Մատչելիության հղումներ

Կառավարությունն անդրադարձավ գյուղատնտեսական պատվաստանյութերի որակին


Հայատանի կառավարությունն այսօր հաստատեց 2012-2014 թվականների անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների եւ ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը։

Փաստաթղթում ասվում է, որ ելնելով հարեւան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային եւ հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» օրենքով, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու եւ պահպանելու նպատակով ամեն տարի իրականացվում են հակաանասնահամաճարակային միջոցառումներ: Գյուղնախարարության տվյալներով` վերջին երեք տարիների ընթացքում պետական պատվերի շրջանակներում իրականացված պատվաստումների արդյունքում ինֆեկցիոն հիվանդություններ չեն արձանագրվել:

Երբ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացնում էր ծրագիրը, վարչապետը հայտարարեց, որ Արմավիրի մարզում գյուղացիները դժգոհել են ներմուծված գյուղատնտեսական պատվաստանյութերի որակից: Վարչապետը գյուղնախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերահսկվում պատվաստանյութերի որակը:

«Երբ գյուղացիները հարց են բարձրացնում, դա այդքան էլ չի համապատասխանում ճշմարտությանը, որովհետեւ բոլոր մարզերում արդեն անցյալ տարի կատարվել է վակցինացիա, այս տարի արդեն երկու ամիս սկսել ենք վակցինացիան, եւ ընդհանրապես բողոքներ չկան: Արդյունքները բավարար են այնքանով, որ մենք մասսայական համաճարակներ չենք ունեցել», - պատասխանեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարի խոսքով` պատվաստանյութերի որակի ստուգման համար երկու տարբերակ կա. - «Մենք կամ պետք է ունենանք համապատասխան լաբորատորիա, որտեղ ստուգման կենթարկենք պատվաստանյութերը, դրա հնարավորությունը չունենք, կամ էլ պետք է ուղարկենք եվրոպական երկրներ փորձաքննության: Դա չի կատարվում, մինչեւ այսօր չի կատարվել, դա թանկ հաճույք է: Մենք պատվաստանյութերը հիմնականում ձեռք ենք բերում այն արտադրող կազմակերպություններից, որոնք եվրոպական լիցենզիա եւ իրենց արտադրանքի որակը հավաստող փաստաթղթեր ունեն», - ասաց նախարարը:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ կարելի է գոնե 1-2 անգամ պատվաստանյութն ուղարկել ստուգման:

Գործադիրն այսօրվա նիստում անդրադարձավ նաեւ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտային պարարտանյութ եւ դիզվառելիք մատակարարելու ժամկետներին:

«Հաշվի առնելով մատակարարման գործում ծագած անկանխատեսելի խնդիրները եւ բաշխման գործընթացների աշխատատարությունը` առաջարկում եմ համայնքներին պարարտանյութի եւ վառելանյութի մատակարարման համար սահմանված ժամկետային սահմանափակումները հանել», - առաջարկեց Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարի առաջարկն առանց առարկությունների ընդունվեց:

Հիշեցնենք` կառավարության ծրագրով մատչելի գներով պարարտանյութ եւ դիզելային վառելիք է տրամադրվում Հայաստանի մարզերի բոլոր համայնքներին նախապես կազմված ցուցակների համաձայն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակչներ մտահոգություն էին հայտնել կապված մատչելի գնով դիզելային վառելիքի մատակարարման հետ: Գյուղացիներն ասում էին, որ չունեն համապատասխան տարաներ դիզվառելիքը պահեստավորելու համար: Արարատի մարզպետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ դիզելային վառելիքի սպառման տոկոսը կլինի նախատեսվածից ցածր:

please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG