքննության ընթացում գործը վերահսկող դատախազը: Նիստի սկզբում դատարանը մերժեց միջնորդությունը՝ համարելով, որ այն անհիմն է:

Նիստին ներկայացած երկու վկաներից առաջինը հարցաքննվեց Միքայել Գաբրիելյանը, չնայած այն հանգամանքին, որ թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, թե ամբաստանյալների պաշտպանները առարկում էին եւ պնդում էին, որ պետք է նախ հարցաքննել գործով կարեւոր վկա Գարեգին Սայադյանին:

Վկա Միքայել Գաբրիելյանը դատարանում հայտարարեց, որ ինքը դեպքի մանրամասներից տեղյակ չէ:

«Դեպք տեղի է ունեցել, կապիտան Մանուկյանը զանգել է իմ բջջային հեռախոսին, ու ասել է, որ Արտակ Նազարյանը մարտական դիրքում ինքնասպան է եղել», - ասաց վկան:

Գաբրիելյանի տված ցուցմունքներից հետո մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը վկայի նախաքննական ցուցմուքները հրապարակելու մասին միջնորդություն ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ հակասություններ կան վկայի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ:

Չնայած թե տուժող կողմը, թե ամբաստանյալների պաշտպանները առարկեցին, դատարանը բավարարեց այս միջնորդությունը, հրապարակվեցին վկային նախաքննական ցուցմուքները:

Երեկ ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանի հարցմանն ի պատասխան՝ Միքայել Գաբրիելյանը ասել էր, թե ինքը պնդում է դատարանում տված իր ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Գաբրիելյանը հերքեց այն, որ ինքն ունեցել է այնպիսի տվյալներ, թե Նազարյանին ծեծել են:

«Ես գիտեմ, որ իրենք կռվել են, ծեծելն ուրիշ է», - ասաց նա:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք հիմնվելու են գործով կարեւորագույն փաստաթղթի՝ դատաբժշկական եզրակացության վրա:

«Դատաբժիշկը պարզ, հստակ ձեւակերպված տերմիններով հայտնում է մեզ հետեւյալի մասին. Արտակ Նազարյանին դաժանորեն ծեծել եւ խոշտանգել են հենց սպանության օրը, սպանությունից վեց ժամ առաջ», - ասաց Մարտիրոսյանը:

Գործով առանցքային վկա Գարեգին Սայադյանը դատարանում ցուցմունք կտա հաջորդ նիստին:

please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG