Մատչելիության հղումներ

Լեզուն ազդում է... բարեկեցության վրա


«Ես քեզ սիրում եմ» պատը Փարիզում, որի վրա սիրո խոստովանությունը գրված է աշխարհի 311 լեզուներով եւ բարբառներով
«Ես քեզ սիրում եմ» պատը Փարիզում, որի վրա սիրո խոստովանությունը գրված է աշխարհի 311 լեզուներով եւ բարբառներով
Բազմաթիվ տարածված կարծատիպեր կան լեզուների վերաբերյալ, մասնավորապես` ֆրանսերենը համարվում է ռոմանտիկ, գերմաներենը` կանոնակարգված լեզու, սակայն Յեյլի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Կիթ Չենի նոր հետազոտությունը եզրակացնում է, որ լեզուն նաեւ ազդեցություն ունի մարդու բարեկեցության, տնտեսելու հատկության, անգամ` ֆիզիկական ակտիվության ու ծխելու սովորության վրա:

Նրա հետազոտության համաձայն, ողջ խնդիրն այն է, թե ինչպես է տվյալ լեզվով խոսող մարդը կազմում ապառնի ժամանակը։

Առանձին բառաձեւով արտահայտված ապառնի ժամանակ չունեցող լեզուների, ասենք` գերմաներենի, ճապոներենի, էստոներենի կրողները ավելի տնտեսող են, 26 տոկոսով ավելի քիչ են ծխում, եւ նրանց գիրանալու հավանականությունը 13 տոկոսով ավելի պակաս է:

Իր հետազոտության համար Չենը հավաքել է տարբեր երկրների տնտեսական, սոցիալական, առողջապահական տվյալները եւ համեմատել այդ երկրներում տարածված լեզուների քերականական ձեւերի հետ:

Նա զարմանալի բացահայտում է արել, ըստ որի` ապառնի ժամանակը ներկայով ձեւակերպող ժողովուրդները ավելի խնայող են, տնտեսապես ավելի բարեկեցիկ պայմաններում են եւ ավելի շատ են հետեւում իրենց առողջությանը, քան այն երկրներում, որտեղ ապառնի ժամանակի մասին խոսելիս հատուկ առանձին բառաձեւ են օգտագործում:

Չենը լեզվի եւ տնտեսական վիճակի այս կապը բացատրում է հոգեբանական հանգամանքով. այն երկրներում, որտեղ ապառնի ժամանակը հստակ չէ, ապագային վերաբերվում են որպես ներկայի եւ, հետեւաբար, ավելի լավ են պլանավորում, մինչդեռ ուժեղ ապառնի ունեցող լեզուների կրողները ապագային վերաբերվում են որպես հեռավոր մի ժամանակաշրջանի:

«Ճապոնացիները, չինացիները խնայում են գումարը, գերմանացիները մեծ խնայողների համբավ ունեն, սկանդինավյան երկրները` նույնպես։ Այս բոլոր ժողովուրդների լեզուներում ապառնին առանձին ժամանակաձեւ չունի, եւ սա առաջին գործոնն էր, որ ինձ հետաքրքրեց: Գուցե այն հանգամանքը, որ ձեր լեզուն ձեզ չի ստիպում տարբեր կերպ մտածել ներկայի եւ ապագայի մասին, հեշտացնում է ձեր գործը ապագան պլանավորելու հարցում, քանի որ այն ընկալվում է շատ մոտիկ` ներկայի նման», - ասել է գիտնականը։

Լեզվաբանների շրջանում այս տեսությունը քննարկումների եւ բուռն վեճերի առիթ է հանդիսացել, եւ շատերը չեն համաձայնում Չենի եզրակացություններին:

Օրինակ, Ջուլի Սեդեւեն, ով լեզվաբանություն եւ հոգեբանություն է դասավանդում Կանադայի Կալգարիի համալսարանում, ասում է, որ այս հետազոտությունները իրականում չեն ապացուցում, թե որեւէ կապ գոյություն ունի լեզվի եւ մարդկանց պահվածքի միջեւ:

«Մենք որոշակի տպավորություն ունենք տարբեր լեզուներից, որ, ասենք, որոշ լեզուներ ավելի տրամաբանական են կամ կանոնակարգված, կամ ավելի ռոմանտիկ են եւ այլն, սակայն սրանք լոկ ասոցիացիաներ են, որոնք մեզ մոտ առաջանում են հիմնականում այդ լեզուն կրող մարդկանց հետ շփումներում, այլ ոչ թե կոնկրետ մեխանիզմներ, որ գոյություն ունեն լեզուներում», - ընդգծել է Սեդեւեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG