Մատչելիության հղումներ

Ուսանողներին աջակցելու պատրաստակամությո՞ւն, թե՞ քարոզարշավ


Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի 1-ին եւ 2-րդ կուրսերի վճարովի համակարգում սովորող 750 ուսանողների: Կրթաթոշակ հատկացնելու համար կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը (ՀՀԿ) նշեց, որ իրենց դիմել էին 1800 ուսանողներ, սակայն իրենք ընտրել են բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով երիտասարդների:

Հարցին, թե արդյոք նախորդ տարիներին էլ հիմնադրամը նույն ակտիվությամբ կրթաթոշակներ էր բաժանում երիտասարդներին եւ արդյոք սա քարոզարշավ չէ, պատգամավորը պատասխանեց. - «Որեւէ նախընտրական քարոզարշավի տարր չէ սա, նախորդ տարի եւս այսքան գումար է տրվել, նույն չափանիշներով մրցույթ իրականացվել»:

Կրթաթոշակների հավաստագրերը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարեց գործընթացը դարձնել շարունակական: Կրթությունը, ըստ նրա, շարունակելու է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում որպես գերակա խնդիր:

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանից ընդգրկված է 118 ուսանող, նրանց ընտրությանը մասնակցել է նաեւ ուսխորհուրը, իսկ կուսակցական պատկանելիությունը բացարձակապես կապ չի ունեցել ընտրության ժամանակ: Ըստ նրա, եթե այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա, ուրեմն շատ լավ է. - «Ամեն դեպքում ուսանողներն են օգտվում, եթե նույնիսկ կա, չնայած ես չեմ նկատում: Լավ է, որ ուսանողին գումար է տրվում, որպեսզի նա կարողանա լուծել սոցիալական խնդիրները»:

Երիտասարդներից ոմանք կարծում են, որ սա պարզապես աջակցություն է կառավարության կողմից, իսկ ոմանք այնուամենայնիվ չեն բացառում, որ սա պարզապես նախընտական քարոզարշավ է:

Դեռ 2011-ի նոյեմբերին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետական բուհերի ռեկտորներին արգելել էր համագործակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել էր, որ պետական բուհերում անվանական կրթաթոշակների ներմուծումը կատարվում է միայն պետական մարմնի ղեկավարության թույլտվությամբ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ 2006 թվականից իրենք աշխատել են բուհերի հետ եւ դրանց ղեկավարների միջոցով կրթաթոշակներ բաժանել ուսանողներին, եւ միայն անցյալ տարվա վերջին խնդիր առաջացավ:

«Մեզ համար այնքան գործառույթը չէ կարեւոր, որքան երեւույթը, որ կարողանանք ուսանողներին օգտակար լինել, իսկ եթե հետեւենք նախարարի ասածին` մենք ուրեմն իրեն չպետք է դիմենք, այլ վարչապետին, որպես կառավարության ղեկավարին ինքը արդեն հանձնարարականը տա», - ասաց Էնֆիաջյանը:

Վերջում նա հավելեց, որ դեպքից հետո եւս կրթաթոշակներ են տրամադրել ուսանողներին:
XS
SM
MD
LG