Մատչելիության հղումներ

Հայաստանը բարելավել է իր դիրքը Doing business-ում


Համաշխարհային բանկի կազմած Doing business զեկույցում այս տարի Հայաստանը նախորդ տարվա համեմատ 6 կետով բարելավել է իր դիրքերը:

Համաշխարհային բանկն ամեն տարի ուսումնասիրում է աշխարհի ավելի քան 180 երկրների բիզնես միջավայրը, թե որքանով է այն բարենպաստ բիզնես սկսելու եւ զարգացնելու համար, նպաստավոր է արդյոք հարկային դաշտը, հեշտ է գրանցվելը, կամ պետությունից թույլտվություններ ստանալը, ինչ արժեն ներմուծումն ու արտահանումը:

Հայաստանը նախորդ տարի 61-րդ տեղում էր, այս տարի` 55-րդում: Համաշխարհային բանկը նման առաջընթացի հիմքում դնում է կատարված բարեփոխումները: Զեկույցում ասվում է, որ Հայաստանը պարզեցրել է ընկերություն ստեղծելու գործընթացը` ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը: Այն հեշտացնում է կազմակերպության գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման գործընթացը: Ներդրվել է նաեւ ընկերությունների օնլայն գրանցման եւ էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համակարգ, ինչը եւս Համաշխարհային բանկը դրական զարգացում է համարել:

Ըստ զեկույցի` Հայաստանում բարելավվել է վարկային ինֆորմացիոն համակարգը, հեշտացել է շինարարության թույլատվություն ստանալը, քանի որ պարզեցվել է ոչ մեծ նախագծերի համար բնապահպանական փորձաքննություն անցնելու գործընթացը: Հայաստանը նաեւ լրացումներ է կատարել սնանկության մասին օրենսդրությունում, որը կարգավորում է սնանկության կառավարիչների նշանակումը, կրճատում ժամկետները:

Ըստ Համաշխարհային բանկի` առավել նշանակալի առաջընթաց Հայաստանը գրանցել է բիզնես սկսելու դյուրության, պահանջվող ժամանակի կրճատման առումով: Եթե անցյալ տարի, օրինակ, Հայաստանում բիզնես հիմնելու համար երկու շաբաթ էր պահանջվում, ապա այս տարի այդ ժամանակահատվածը կրճատվել է գրեթե կիսով չափ:

Սակայն բիզնես հիմնելու արժեքը ավելացել է նախորդ տարիների համեմատ. ամենացածր ցուցանիշը 2010 թվականին: Հարկերի վճարման ցուցանիշներով Հայաստանը 183 երկրների շարքում 153-րդ է, այստեղ ընկերությունը տարվա ընթացքում միջինում 34 հարկային վճարում է կատարում, ընդ որում այդ ցուցանիշը 2006 թվականից ի վեր առաջին անգամ է փոխվել: Մինչ այս հարկային վճարումների թիվը միջինում 50 էր: Հարկային գործընթացների վրա այժմ ծախսվում է տարեկան 500 ժամ` նախորդ տարիների 580 ժամի փոխարեն:

Զեկույցում մի ուշագրավ փաստ կա. պարզվում է Հայաստանում, ուր ապրանքների մեծ մասը ներմուծվում է, ներկրումն ավելի թանկ է, քան արտահանումը: Ըստ Համաշխարհային բանկի` մեկ ստանդարտ կոնտեյներ արտահանելու համար պահանջվում է 13 օր եւ 1815 դոլար, իսկ նույն կոնտեյները ներմուծելու համար պահանջում է` 18 օր եւ 2195 դոլար: Այսինքն ներմուծելը 380 դոլարով ավելի թանկ է եւ 5 օր ավելի ժամանակ է պահանջում, քան արտահանումը:

Ըստ զեկույցի` ներմուծումն ու արտահանումը այս տարի նախորդ տարվա համեմատությամբ թանկացել են 7-10 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG