Մատչելիության հղումներ

Կոնգրեսի համամասնական ցուցակը ներկայացվեց ԿԸՀ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 119 հոգանոց համամասնական ցուցակը, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում է Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակի երկրորդ տեղում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, երրորդում` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը։ Տասնյակը եզրափակում է Խաչատուր Սուքիասյանը (դեռ հայտնի չէ, արդյո՞ք ԿԸՀ-ն նրա փաստաթղթերը բավարար կհամարի՝ գրանցումը հաստատելու համար)։

Երկրորդ տասնյակում են Մանուշակ Պետրոսյանը, Սարիբեկ Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ստեփան Մինասյանը, Զոյա Թադեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Մակեյանը, Վահագն Խաչատրյանը։ 20-րդ տեղում Հովհաննես Հովհաննիսյանն է։

Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանն ու Ավետիս Ավագյանը երրորդ տասնյակում են։

ՀԱԿ ցուցակում կան նաեւ արվեստագետներ։ Նրանցից են գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը (60-րդ տեղում) եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, բեմադրիչ Երվանդ Մանարյանը (61-րդ տեղում)։

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցուցակը կազմել է ՀԱԿ քաղխորհրդի անդամ կուսակցությունների մշակած համատեղ սկզբունքների հիման վրա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ համամասնական ցուցակի 10-րդ եւ 12-րդ հորիզոնականներում գործարար Խաչատուր Սուքիասյանի եւ նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանի ընդգրկմանը, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դա Կոնգրեսի եւ Սուքիասյանների համատեղ «պլանն է»՝ Խաչատուր Սուքիասյանին առաջադրվելու իրավունքից զրկելու «ապօրինի քայլերի դեմ»։

«Եթե Խաչատուր Սուքիասյանը հաստատվի որպես թեկնածու, բնականաբար Սարիբեկ Սուքիասյանը դուրս կգա ցուցակից: Եթե Խաչատուր Սուքիասյանը չհաստատվի, եւ նրան չճանաչեն թեկնածու, բոլորը մի տողով առաջ կգան եւ Սարիբեկ Սուքիասյանը կհայտնվի 11-րդ տեղում», - պարզաբանեց նա:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց Լեւոն Զուրաբյանից ճշտել` արդյոք ցուցակը արժանացել է Կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունների հավանությանը։ Հիշեցնենք՝ ՀԱԿ-ը ամենաուշը հրապարակեց իր ցուցակը, եւ օրենքով սահմանված վերջնաժամկետից ընդամենը մեկ ժամ առաջ ներկայացրեց ԿՀԸ։

«Կարելի էր ասել, որ ուշ է հրապարակվել, եթե մենք հրապարակեինք օրենքով սահմանված ժամկետից ուշ: Քանի որ դա տեղի չի ունեցել, ես չեմ համարում, որ մենք ուշ ենք հրապարակել ցուցակը: Իսկ ինչ վերաբերում է քաղխորհրդի անդամ կուսակցությունների հավանությանը` ՀՀ օրենքների համաձայն ցուցակը պետք է արժանանա ընտրական դաշինք կազմող կուսակցությունների համաձայնությանը», - նշեց ՀԱԿ համակարգողը:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրումներին՝ ՀԱԿ-ը 38 մեծամասնական թեկնածուներ է առաջադրել։ Նրանց թվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ անդամներ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը, Սասուն Միքայելյանը, Վարդան Ջհանգիրյանը, Մկրտիչ Սափեյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլոք։

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսօր է ներկայացրել փաստաթղթերը եւ մրցելու է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ թիվ 7 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցին, թե՝ մրցունակ համարում է իրենց համամասնական ցուցակն ու ՀԱԿ-ը ի՞նչ ներկայություն է ակնկալում ապագա խորհրդարանում, Լեւոն Զուրաբյանը այսպես պատասխանեց. - «Եթե անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ, մենք որեւէ կասկած չունենք, որ պառլամենտում մեծամասնություն ենք կազմելու, եթե ոչ բացարձակ, գոնե` հարաբերական»:

please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG