Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի զորավարժությունների շտաբային բանակցություններ` Երեւանում


Այսօր Երեւանում մեկնարկում են այս տարվա սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում անցկացվելիք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն - 2012» համատեղ զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մինչեւ մարտի 1-ը շարունակվելիք բանակցությունների նպատակն է զորավարժությունների մտահղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորքերի (ուժերի) եւ միջոցների, ղեկավարման կազմակերպման համաձայնեցումը եւ զորավարժությունների ծրագրի լրամշակումը։

Բանակցություններին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պատվիրակություններ, ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ Միացյալ շտաբի, Հայաստանի շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

«Փոխգործակցություն - 2012» զորավարժությունները անցկացվելու են «ՀԱՊԿ-ի կառավարման մարմինների եւ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012 թվականի ծրագրի» համաձայն։ Զորավարժությունների թեման է` «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:

Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումը իրականացնում է Հայաստանի պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը` ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի համակարգմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG