Մատչելիության հղումներ

Պուտինի վերադարձը ԼՂ խնդրում «փոփոխությունների չի հանգեցնի»


Նախագահներ Սերժ Սարգսյանի (ձախ) եւ Իլհամ Ալիեւի (աջ) հանդիպումը, արխիվային լուսանկար
Նախագահներ Սերժ Սարգսյանի (ձախ) եւ Իլհամ Ալիեւի (աջ) հանդիպումը, արխիվային լուսանկար
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման հարցում էական փոփոխությունների չեն հանգեցնի: Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի հանգուցալուծումը չի երեւում:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն մարտի 3-ին հանդիպել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ: Նրանք կրկին հայտարարել են իրենց աշխատանքը շարունակելու մասին` ընդգծելով, որ վերջին տարիներին սկսել են աշխատել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Այն, սակայն, ինչպես հայտնել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ընթանում է դանդաղ տեմպերով:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, սակայն, կարծում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որից ելք չկա: Շուտով կլրանա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության 20 տարին: Քաղաքագետը կարծում է, որ անցած տարիներին ղարաբաղյան խնդրում որեւէ բան չի փոխվել: «Ադրբեջանի հետ համաձայնություն
չի կարող լինել, քանի որ այդ երկրի դիրքորոշումը հայտնի է, այն է` Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ երկիր լինել», - ասում է փորձագետը:

«Ադրբեջանը ապացուցել է Աստանայում, որ պատրաստ չէ, երբեք էլ չի ստորագրի, որովհետեւ այն ստրատեգիան, որ նրանք որդեգրել են, ինքնին ժխտում է նման բան, որ Ադրբեջանը գնա ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, Հայաստանի հետ համաձայնության գալով խնդիրը լուծի: Նրանք այդ ցանկությունը չունեն: Բոլոր հայտարարությունները ուղղակի շարունակությունն են այդ դիրքորոշման», - ասաց Սարգսյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը հավելում է, որ Հայաստանն իր հերթին ի վերջո պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Սկզբունքային խնդիր է: Սա կատակ չէ, սա շատ վտանգավոր բան է, որովհետեւ եթե չես ճանաչում այդ ժողովրդի իրավունքները, ուրեմն նրանց իրավունքները նվիրում ես ուրիշի: Կոնկրետ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, իսկ Լեռնային Ղարաբաղինը չի ճանաչում: Սա նշանակում է, որ սուվերենության հետ միասին ճանաչում ես Ադրբեջանի իրավունքը օրինական ձեւով զենք օգտագործելու ժողովրդի դեմ», - շեշտում է փորձագետը:

Սարգսյանը նկատում է` հակամարտության լուծման ռազմական ճանապարհն էլ է դառնում խնդիր, որը հասկանում է Ադրբեջանը ու միջազգային հանրությանը շանտաժի է ենթարկում` ասելով «եթե չեք լուծում խնդիրը, մենք այն կլուծենք պատերազմով»:

Քաղաքագետը խնդրի լուծման համար տեսնում է հետեւյալ ճանապարհը. եթե կողմերը փոփոխություններ են ուզում, ապա պետք է քննարկումներ ծավալեն ստեղծված իրավիճակի շուրջ, այն ենթարկեն փորձաքննության` պարզելու, թե ո՞ւր է տանում այս վիճակը, ի՞նչ վտանգներ է այն պարունակում ու որքա՞ն կարելի է այսպես շարունակել:

«Հավանաբար կողմերը գտնում են, որ վտանգ չկա ու լռելով շարունակում են բանակցությունները», - ամփոփում է Մանվել Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG