Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանի մրցակիցը ԲՀԿ-ի ներկայացուցիչ է


Սասուն Միքայելյանը պարտությունից հետո չի հուսահատվել
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով երեք տարի կալանավայրում անցկացրած Սասուն Միքայելյանը չի հուսահատվել Հրազդանի քաղաքապետի փետրվարի 12-ի ընտրությունների արդյունքներից եւ հենց նույն` թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել:

Քաղաքապետի ընտրություններում, հիշեցնենք, իշխող Հանրապետականի թեկնածու Արամ Դանիելյանը ընդամենը 1573 ձայնով առավելության հասավ Սասուն Միքայելյանի նկատմամբ: Միքայելյանի թիմը, վստահված անձինք ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեղի ունեցածը որակեցին «ընտրագողություն»` հայտարարելով, որ այդ առավելությունն ապահովվել է իշխանությունների համատարած ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի հաշվին:

Սասուն Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «իր պայքարից հետ չի քաշվելու» եւ իր համար նշանակություն չունի, թե ովքեր են իր մրցակիցները թիվ 25 ընտրատարածքում:

«Ես նորից պայքարում եմ, ես չեմ հուսահատվել: Իսկ ինչո՞ւ չպետք է պայքարեմ, առանց այդ էլ դաշտը լրիվ վերցրել են իրենց` իրենց խաբեբայությամբ, մարդկանց ահաբեկելով, հիմա ես ետ քաշվե՞մ իմ պայքարից… պայքարելու եմ մինչեւ վերջ, մինչեւ իշխանափոխություն լինի», - ասաց Միքայելյանը:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սասուն Միքայելյանը թիվ 25 ընտրատարածքում մրցելու է արդեն ոչ թե իշխող Հանրապետական կուսակցության, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մեծամասնական թեկնածուի հետ: Այս պահի դրությամբ այստեղ առաջադրված է ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցի քաղխորհրդի անդամ Դավիթ Քոչարյանը: Թեեւ առաջադրումների վերջնաժամկետը մարտի 22-ն է, սակայն Հանրապետականի մեծամասնականով առաջադրումների ցանկում այս ընտրատարածքը չկա: Սասուն Միքայելյանի կարծիքով` այստեղ լավագույնս կերեւա, թե որքանով է ԲՀԿ-ն հավատարիմ խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու անհրաժեշտության մասին իր հայտարարություններին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, կուսակցության շաբաթ օրը կայացած համագումարում հայտարարեց, որ իրենք անելու են հնարավորը ընտրողի քվեն եւ իրավունքը պաշտպանելու համար եւ «հանուն ազատ եւ արդար ընտրությունների պայքարելու պատրաստ բոլոր քաղաքական ուժերին համարում են իրենց դաշնակիցներն ու գործընկերները»:

«Պարզվում է` մենք դաշնակից ենք», - ծիծաղում է Միքայելյանը. - «Ժամանակը ցույց կտա. ես պատրաստ եմ արդար ընտրության գնալու, պրոբլեմ չունեմ, ի՞նչ կապ ունի, որ կուսակցությունից է, կարեւորը իրենք էլ գիտակցեն, եւ գնանք արդար ընտրության»:

Հարցին, թե արդյո՞ք իրեն չեն կաշկանդում մարզում Գագիկ Ծառուկյանի ունեցած լծակներն ու ազդեցությունը, Միքայելյանը պատասխանեց. - «Եթե Հանրապետականը ամբողջ իշխանական լծակներով ինձ չի կաշկանդել, Ծառուկյանի հետ ես ի՞նչ պրոբլեմ ունեմ»:

Սասուն Միքայելյանի մրցակից Դավիթ Քոչարյանը ԲՀԿ գործող պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Մխիթար Հարությունյանի ազգականն է: Մխիթար Հարությունյանը, հիշեցնենք, 2009-ի դեկտեմբերին այս նույն ընտրատարածքից էր ընտրվել պատգամավորի լրացուցիչ ընտրություններում, երբ մարտիմեկյան իրադարձություններից հետո ընտրատարածքի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

«Դավիթ Քոչարյանի առաջադրվելը պայմանավորված չէ մեր ազգակցական կապով, նա մշտապես հասարակական ակտիվ գործունեություն է ունեցել, քաղաքական գործունեությամբ նույնպես զբաղվել է», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց Մխիթար Հարությունյանը` հավելելով, որ ինքը մեծամասնականով չի առաջադրվելու եւ համոզմունք հայտնեց, որ իր անունը կլինի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում կլինի:

Հարությունյանն ասաց, որ ընտրատարածքում «ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու բոլոր նախապայմանները կան, քանի որ ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը պետության շահից է բխում»: Հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ մայիսի 6-ին չի կրկնվի Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախադեպը, երբ ընդդիմությունն ահազանգեց զանգվածային ընտրակաշառքների մասին, Հարությունյանը պատասխանեց. - «Միշտ չէ, որ ահազանգումները համապատասխանում են իրականությանը: Մանավանդ լրատվամիջոցների հետ պրոֆեսիոնալ աշխատելու ընդունակություն ունեցող քաղաքական գործիչները փուշը գերան դարձնելու մեծ վարպետություն ունեն, եւ կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչ իրար հետ համեմատել եւ նմանեցնել: Կարծում եմ, նախապայմաններ կան, եւ կլինեն ազատ եւ արդար ընտրություններ»:

Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս ընտրատարածքում Հանրապետականը որեւէ թեկնածուի չի աջակցելու, ոչ էլ ինքն է որպես մարզպետ իր ռեսուրսներն օգտագործելու կոալիցիոն գործընկերոջ թեկնածուի համար:

«Մենք մեր ռեսուրսները օգտագործելու ենք միայն եւ միայն Հանրապետական կուսակցության համար», - ասաց նա:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցվա՞ծ էր այս ընտրատարածքում հանրապետականի թեկնածու չառաջադրելը, Շահգալդյանը պատասխանեց. - «Ես որեւէ պայմանավորվածություն որեւէ մեկի հետ չունեմ»:

please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG