Մատչելիության հղումներ

Փորձագետները մեկնաբանում են նախագահի ելույթը


Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարի նախագահությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարի նախագահությունում:
Տնտեսական փորձագետ Սամվել Ավագյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում անդրադառնում են նախագահի վերջին ելույթի տնտեսական հատվածին:

Գնահատելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում` տնտեսական վերլուծաբան Սամվել Ավագյանը անժխտելի է համարում այն իրողությունը, որ վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունը մի շարք քանակական ցուցանիշներով աճ է արձանագրել, ինչը կարելի է պայմանավորել որոշ գործոններով` գնաճ, վարչարարական միջոցների խստացում, ՀՆԱ-ի որոշակի աճ եւ այլն:

Նախագահը իր ելույթում, ի թիվս այլնի, վկայաբերել էր հետեւյալ ցուցանիշները. վերջին 5 տարիներին Կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին 658 միլիարդ դրամ կազմող բյուջեն աճել է մինչեւ 1 տրիլիոն 44 միլիարդ դրամ, միջին ամսական աշխատավարձը 63 հազարից հասել է 115 հազար դրամի, զբաղվածների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է շուրջ 18 հազարով եւ այլն:

«Այս պահին ես այնուամենայնիվ կնախընտրեի շատ չկենտրոնանալ թվային տվյալների վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սամվել Ավագյանը` հիմնավորելով. - «Որովհետեւ մենք արանքում ճգնաժամ ունենք: Այս ճգնաժամային տարվա ընթացքում մենք 3 տարով ետ ենք ընկել: Մենք համեմատում ենք այսօրվա վիճակը 2007 թվականի վիճակի հետ այն պարագայում, երբ մենք այսօր դեռեւս 2008 թվականի մակարդակին ենք… Մենք 2008-ից հետո նոր ենք սկսում աճի փուլ մտնել»:

Ամենահիմնական ընդգծումը նախագահի ելույթում, Ավագյանի կարծիքով, մրցակցության դերի կարեւորումն է. - «Ես վերջին 15 տարում չեմ հիշում, որ երկրի ղեկավարը նման ձեւով առաջնահերթություն հռչակի մրցակցության զարգացումը: Վերջին տարիներին, եթե չեմ սխալվում, սա երկրորդ թե երրորդ դեպքն է, որ երկրի նախագահը բարձր ամբիոնից հայտարարում է փոքր եւ միջին բիզնեսին սատարելու պատրաստակամության մասին: Բայց նաեւ պրակտիկայում էլ քայլեր են իրականացնում, որովհետեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի դերակատարումը էապես բարձրացվել է, արդեն դա նախկին որոշումներ «թխող» մարմինը չէ»:

Դիտարկմանը, թե շատ գնահատումներով չի փոխվել տնտեսության մենաշնորհային բնույթը, տնտեսագետը արձագանքեց. - «Կարելի է ասել, որ կարելի է ավելի արմատական քայլերի գնալ եւ մոնոպոլիաները ջարդել-փշրել եւ այլն… Բայց կարծում եմ, հաշվի առնելով, որ այդ մոնոպոլիաները ձեւավորվել են 15 տարիների ընթացքում, ձեւավորվել են իշխանությունների հետ սերտաճածության պայմաններում, այս պահի դրությամբ ով էլ գա իշխանության, չի գնա մոնոպոլիաները ջարդելու ճանապարհով: Հիմա արվում է այն, ինչ համաձայնեցվում է եվրոպական կառույցների հետ ու հավանության է արժանանում եվրոպական կառույցների կողմից»:

Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանը խորհուրդ է տալիս նախագահի ելույթը գնահատել ոչ թե զուտ տնտեսագիտական, այլ ընդհանուր` մարդկային զարգացման համատեքստում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի ելույթի տնտեսական հատվածը գնահատելով «ծրագրային», որում «նախանշված է երկրի զարգացման ուղեգիծն» ու արձանագրված են մի շարք ուղղություններով եղած ձեռքբերումները` Սարգսյանն առավել կարեւոր է համարում տնտեսության զարգացման որակական բնութագրերը. - «Որովհետեւ ի վերջո մեր զարգացումը պայմանավորված է այդ որակական բնութագրերի բարելավումով: Շատ հստակ նախանշվել է, որ դեռեւս չեն ապահովել տնտեսական կայուն աճ` այսօր գործազրկության ցածր մակարդակում: Մյուս կողմից, անբարենպաստ է եղել արտաքին առեւտուրը` դրամական միջոցների ցանկալի ներհոսքի առումով: Այս ամենը ասվել է շատ հստակ: Եվ մեր գիտակցումը պետք է ուղղորդվի այս ամենը ընկալելու եւ ճիշտ, ազնիվ մեկնաբանելու վրա: Այսօր հանրային կյանքում գործածվող «աղքատություն», «արդարություն», «անհավասարություն» հասկացությունները զուտ տնտեսագիտական առումներով են ներկայացվում: Միայն տնտեսագիտական վերլուծություններով հնարավոր չէ պարփակվել»:

Ասվածի ցայտուն օրինակը, ըստ տնտեսագիտության դոկտորի, ելույթում նախագահի հնչեցրած այն տեսակետն էր, որ «տնտեսական աճ - տնտեսական զարգացում - մարդկային զարգացում շղթայով մենք պետք է կարողանանք այսօր տեսնել առաջընթացը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG