Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով կմասնակցի


Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյան
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյան
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Գուրգեն Արսենյանի գլխավորած Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ հանդես կգա մեկ միասնական ցուցակով: Նման որոշում կայացվեց ՄԱԿ-ի այսօր տեղի ունեցած համագումարում:

«ՄԱԿ-ին ամենահամահունչն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերը եւ մոտեցումները», - համագումարում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Գուրգեն Արսենյանը եւ շարունակեց. - «Ես կարծում եմ, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը պետք է միավորի իր ջանքերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ջանքերի հետ եւ Ազգային ժողովի ընտրություններին ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնա»:

Նրա այս առաջարկը կուսակիցների կողմից միաձայն ընդունվեց:

Համագումարից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Արսենյանը նշեց, թե ԲՀԿ-ի հետ նույն ցուցակով հանդես գալու որոշումը կայացվել է դեկտեմբերին` իր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքում:

«Կլինի մի ցուցակ, որը կկոչվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակ, որի մեջ ներգրավված կլինեն ՄԱԿ-ի կողմից առաջադրված մարդիկ», - ասաց նա` չմանրամասնելով, թե ՄԱԿ-ից կոնկրետ քանի հոգի ընդգրկված կլինի այդ ցուցակում:

Արսենյանը նաեւ ասաց, թե չի քննարկվել այն հարցը, թե ինքը ԲՀԿ-ի ցուցակում որ հորիզոնականն է զբաղեցնելու: Անդրադառնալով Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես-ԲՀԿ համագործակցության հնարավորությանը` Արսենյանն ասաց. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, խնդիրը նրանում է, թե ինչ նպատակներ են արձանագրված, եւ այդ նպատակներին հասնելու համար ինչ միջոցներ են պետք: Կապրենք, կտեսնենք»:

ՄԱԿ-ի ղեկավարը նաեւ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունից իրեն համագործակցելու առաջարկ չեն արել, եթե առաջարկեին էին էլ, ինքը չէր համաձայնվի. - «Մեր աշխարհընկալումը տարբեր է», - պարզաբանեց նա:

ՄԱԿ-ի այսօրվա համագումարին ներկա էր ԲՀԿ պատվիրակությունը` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Եկել էին նաեւ ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը, ով, ի դեպ, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր այս որոշումը եւ համոզված ենք, որ միասնական մասնակցելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող ենք իրականացնել մեր ծրագրերը», - ՄԱԿ-ի համագումարում ունեցած ելույթի ընթացքում նշեց Գագիկ Ծառուկյանը եւ հայտարարեց. - «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից է կախված, թե առաջիկա տարիներին Հայաստանը ինչ տնտեսություն կունենա, ինչ կառավարություն կձեւավորի: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք միասնական ապահովել արդար, թափանցիկ ընտրությունները»:

Չնայած լրագրողների համառ ջանքերին, ԲՀԿ-ի նախագահը ամեն կերպ հրաժարվում էր պատասխանել հարցերին: Համագումարից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն արդեն հեռանում էր, լրագրողները, այնուամենայնիվ, կարողացան մեկ հարցի պատասխանը ստանալ, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն բոլոր ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ չի առաջադրում. - «Մենք որտեղ համապատասխան մարդիկ ունենք, ովքեր ցանկանում են մեծամասնականով առաջադրվել, կառաջադրենք», - ասաց Ծառուկյանն ու արագ հեռացավ:

please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG