Մատչելիության հղումներ

Մարտի 15-ի մամուլ


«Երկիր» օրաթերթը, անդրադառնալով նախարարներ Հրայր Թովմասյանի ու Վաչե Գաբրիելյանի` ՀՀԿ-ին անդամակցելու փաստին, գրում է. - «Եթե դա ՀՀԿ-ից եկած հրահանգ է, ապա իշխող այս կուսակցությունը վերջնականապես համոզում է, որ իր համար պետական կառավարման ոլորտում կուսակցական կրծքանշանի առկայությունն ավելի կարեւոր է, քան անհատն իր մարդկային ու մասնագիտական որակներով։ Եթե վերջիններս անդամակցում են համոզմունքներից ելնելով, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ դա չէին անում մինչեւ նախարար դառնալը, երբ պահպանողական նժդեհականությունը հեգեմոնիա ուներ արդեն 13 տարի շարունակ։ Իսկ եթե այս քայլը իրենց ապագայի հետ կապված պրագմատիկ հաշվարկների արդյունք է, ապա նրանք անուղղակիորեն հաստատում են, որ Հայաստանում ստատուս ձեռք բերելու, անձնական բարեկեցություն ապահովելու կամ թեկուզ «ազատ» ինքնադրսեւորման հնարավորություն ունենալու միակ «ճիշտ» տարբերակը իշխանական մեծամասնության մաս դառնալն է»:

«Առավոտ»-ը հետեւյալ հարցն է ուղղել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանին. - «Արդյոք այս կուսակցությունում էլ զանգվածային անդամակցության գործընթաց կա՞, թե՞ ոչ, եւ արդյոք ՀՅԴ համամասնական ցուցակում մեր հանրությանը հայտնի երգիչ կամ «դի ջեյներ» լինելո՞ւ են»: Սեյրանյանի պատասխանը. - «Մեր կուսակցության մասնակցությամբ նախկին որեւէ ընտրությունների փորձն ու պատմությունը բոլորին հայտնի է. ընտրություններից առաջ նմանատիպ երեւույթներ, գոնե մեր կուսակցության պարագայում չեն եղել: Ես չեմ էլ կարծում, որ քաղաքական կուսակցությունն ընտրություններից առաջ պետք է իր գաղափարները տարածելու կամ քարոզչության խաղադրույքը, եթե կարելի է տվյալ դեպքում այս տերմինն օգտագործել, դնի երգիչների, երգչուհիների կամ արվեստի մյուս ճյուղերի իմ կողմից հարգված ներկայացուցիչների վրա: Եթե այս կամ այն արվեստագետն ունի քաղաքական կամ գաղափարական որոշակի հակվածություն կամ նախասիրություն՝ նա կամ այդ կուսակցության անդամը կամ համակիրն է լինում, եւ ընտրություններից առաջ չէ, որ այդ համակրանքը կամ անդամակցության պահանջը սրվում կամ չի սրվում: Մեր կուսակցությունում նման երեւույթ չի նկատվում, եւ անկեղծ ասած՝ այս պահին մեր խնդիրների ու աշխատանքային գործընթացի մեջ դա չէ, որ կարեւորվում է, որ դրան էլ ուշադրություն դարձնեինք»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: Հարց. - «Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ չի բացառում ակտիվ քաղաքականություն իր վերադառնալը, բայց արդեն 6 ամիս է անցել, առավել եւս` խորհրդարանական ընտրությունների փուլ ենք մտնում, ու ինքը մինչեւ հիմա ոչինչ չի ասել: Մի՞թե սա նշանակում է, որ նա արձանագրել է, որ իր վերադառնալու պահանջարկը չկա»: Սողոմոնյանի պատասխանը. - «Ես կարծում եմ, ուղղակի դեռ ասելու ժամանակը չի եկել, դեռ խոսելու ժամանակը կգա այդ թեմայով, վստահ եմ»: Հարց. - «Ե՞րբ, այս խորհրդարանական ընտրություններից առա՞ջ»: Պատասխան. - «Ես չեմ կարող հստակ ժամանակ մատնանշել, բայց վստահ եմ, որ խոսելու է: Կարող եմ ենթադրել միայն, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները կխոսի, հարցազրույց կլինի, թե հայտարարություն, հիմա դժվարանում եմ ասել»: Հարց. - «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ նրան ԲՀԿ համագումարին մասնակցելու հրավեր չի ուղարկվել»: Պատասխան. - «Ես տարբեր լրատվամիջոցներում կարդացել եմ այդ թեմայի հետ կապված հրապարակումներ, մի հանգամանք ուղղակի բոլորը բաց են թողնում. չեք կարող մատնանշել որեւէ մի համագումար, որին Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է, չի եղել նման դեպք ո'չ Լեռնային Ղարաբաղում, որտեղ նախագահ է եղել, ո'չ Հայաստանի Հանրապետությունում, ո'չ վարչապետ եղած ժամանակ, ո'չ տասը տարվա նախագահության ընթացքում: Ես, համենայն դեպս, չեմ հիշում: Այսինքն` մարդու, որը որեւէ համագումարի չի մասնակցել երբեւէ, կարծում եմ` հրավիրելու-չհրավիրելու խնդիրը արդեն իսկ ակտուալ չէ»: Հարց. - «Պնդումներ կան, որ ԲՀԿ-ի հետ կապված նրա պլանները ձախողվել են: Համաձա՞յն եք»: Պատասխան. - «Ես տարբեր մեկնաբանություններ եմ կարդացել: Կարծում եմ` անշնորհակալ գործ կլինի, երբ սկսեմ մեկնաբանությունները մեկնաբանել: Ցավում եմ, բայց վերջին շրջանում, բացի այսպես կոչված հավաստի աղբյուրներից, շատ հավաստի աղբյուրներից, շրջանառվող լուրերից, որեւէ լուրջ բան տեսնելը շատ դժվար է, դրա համար ես զերծ կմնամ մեկնաբանությունից, մեկնաբանության մեկնաբանությունից` առավել եւս»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Զարմանալի է, բայց ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունների առջեւ ծառացած են այն նույն խնդիրները, ինչ որ անտիկ Հունաստանում եւ միջնադարյան Իտալիայում։ Մարդկային էությունը չի փոխվում, եւ որքան ավելի հարուստ են քաղաքացիները, այնքան կայուն է նրանց կառավարման եղանակը, որքան մեծ թվով աղքատներ ձայնի իրավունք ունեն, այնքան մեծ է սեփականության վերաբաշխման եւ բռնապետի իշխանության գալու հավանականությունը»։

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG