Մատչելիության հղումներ

Աշակերտները հարցեր կհղեն պատկան մարմիններին


Այսուհետ կգործի ashakert.am կայքէջը, որտեղ դպրոցականները կարող են տեղադրել իրենց հուզող հարցերը, կազմակերպել քննարկումներ եւ այլն:

«Ծրագրի գաղափարը առաջացավ մեկ տարի առաջ: Մտածեցինք, որ կարելի է ստեղծել մի էլեկտրոնային գործիք, որով կարելի է համախմբել Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտական խորհուրդներին», - կայքէջի շնորհանդեսին այսօր ասաց «Երիտասարդական նվաճումներ» կազմակերպության փոխնախագահ Անդրանիկ Մարտիրոսյանը:

«Ընտրվեց 30 դպրոց եւ կազմակերպեցինք ուսուցողական վարժանքներ, տնօրենների եւ աշակերտների հետ հանդիպումներ, նաեւ պետական մարմինների հետ քննարկել ենք կառուցվածքը եւ բոլոր հնարավորությունները, որ կարող է ընձեռնել այս կայքը: Արդյունքում ստացել են այն, ինչ ունենք այսօր», - հավելեց Մարտիրոսյանը:

Նախաձեռնողները նպատակ ունեն աշակերտների շրջանում ակտիվություն մտցնել, ներգրավել նրանց վերաբերվող բազմաթիվ խնդիրների ու հարցերի քննարկումներին:

184 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւ Միքայելյանը հույս հատնեց, որ ashakert.am-ը կծառայի իր նպատակին:

«Եթե տեղում կանգնենք ու ասենք ոչինչ չի լինում, չի էլ լինի: Այսօր աշակերտական խորհուրդները ակտիվացնելու համար բավականին ջանքեր են պետք: Հուսով եմ, որ ashakert.am-ը կդառնա արյունատար համակարգ, որը կսնուցի ողջ օրգանիզմը», - ասաց Միքայելյանը:

Կայքի շնորհանդեսի ընթացքում Skype-ով ուղիղ միացում եղավ Գյումրու դպրոցներից մեկի աշակերտների հետ: Նրանք ունեին մի քանի հարցեր, որոնցից մեկը տեղադրեցին կայքում հենց այդ պահին, պատասխանը չուշացավ: Հաջորդ հարցը, որ նրանք շուտով կհղեն պատկան մարմիններին, հետեւյալն է. - «Եթե աշակերտը բացակայել է դասից եւ այդ ընթացքում որեւէ դեպք է պատահել, ո՞վ է պատասխանատվություն կրում` ծնողը, տնօրենը, թե ուսուցիչը»:

132 դպրոցի աշակերտուհի Զառա Սարգսյանը նշում է, որ կայքի միջոցով իրենք հնարավորություն ունեն կապ հաստատել մյուս դպրոցներում սովորող իրենց հասակակիցների հետ:

Ashakert.am-ը հնարավորություն է տալիս ֆորումներում տեղադրել դպրոցականներին հետաքրքրող եւ հուզող տեղեկատվություն: Դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներին հնարավորություն է ընձեռնվում տեղադրել դպրոցի պատմությանն առնչվող նյութեր: Աշակերտները հույս հատնեցին, որ սա կխթանի աշակերտների ակտիվությունը:

please wait

No media source currently available

0:00 0:06:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG