Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Ռուսաստանը կպահպանի «կարեւոր» դերը


Ղարաբաղյան բանակցություններում, Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահ ընտրվելով, Ռուսաստանը կպահպանի վերջին շրջանի «կարեւոր» դերը` վստահ է Հայաստանի արտգործնախարարը:

ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ եվրոպական մի շարք պետությունների արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը մասնակցելու նպատակով Պրահայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե ղարաբաղյան գործընթացում ի՞նչ կփոխի Վլադիմիր Պուտինի ընտրությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում:

«Կարծում եմ, որ բանակցությունները շարունակվելու են: Այլընտրանք չկա բանակցություններին: Բանակցային խաղաղ գործընթացը դա ընտրությունն է Հայաստանի եւ նաեւ աջակցվում է եռանախագահների կողմից ամենաակտիվ ձեւով», - նշեց Հայաստանի արտգործնախարարը: - «Վերջին շրջանին կարեւոր դեր է ունեցել հատկապես Ռուսաստանը եւ վստահ եմ, որ այդ դերը կպահպանվի նաեւ ապագայում»:

Հիշեցնենք, Դմիտրի Մեդվեդեւի նախագահության տարիներին պաշտոնական Մոսկվան ստանձնել էր Ղարաբաղյան հարցում ամենաակտիվ միջնորդի դերը` նախաձեռնելով, ի հավելումն ԵԱՀԿ-ի Մինսկի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի, նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումների ձեւաչափը:

Առաջընթաց` ԵՄ – Հայաստան հարաբերություններում

Անդրադառնալով Պրահայում ունեցած իր հանդիպումներին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այսօր ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է այն առաջընթացը, որը արձանագրվել է Հայաստան – Եվրամիություն մերձեցման գործընթացում:

«Մենք գոհունակությամբ նշեցինք այդ առաջընթացի մասին, որ մենք արձանագրել ենք», - ասաց արտգործնախարարը` հիշեցնելով, որ արդեն մեկնարկել են բանակցությունները վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:

«Մոտակա օրերս կմեկնարկեն նաեւ խորը, համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, իսկ ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցությունները կարեւոր առաջընթաց են արձանագրել. մենք փակել ենք արդեն 24 գլուխ 28-ից: Այսինքն գալիս ենք համարյա վերջնական փուլին: Մեր մերձեցումը Եվրոպական Միության հետ բավական լավ միտումներ ունի, եւ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այցելությունը Բրյուսել խթան կհաղորդի մեր հարաբերություններին Եվրոպական Միության հետ», - հավելեց Էդվարդ Նալբանդյանը:

Ֆյուլեի հետ հանդիպման օրակարգում եղել են նաեւ մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող Հայաստանի նախագահի այցի օրակարգային հարցերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի արտգործնախարարը, արձագանքելով ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին, նշել է, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Խոսելով նույն փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. - «Ողջունում ենք Եվրոպական Միության մոտեցումն` ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Պրահայում Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների, Վիշեգրադյան քառյակի` Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, եւ մի շարք այլ եվրոպական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով եւ ներկայացրել Հայաստան- ԵՄ համագործակցության բնագավառում արձանագրված առաջընթացը: Նախարար Նալբանդյանը խոսել է նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացից:

Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտքեր են փոխանակել Հայաստան- ԵՄ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի, Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ: Նույն օրը, ավարտելով այցելությունը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Բրյուսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG