Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը համաձայնության է եկել ընտրացուցակի ձեւավորման շուրջ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, համաձայնությունը ձեռք է բերվել Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երեկ կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել են ՀԱԿ քաղխորհուրդը, կենտրոնական գրասենյակն ու տարածքային կառույցները:

Հայտարարելով, որ այս պահին դեռ ցուցակ գոյություն չունի, Լեւոն Զուրաբյանը չբացառեց, որ այն պատրաստ կլինի առաջիկա օրերին:

Հիշեցնենք` Կոնգրեսի ներսում տարաձայնություններ կային ցուցակի շուրջ. ընդհանուր հայտարարի գալու նպատակով վերջին շրջանում ՀԱԿ անդամ կուսակցությունների միջեւ ամենօրյա քննարկումներ էին սկսվել:

«Ինչո՞ւ առաջացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջամտության անհրաժեշտությունը» հարցին ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Այդ կոնսուլտացիաները ընթանում էին, նորից հնարավոր չեղավ գալ կոնսենսուսի: Բնականաբար տրվեց այս ձեւը, որ քաղխորհուրդը, կենտրոնական շտաբը եւ տարածքային կառույցների ղեկավարները հանդիպեն նախագահի գլխավորությամբ, եւ ահա այնտեղ հավաքվածների միջեւ ձեռք բերվեց այդ կոնսենսուսը: Հիմա մնացել է մի քանի կուսակցության դիրքորոշումը ճշտել է, որոնք այս կամ այն պատճառով ներկա չէին, եւ արդեն կխոսենք վերջնական արդյունքների մասին»:

Երեկվա քննարկմանը չեն մասնակցել Կոնգրեսի մաս կազմող Հայ կամավորականների համախմբում, «Ազգային վերածնունդ», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունները:

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը մեզ փոխանցեց, որ ցուցակները կազմելու շուրջ անհամաձայնություններ ունեն Կոնգրեսի հետ, սակայն մանրամասներ չհայտնեց: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով նրանք ցանկացել են ցուցակի առաջին 18 հորիզոնականներում տեսնել ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարներին, բայց Կոնգրեսը այլ սկզբունքով է ձեւավորում իր ցուցակը: Ըստ Լեւոն Զուրաբյանի, որոշվել է, որ ցուցակում պետք է ընդգրկվեն ակտիվ, հասարակության կողմից ընկալելի եւ ընդունելի անձինք: Առավելություն պետք է տրվի քաղբանտարկյալներին եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվողներին: Կոնգրեսը բոլոր 41 ընտրատարածքներում մտադիր է թեկնածուներ առաջադրել:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն իր կարծիքը հայտնե՞լ է, թե ում կցանկանա տեսնել այդ ցուցակում» հարցին` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կարծիքը հայտնել է, թե ինչ սկզբունքներ են կարեւոր ցուցակը կազմելիս»:

«Իսկ համաձայնություն տվե՞լ է, որ կոնկրետ ինքը [Լեւոն Տեր-Պետրոսյանը] գլխավորի ցուցակը» հարցին էլ Զուրաբյանն արձագանքեց. - «Ընդհանրապես ինքը իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել ցանկացած ցուցակ, որը կընդունեն 18 կուսակցությունները»:

Երեկ տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցներից Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հույս էին հայտնում, որ ցուցակների հետ կապված Կոնգրեսի ներսում հիմնական տարաձայնությունները հաղթահարվում են:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG