Մատչելիության հղումներ

Ալեքսանյանը կառաջադրվի, Հայրապետյանը դեռ մտածում է


Հայաստանի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար
Հայաստանի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար

Առաջիկա խորհրդարանում գործարար պատգամավորներ, այնուհանդերձ, կլինեն։

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրվելու որոշում կայացրած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե ուրախ կլինի, եթե որեւէ մեկը իր հետ միասին առաջադրվի նույն ընտրատարածքում։

Ավելին, Ալեքսանյանի փոխանցմամբ, այդ կերպ ինքը կազատվի երկրորդ թեկնածու գտնելու խնդրից։

Սամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյան
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` կցանկանա՞ր արդյոք, որ ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը իր հետ նույն ընտրատարածքում առաջադրվի, գործարար պատգամավորը արձագանքեց. - «Օրենքը թույլ ա տալիս, սաղ էլ կարան դնեն, ի՞նչ ասելու բան ա»։

Ի պատասխան հիշեցման, որ ինքը ժամանակին ասել է` երբեք ոչ ոք իր դեմ թեկնածություն չի դրել, Ալեքսանյանը նշեց. - «Ես հիմա ասում եմ` հիմա օրենքը նենց ա, որ երկու հոգի եթե չլնեն, չեն բան անի։ Հիմա լավ ա` մի միլիոն դրամ փող պտի մուծեն, հիմա եթե մարդ չդներ, ստիպված մեկին մի միլիոն դրամ փող պետք ա տայի, որ տանեին դեմս դնեին։ Հիմա լավ չի՞, որ բերում են դնեն»։

Իսկ թե ի՞նչն է իրեն դրդում նորից ու նորից առաջադրվել` այդ կապակցությամբ գործարար պատգամավորը նշեց. - «Ինձ մեր համայնքի ժողովուրդն ա ուզում»։

«Նոր դեմքեր պետք չե՞ն ձեր ընտրատարածքում», - այս հարցին էլ Սամվել Ալեքսանյանը արձագանքեց. - «Ախր, ես նոր դեմք եմ, այ ցավդ տանեմ, ես կարող ա՞ հին դեմք եմ»։

Նա վստահեցրեց, որ օրենսդիր գործունեությամբ զբաղվում է. - «Բա ինչ եմ անում, ամեն ինչ էլ անում եմ»։ Կոնկրետ օրենք նշելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին Ալեքսանյանը արձագանքեց. - «Դուք վաղը, երկուշաբթի արեք, ես սաղ ասեմ` ինչ օրենքներ եմ գրել։ Էնքան նախաձեռնություն եմ արել, որ չեմ հիշում»։

Իսկ թե ընտրվելու դեպքում իր առաջին օրենքը որն է լինելու, ինչ է ուզում անել, ինչ է ուզում փոխել` այս առնչությամբ գործարար պատգամավորը ասաց. - «Մեր երկրի համար լավ օրենքներ ենք անելու»։

Սամվել Ալեքսանյանը անկուսակցական է, սակայն, իր խոսքով, հարում է Հանրապետականին, եւ եթե կարիք լինի, կանդամակցի այդ կուսակցությանը։

Ազգային ժողովի մեկ այլ գործարար պատգամավոր` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի որոշել` կառաջադրի՞ իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, թե՞ ոչ։

«Հենց հստակեցվի` ես ձեզ խոստանում եմ` մի երկու օր առաջ մամուլի ասուլիս կանեմ, կհրավիրեմ, բոլորիդ կներկայացնեմ», - ասաց նա` հավելելով. - «Կարող ա չդնեմ, կարող ա դնեմ` հլը հստակեցված չի, նայեմ։ Էս [Հանրապետական կուսակցության մարտի 10-ի] համագումարից հետո պարզ կլինի»։

Թիվ 10 ընտրատարածքում, որտեղ պատրաստվում է առաջադրվել «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, իր հնարավոր առաջադրման վերաբերյալ լուրերին Հայրապետյանը արձագանքեց. - «Էէ, լավ դե, փողոցի բամբասանքներ են, երեխեք ջան, մի հավատացեք դրանց»։

Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան
Սուքիասյանի սպասվող առաջադրմանը նա «շատ նորմալ» է վերաբերվում. - «Ի՞նչ ա, Հայաստանի ամեն քաղաքացի էլ կարա առաջադրվի, դրա մեջ ի՞նչ կա»։

Իր վերջնական որոշումը, ըստ Հայրապետյանի, կախված է իր ծանրաբեռնվածությունից, իր «աշխատանքը դասավորելուց». - «Եթե կարողացա Ֆուտբոլի ֆեդերացիայում այնպես դասավորեմ, որ կարողանամ պատգամավորական գործունեությամբ զբաղվել, ուրեմն` կանեմ, եթե ոչ, տեսա` չեմ կարողանում... Երկու-երեք օրվա մեջ ձեզ տեղյակ կպահեմ արդեն»։

«Իսկ կուսակցությունն արդեն իր որոշումը կայացրե՞լ է», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին հանրապետական Ռուբեն Հայրապետյանը դրական պատասխանեց` ասելով. - «Կուսակցությունը կայացրել է որոշումը, որ պիտի մասնակցեմ, բայց ես կնայեմ` եթե հնարավոր է` նորից կքննարկենք, կարող ա բաներ փոխվեն»։

Իսկ թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված նոր կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք», Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց. - «Շատ լավ։ Ես կարող եմ ասել` իմ սրտին շատ հավատարիմ ա, քանի որ ես ինքս էդ կարգախոսով Հայաստանի հավաքականը առաջ տարա։ Ես էի հավատում, որ մենք ունենալու ենք հաջողություն ու հաղթանակ, ու իրականում դուրս եկավ, որ ես ճիշտ էի` հավատացինք եւ հաղթեցինք»։

«Բոլորս էլ անընդհատ փոխվելու ենք, նույն տեղում մնանք` լճանալու ենք, ճահճանանք, կործանվենք։ Բոլորս անընդհատ պիտի միշտ փոխվենք», - ընդգծեց Հայրապետյանը։

«Դուք ձեր մեջ ի՞նչն եք փոխելու», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նա արձագանքեց. - «Ամեն ինչ։ Երբ որ գնում եմ քնելու, մտածում եմ` ի՞նչ եմ սխալ արել, աշխատում եմ հաջորդ օրը չկրկնեմ էդ սխալը։ Փոխել ինձ` իմ բնավորությունը, իմ ամեն ինչը»։

Դեռ նախորդ տարվա վերջից իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, այդ թվում` երկրի նախագահը, սկսեցին խոսել իշխանությունն ու բիզնեսը տարանջատելու անհրաժեշտության մասին։ Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները անգամ հայտարարեցին, թե կուսակցության համամասնական ցուցակում գործարարներ այլեւս չեն լինի։

please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG