Մատչելիության հղումներ

Սարկոզին ցեղասպանության նոր օրինագիծ է նախաձեռնում


Նիկոլա Սարկոզի
Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի՝ հակասահմանադրական ճանաչելուց հետո երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել է կառավարությանը համանման նոր օրինագիծ մշակել։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշելով օրինագծի աջակիցների «մեծ հիասթափությունը եւ խորը տխրությունը»՝ շարունակել է. - «Հանրապետության նախագահը համարում է, որ [ցեղասպանության] ուրացումը անհանդուրժելի է եւ հետեւաբար պետք է պատժվի։ Նա խնդրել է կառավարությանը պատրաստել նոր օրինագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սարկոզին ընդունելու է հայ համայնքի ներկայացուցիչներին։

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեքշաբթի օրը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը` այդ կապակցությամբ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշելով. - «Խորհուրդը համարում է, որ ժխտման համար տույժ եւ քրեական պատասխանատվություն սահմանելով, օրենսդիրները հակասահմանադրական ոտնձգություն են կատարել խոսքի եւ արտահայտման ազատության նկատմամբ»:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, հանդես գալով DFM TV հեռուստաալիքով, «խելացի որոշում» է որակել Սահմանադրական խորհրդի վճիռը։

Պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վճիռը։ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջը, մասնավորապես, հայտարարել է, թե այդ որոշմամբ ֆրանս - թուրքական լուրջ ճգնաժամ է կանխվել։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, մինչդեռ, վճռականություն են արտահայտել` շարունակելու իրենց գործունեությունը, նույնիսկ եթե հարկ լինի ամեն ինչ սկսել նորից։

Երկրի նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Հոլանդը, իր հերթին, Դաշնակցություն կուսակցության տեղի ղեկավարների հետ օրերս ունեցած հանդիպման ժամանակ խոստացել է շարունակել պայքարել այդ օրենքի ընդունման համար նախագահ ընտրվելու դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG