Մատչելիության հղումներ

Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների մեծ մասը չի քվեարկի


Արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կրկին զրկված է խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունքից:

Հայաստանի արտգործնախարարությունն ու Հայաստանում գրանցված այն ընկերությունները, որոնք արտերկրում ունեն մասնաճյուղեր, պետք է մինչեւ մարտի 17-ը Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն ներկայացնեն արտերկրում իրենց աշխատակիցների, դիվանագետների եւ նրանց ընտանիքների չափահաս անդամների ցանկը, որպեսզի վերջիններս կարողանան տարբեր երկրներից էլեկտրոնային եղանակով քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այսինքն արտասահմանում բնակվող կամ թեկուզ ժամանակավորապես Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիներից առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն այս խմբերը` դիվանագետները, Հայաստանում գրանցված ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղերում աշխատողներն ու նրանց ընտանիքները: Սա սահմանում է Ընտրական փոփոխված օրենսգիրքը: Արտերկրում ապրող մյուս հայերը, ովքեր թեկուզ հաշվառված են Հայաստանում, ընտրողների ռեգիստրում, ընտրացուցակներում նրանց անունները կան, բայց քվեարկության օրը Հայաստանում չեն, այս անգամ էլ են զրկվում ընտրելու իրավունքից:

Դիվանագետներին ու քվեարկելու իրավունք ունեցող մյուս խմբին պետք է ուղարկվեն անհատական ծածկագրեր, եւ էլեկտրոնային քվեարկությունը պետք է կազմակերպվի մինչեւ մայիսի 1-ը, որից հետո քվեարկած անձանց անունները պետք է հանվեն ընտրացուցակներից: Իսկ արդյունքները պետք է ամփոփվեն մայիսի 6-ի համապետական ընտրություններից հետո:

«Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը [քվեարկելու իրավունք ունեցողների համար] իրականացվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9, եւ ոչ ուշ, քան 5 օր առաջ: Մյուս քաղաքացիները դեռեւս չեն կարող քվեարկել, դեսպանատներում ընտրական տեղամասեր չեն կազմավորվել 2007 թվականից ի վեր». - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Տաթեւ Օհանյանը:

Արտերկրում գտնվող Հայաստանի բոլոր քաղաքացիները զրկվեցին քվեարկության իրավունքից 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Նրանք չմասնակցեցին ոչ խորհրդարանական, ոչ 2008-ի նախագահական ընտրություններին: Եվ ահա անցյալ տարի կրկին փոփոխված Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածում ամրագրվեց միայն դիվանագետների ու արտասահմանում մասնաճյուղեր ունեցող հայաստանյան հիմնարկների աշխատակիցների ու նրանց ընտանիքների ընտրելու իրավունքը էլեկտրոնային տարբերակով: Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են նրանք առանձնացվել արտասահմանում գտնվող մեր մյուս հայրենակիցներից, Տաթեւ Օհանյանը վկայակոչեց օրենսգրքի պահանջը` հավելելով. - «Սա պիլոտային ծրագիր է եւ հաջող կիրառման դեպքում ու դրական զարգացման պարագայում կարելի է արդեն քննարկել համացանցային եղանակով քվեարկող ընտրողների շրջանակը լայնացնելու հարցը»:

ԿԸՀ-ի նախկին անդամ, ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, որ այս անձանց շրջանակը երբեւէ կարող է ընդլայնվել, եւ արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների լայն զանգվածները երբեւէ կարող են քվեարկելու իրավունք ստանալ: Նա հիշեցրեց, որ արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները ընտրական իրավունքից զրկվեցին այն բանից հետո, երբ 2003-ի նախագահական ընտրություններում ամերիկահայերի մեծ մասը քվեարկեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ ընդդիմադիր Ստեփան Դեմիրճյանի օգտին:

«Այդ տվյալները բավականին լուրջ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա, եւ նաեւ երկրորդ փուլ անցկացվեց: Դա այս իշխանություններին զգուշացրեց, որ հայրենիքից դուրս գտնվող ընտրողները ավելի անկախ են եւ ավելի ինքնուրույն», - ասաց Թադեւոսյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանություններին ձեռնտու չէ իրենց կողմից չկառավարվող լայն զանգվածների քվեարկությունը, մանավանդ, եթե հաշվի առնվի վերջին տաս տարում իշխանությունների քաղաքականության հետեւանքով արտագաղթած Հայաստանի քաղաքացիների թիվն ու տրամադրվածությունը:

«Ոչ միայն ընդդիմադիր, այլեւ նաեւ չվերահսկվող ընտրազանգված է, որովհետեւ Հայաստանում աշխատանք չունեն, ընտրակաշառք չեն սպասում, վարչական ճնշումների ենթակա չեն, ուստի եւ դառնում են անկախ ընտրազանգված, որը երկրից գնացել է հենց այս իշխանությունների բացասական աշխատանքի արդյունքում, եւ իրենք, բնականաբար, ընդդիմությանը պետք է ձայն տան: [Ընդդիմության օգտին] այդքան քվեն իշխանությունների համար աղետ կարող է լինել», - ասաց Մարտիրոսյանը:

Երկրորդ կարեւորագույն հանգամանքը, ըստ պատգամավորի, այն է, որ եթե փաստացի արտերկրում բնակվող, բայց Հայաստանում ընտրացուցակներում հաշվառված հարյուր հազարավոր քաղաքացիներին էլեկտրոնային տարբերակով ընտրելու իրավունք տրվի, ապա Հայաստանի ընտրական հանձնաժողովները չեն կարող նրանց անուններն ու տվյալներն օգտագործել կեղծ քվեարկություններ կազմակերպելու եւ իշխանությունների օգտին 3-4 հարյուր հազար ձայն «նկարելու» նպատակով: Մարտիրոսյանի խոսքով` դիվանագետների եւ Հայաստանում գրանցված ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղերում աշխատողների վրա Հայաստանի իշխանությունները ճնշման լծակներ ունեն:

«Պարզ է, որ եթե դիվանագիտական ներկայացուցչություններից մեծ թվով ընդդիմադիր ձայներ գան, այդ ներկայացուցչության աշխատակիցները մեծ հավանականությամբ կփոխարինվեն այլ աշխատակիցներով: Ինչ վերաբերում է առեւտրային ներկայացուցչություններին, ապա պարզ է, որ միայն խոշոր բիզնեսը կարող է Հայաստանից դուրս առեւտրային ներկայացուցչություն ունենալ, որն էլ Հայաստանի իշխանությունների հետ ամենասերտ կապերի մեջ է», - ասաց նա:

Եվ ԿԸՀ-ի նախկին անդամը, եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորը սա համարում են արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունք, ընտրական իրավունքի խախտում` հայտարարելով, որ օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, ինչի հետ ԿԸՀ-ն համաձայն չէ:

please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG