Մատչելիության հղումներ

Ուսանողների ժամանցի կազմակերպումը բուհերում


Ապահովո՞ւմ են արդյոք մեր բուհերը ուսանողների ժամանցը: Երեւանի պետական համալսարանում, օրինակ, ուսանողների ժամանցի հարցով զբաղվում է Մշակույթի կենտրոնը, իսկ Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ ուսանողական խորհրդարանի մշակույթի եւ ազատ ժամանցի հանձնաժողովը:

2006 թվականի հունիսին Երեւանի պետական համալսարանում կազմավորվել է Մշակույթի կենտրոնը:
2005 թվականին շրջանավարտների միավորման նախագահը հրավիրեց Կարինե Դավթյանին եւ վստահեց ուսանողական թատրոնի ստեղծումը:

«Այն ժամանակ ԵՊՀ-ի դահլիճը գոյություն չուներ: Միակ պայմանը, որ ես դրեցի իմ գալուց առաջ, այն եղավ, որ բեմ լիներ՝ ներկայացումը դնելու բեմ, վարագույր, կուլիս: Ցանկություն կար անելու՝ արեցին: 2005 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ թատրոնի առաջին բեմադրությունը», - ասաց Դավթյանը:

Բացի թատրոն-ստուդիայից, Մշակույթի կենտրոնն իր մեջ է ներառում աղջիկների ու տղաների պարային համույթները, երգչախումբը, կամերային նվագախումբը, մեներգիչների խումբը, երիտասարդ գրական ստեղծագործողների, նաեւ ուրախների ու հնարամիտների ակումբը:

Ժամանակ առ ժամանակ կենտրոնը կազմակերպում է նաեւ հյուրախաղեր Հայաստանի մարզերում, Արցախում եւ սփյուռքի հայկական համայնքներում:

Երեւանի պետական բժշկական համալսարանում 1995 թվականի նոյեմբերին ուսանողական խորհրդարանի նիստը կանոնադրական որոշում կայացրեց հիմնադրել մշակույթի եւ ազատ ժամանցի հանձնաժողով: Տարեցտարի իրականացվող միջոցառումները նպաստեցին հանձնաժողովի ներսում առանձին ստորաբաժանումների կազմավորմանը:

Ուսանողական խորհրդարանի մշակույթի եւ ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանի խոսքով՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի մշակույթի եւ ազատ ժամանցի հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնցից են՝ «Ուսանողական գարուն» եւ «Ոսկե աշուն» փառատոնները:

«Ամեն տարի ունենք կոնկրետ ծրագրեր, կան նաեւ մշտական միջոցառումներ, ամենամյա: Այս տարի ուսանողական խորհրդի 20-ամյակն ենք նշում: Կազմակերպել ենք միջոցառում՝ բանակի 20-ամյակին նվիրված, հրավիրված էին մեր ուսանողությունը եւ էստրադային, ազգային երգիչները, միջոցառումը նվիրված էր նաեւ մեր զոհված բժիշկներին», - նշեց Տիգրանը:

Ինչպես պարզեցինք, ԵՊԲՀ-ի ուսանողները նույնիսկ եթե ներգրավված չեն նման միջոցառումների մեջ եւ չեն մասնակցում դրանց, այնուամենայնիվ տեղյակ են ու մեծ հպարտությամբ են նշում իրենց բուհում մշակութային խմբակների ու միջոցառումների առկայության մասին:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողները, սակայն, այդքան էլ տեղյակ չեն իրենց համալսարանում ժամանցային միջոցառումների ու խմբակների մասին, մինչդեռ, որոշ խմբակներ, այնուամենայնիվ կան:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի պատասխանատու Հայկ Սարգսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ ուսանողական խորհուրդն ավելի շատ հարկ է համարում զբաղվել ուսանողների սոցիալական խնդիրներով. գուցե այդ պատճառով մշակութային միջոցառումներն այդքան մեծ տարածում չունեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG