Մատչելիության հղումներ

Հակոբյանը «անարդար» է համարում համամասնական ցուցակը


Կարինե Հակոբյան
Կարինե Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին քարտուղար Կարինե Հակոբյանի ներկայացմամբ, կիրակի օրը հրապարակված «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ համամասնական ցուցակը անարդար է:

Հակոբյանի խոսքով` «Ժառանգության» մասով ցուցակը կազմել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` իր խորհրդատուների, մասնավորապես, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի եւ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ միասին:

Հիշեցնենք` «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» համամասնական համատեղ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդը «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, որին հաջորդում են Զարուհի Փոստանջյանը, նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, անկուսակցական, ՄԶՄԿ-ի նախագահ Թեւան Պողոսյանը, նախկին փոխոստիկանապետ, «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Մասիս Այվազյանը, Ստյոպա Սաֆարյանը, անկուսակցական, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, անկուսակցական, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արման Մուշեղյանը։ Ցուցակի առաջին 25 տեղերում են նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար անդամ, գրականագետ Անուշ Սեդրակյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, անկուսակցական, ռադիոլրագրող Արաքս Պողոսյանը, անկուսակցական, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ, տնտեսա-աշխարհագրագետ Հովսեփ Խուրշուդյանը, անկուսակցական, պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ այլ գործիչներ։

«Անարդար էր նրանով, որ յուրաքանչյուրը իր անվան, կենսագրության, գիտելիքների հիման վրա պետք է տեղ ունենա», - երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց Հակոբյանը` շարունակելով. - «[Համամասնական ցուցակը] շատ անակնկալ էր ինձ համար, վարչության անդամների համար` եւս, անակնկալ էր առանց բացառության բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չէին ցուցակին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մինչ ցուցակի հրապարակումը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները տեղյակ չեն եղե՞լ դրա բովանդակությունից, Հակոբյանը պատասխանեց` այո:

Կարինե Հակոբյանը տեղեկացրեց, որ ինքը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից, եւ պատճառն էլ հենց համամասնական ցուցակի կազմման եղանակն էր: Ըստ Հակոբյանի՝ «Ժառանգության» վարչությունից ինքը միակը չէր, ով դժգոհեց ցուցակից:

«Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ եւ նրանց տարբերությունն այն է, որ նրանցից շատերը հայտնի են դարձել հասարակությանը շնորհիվ «ժառանգության», շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ նրանք այսօր անկախ չեն իրենց քայլերի մեջ», - ասաց նա՝ անդրադառնալով նաեւ Լարիսա Ալավերդյանի՝ ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարությանը. - «Վարչության նիստի ժամանակ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս ընտրապայքարից՝ ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական: Ես կարծում եմ, որ [նրա որոշման հարցում] ցուցակի տրամաբանությունը դեր է ունեցել»:

Մեկնաբանելով Կարինե Հակոբյանի հայտարարությունները՝ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «վարչության նիստում ցուցակը երկու անգամ բավականին մանրամասն քննարկվել է»:

«Բացարձակ անակնկալ չէր: Վարչության նիստում, բնականաբար, վարչության նախագահը ներկայացնում է իր մոտեցումները, բայց ներկայացվում է քննարկելու համար, եւ քննարկվել է երկու նիստերի ընթացքում: Ահագին փոփոխություններ են կատարվել քննարկումների արդյունքում», - ասաց Հակոբյանը:

«Այնուհետեւ վարչությունը այդ ցուցակը ներկայացրել է խորհրդի նիստին», - շարունակեց Հակոբյանը. - «Շատ ավելի մասշտաբային, շատ ավելի լայնածավալ քննարկում է եղել նաեւ խորհրդի նիստում, որի արդյունքում ծնվել է վերջնական ցուցակը: Պետք է նշեմ, որ առանց «դեմի» է ընդունվել ցուցակը»:

Անդրադառնալով Լարիսա Ալավերդյանին՝ Հակոբյանն ասաց. - «Տիկին Կարինե Հակոբյանը թող միայն իր անունից խոսի, որովհետեւ ի վերջո Լարիսա Ալավերդյանը մեր լավագույն կին քաղաքական գործիչներից է, եւ ինքը ցանկություն է հայտնել, որ ցուցակում 41-րդը լինի եւ մասնակցելու է մեր ընտրապայքարին եւ պայքարելու է, ինչպես միշտ է պայքարել»:

Նա նաեւ հավելեց, թե «անբնական կլիներ, եթե ցուցակի ընդունման ժամանակ դժգոհություններ չլինեին»:

Այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով ձեւավորվեց ցուցակը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Ասեմ, որ երկու տարի շարունակ ասել ենք, որ պետք է կարողանալ լայն ճակատ ստեղծել գաղափարաքաղակական ընդհանրություններ ունեցող ուժերի եւ հասարակական սեկտորում քաղաքացիական նախաձեռնություններում, հկ-ներում եղած ուժերի հետ միասին, եւ մենք այս սկզբունքից ելնելով ենք ձեւավորել ցուցակը»:

Ի դեպ, լրատվամիջոցներում այսօր տեղեկություն տարածվեց, թե հրապարակված համատեղ համամասնական ցուցակի առնչությամբ տարաձայնություններ են ի հայտ եկել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունում: Կուսակցության մամուլի պատասխանատու Անժելա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե երեկ երեկոյան ցուցակի կապակցությամբ վարչությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ դժգոհություններ են եղել: Խաչատրյանը, սակայն, չմանրամասնեց, թե «Ազատ դեմոկրատների» վարչության անդամներից ովքեր են դժգոհել ցուցակից, թեեւ լրատվամիջոցները գրում են Արարատ Զուրաբյանի մասին:

«Պարզ է, որ կլինեին դժգոհություններ, դիտարկումներ... նորմալ եմ գնահատում դա, բայց վարչությունը ձայների մեծամասնությամբ հաստատել է ցուցակը», - ասաց Խաչատրյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG