Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Պուտինին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա: Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային-հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ»:

Հայաստանի նախագահը Պուտինին առաջարկում է պետական այց կատարել Հայաստան:

«Հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով: Անկասկած, Ձեր այցը նոր խթան կհաղորդի բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը` ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ, հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն եւ նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն», - ասված է ուղերձում:

Այսօր Պուտինին շնորհավորել են նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ իշխող կոալիցիային անդամակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրությունը գնահատեց որպես Հայաստան - Ռուսաստան գործընկերային հարաբերությունների շարունակականության, զարգացման եւ ավելի արդյունավետ համագործակցության երաշխիք:

«Սկսած 2000-ական թվականներից հայ-ռուսական համագործակցությունը շատ ավելի բարձր որակի վրա դրվեց ստրատեգիական առումով», - նշեց Շարմազանովը:

Վլադիմիր Պուտինի ընտրությունը գնահատելով որպես Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ սերտ գործընկերային հարաբերություններ ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ` Շարմազանովը, մասնավորապես, նշեց. - «Կարող եմ ասել, որ Վլադիմիր Պուտինի ընտրությունը կարող է նոր խթան հանդիսանալ հայ-ռուսական թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ թե՛ առհասարակ ռազմավարական հարաբերությունների համար»:

«Կարող եմ ասել, որ Վլադիմիր Պուտինի ընտրությունը կարող է նոր խթան հանդիսանալ հայ-ռուսական թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ թե՛ առհասարակ ռազմավարական հարաբերությունների համար»:

Հայաստան - Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը նույնպես Պուտինի ընտրությունը հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից դրական է գնահատում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով, որ իրենց կուսակցությունը եւս համագործակցում է Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, Սաֆարյանը մասնավորեցրեց. - «Պուտինը լավ գիտի Հայաստանը, գիտի խնդիրները, հիմնախնդիրները, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման միտումները, եւ ես վստահ եմ, որ նրա նախագահության շրջանում մենք արձանագրելու ենք այս համագործակցության մեջ նոր տպավորիչ հաջողություններ»:

Իսկ ընդդիմադիր Հայ ազգային խորհրդի պաշտոնական վերաբերմունքը Պուտինի ընտրությանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը համառոտ ձեւակերպեց. - «Մենք հարգում ենք Ռուսաստանի ժողովրդի ընտրությունը»:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG