Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հաստատեց իր համամասնական ցուցակը


Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի նախագահությունը, 10-ը մարտի, 2012թ.
Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի նախագահությունը, 10-ը մարտի, 2012թ.
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը կիրակի օրը կայացած նիստում հաստատեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը։

250-հոգանոց ցուցակը գլխավորում է Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Ցուցակի երկրորդ տեղում Ազգային ժողովի նախկին նախագահ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է, որին հաջորդում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, տասնյակը եզրափակում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Երկրորդ տասնյակում են, հաջորդաբար, Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Ցուցակում են բոլոր հանրապետական նախարարները եւ մարզպետները, ինչպես նաեւ նախկին լրագրող, օրերս կուսակցությանը անդամակցած Մարգարիտ Եսայանը, ՄԻԱԿ կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը եւ այլ գործիչներ։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված կուսակցության ցուցակում նման մեծ թվով գործիչների ներգրավումը, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ սա ցույց է տալիս, թե որքան ազդեցիկ է այսօր ՀՀԿ-ն, որի անդամները ընդգրկված են պետական կառավարման բոլոր օղակներում։

«Անկախ ցուցակի կազմից՝ Հանրապետականը ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, եւ մայիսի 6-ի ընտրություններից հետո դրանում կհամոզվեն մեր ե՛ւ կոալիցիոն գործընկերները, ե՛ւ ընդդիմադիր գործընկերները», - ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG