Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք»


Այսօր մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, որում ելույթ է ունեցել Հայաստանի եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք անկախ այն հանգամամքից, որ ոմանք այսօր ոչ թե ընտրությունների են պատրաստվում, այլ դրանք կեղծված ներկայացնելու տեխնիկական կարողություններ են զարգացում», - համագումարում, մասնավորապես, հայտարարեց Սերժ Սարգսյանը` նշելով, որ գալիք խորհրդարանական ընտրություններին իրենք ժողովրդի դատին են ներկայանում որպես «անհատ համխոհների թիմ»:

Մեկ ժամ տեւած իր ելույթում Սերժ Սարգսյանը բազմիցս կրկնեց մի կարգախոս` «Հավատանք, որ փոխենք», որը, ինչպես փոխանցեց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կլինի Հանրապետականի նախընտրական գլխավոր կարգախոսը:

Հակադարձելով հաճախ հնչող այն հայտարարություններին, որ «երկրում օրենք չկա» եւ որ «երկիրը երկիր չէ», Սերժ Սարգսյանն ասաց` «էս երկիրը երկիր է»: Սերժ Սարգսյանը իր ծավալուն ելույթում անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին եւ տնտեսական ոլորտում վերջին տարիների ձեռքբերումներին:

Նշենք, որ ՀՀԿ համագումարին մասնակցում են նաեւ կոալիցիոն կուսակցությունների` «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Օրինաց երկրի» ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Համագումարը տերունական աղոթքով օրհնեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Համագումարի ավարտին ՀՀԿ նախագահ վերընտրեց կուսակցության գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարը ընտրեց նաեւ նոր գործադիր մարմին: Սերժ Սարգսյանի առաջարկով ընդլայնվեց գործադիր մարմինը, որում ընդգրվեցին Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Գործադիր մարմինց սեփական դիմումի համաձայն դուրս է եկել միայն պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Գործադիր մարմնի մյուս անդամներն են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Դերենիկ Դումանյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Մուշեղ Լալայանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Գալուստ Սահակյանը:

Ի դեպ, լրագրողներին այսօր թույլ չտրվեց դահլիճում ներկա գտնվել Հանրապետականի համագումարին: Մամուլը համագումարին հետեւում էր Մարզահամերգային համալիրի յոթերորդ հարկից` մոնիտորի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG