Մատչելիության հղումներ

Վազգեն Խաչիկյան. «Ես հիմա հանգստանում եմ»


Վազգեն Խաչիկյան, արխիվային լուսանկար
Վազգեն Խաչիկյան, արխիվային լուսանկար
«Ես հիմա հանգստանում եմ։ Իմ առողջությունը շատ ավելի թանկ է, քան թե ցանկացած ձեւաչափով ընտրություններին մասնակցելը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։

Մի քանի լրագրողների, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի, հաջողվեց Խաչիկյանի հետ զրուցել Հանրապետական կուսակցության գրասենյակում։

Լրագրողները հարցեր ուղղեցին թե՛ առաջիկա ընտրություններում Խաչիկյանի ներգրավվածության, թե՛ իր ղեկավարած ծառայությունում բացահայտված չարաշահումների մասին։

Մեկ տարի առաջ Վերահսկիչ պալատը հրապարակեց Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքները։ Պալատը պարզել էր, որ կենսաթոշակների ցուցակներում եղել են մահացած անձանց անուններ, կեղծվել են կենսաթոշակի տրամադրման փաստաթղթեր։ Ոլորտում արձանագրված չարաշահումները հասնում են միլիոնավոր դրամների։

Ստուգումների հիման վրա հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տվյալներով` մեղադրվողները երկու տասնյակից ավելի են։

Աղմկահարույց բացահայտումները վերաբերում են որպես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանին։

2010 թվականի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

«Այս պահին զբաղվում եմ կուսակցական եւ տեղում մեր Ախթալայի խնդիրներով», - երեկ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետը։

«Ընտրությունների ժամանակ ինչո՞վ եք զբաղված լինելու, ի՞նչ եք անելու», - այս հարցին նա արձագանքեց. - «Այն, ինչ որ կհանձնարարի կուսակցությունը` մեր կուսակցության համար աշխատանքներ տանելով»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` նախընտրական գործընթացներում ընդգրկվա՞ծ է արդյոք, Խաչիկյանը պատասխանեց. - «Ոչ։ Հիմա նյարդերս եմ բուժում եւ առողջությունս»։

Նա հերքեց, թե իրականում իր պաշտոնանկության պատճառը Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, ներկայումս մանկապղծության մեղադրանքով ազատազրկման մեջ գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կապված բացահայտումներն էին։ «Ոչ, ոչ, չի եղել, եւ մենք քանիցս` թե՛ նախկինում, թե՛ դրանից առաջ դիմումներ էինք գրել` աշխատանքից ազատվելու հետ կապված, մեկ անգամը հարգվել է», - ասաց Խաչիկյանը` հավելելով, թե դիմումները գրել է «տարբեր պատճառներով»։

Սոցապ համակարգում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի ընթացքին տեղեկանալու համար Վազգեն Խաչիկյանը խորհուրդ տվեց դիմել իրավապահներին` հաստատելով միայն, որ իրեն կանչել են հարցաքննության։

«Այո, հարցաքննության կանչվել ենք եւ վկայություն տվել ենք», - ասաց նա` հավելելով, որ երկու անգամ է կանչվել հարցաքննության` վկայի կարգավիճակով։ Վերջին հարցաքննությունը կատարվել է «անցած տարի»` օրը նա դժվարացավ հիշել։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` տեղյակ եղե՞լ է համակարգում տեղ գտած կոռուպցիոն երեւույթներին, Խաչիկյանը արձագանքեց. - «Ժամանակը կգա` մենք բոլորի մասին, դրա մասին կարտահայտվենք»։

Նա հերքեց, թե հայտարարություններ, բացահայտումներ է անելու. - «Ոչ, ոչ, ո՛չ հայտարարություն, ո՛չ բացահայտում, պարզապես ... Չէ, ո՛չ հարձակվելու եմ, ո՛չ էլ պաշտպանվելու` իմ տեսակետներն եմ հայտնելու»։

Այդուհանդերձ, Խաչիկյանը վստահեցրեց, որ տեղյակ չի եղել այդ կոռուպցիոն երեւույթներին, եւ հավելեց. - «Էդ ամեն ինչը չափազանցված է, եւ եթե այսպես գնանք, էդ մամուլի գնահատականները եւ իրական թվերը` դուք էլ կտեսնեք, որ չափազանցված է։ Վերահսկիչ պալատը երբեւիցե թիվ չի հայտարարել, որ, ասենք, ինչքան մահացած մարդու է թոշակ տրվել, եւ երբ որ գա արդեն էդ տվյալ պահը, երբ որ իրավապահ մարմինները կգնահատեն, այն ժամանակ կտեսնեք, եւ կտեսնեք` ինչքանով է չափազանցված, ինչքանով` ոչ»։

«Իսկ մոտավորապես քանի՞սն են, իրական թիվը ո՞րն է», - այս հարցին նա պատասխանեց. - «Շատ-շատ ավելի քիչ, քան այն, ինչ որ մամուլում … Ընդամենը մի քանի տասնյակ` երեւի մի 30-40` մաքսիմում»։

«Իսկ ի՞նչ նպատակ ուներ դա ուռճացնելը` ձեր դե՞մ էր արվում այս ամենը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին էլ Սոցապ ծառայության նախկին պետը արձագանքեց. - «Նաեւ։ Այո` ոչ միայն իմ դեմ»։

Խաչիկյանը, սակայն, ձեռնպահ մնաց այլ անուններ տալուց` ասելով. - «Հիմա ի՞նչ կարեւոր է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG