Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարները մտահոգություններ ունեն հայաստանյան ընտրությունների վերաբերյալ


Ձախից աջ` Եվրամիության արտգործնախարարներ Կարլ Բիլդտը, Ալեն Ժուպեն եւ Վեսնա Պուսիչը Բրյուսելում, 23 փետրվար, 2012
Ձախից աջ` Եվրամիության արտգործնախարարներ Կարլ Բիլդտը, Ալեն Ժուպեն եւ Վեսնա Պուսիչը Բրյուսելում, 23 փետրվար, 2012
«Եվրամիությունը ուզում է ծանրակշիռ դեր ստանձնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում», - այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարեց Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը, ով այսօր Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարների հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում։

Էշթոնը, անդրադառնալով այդ քննարկումներին, առաջին հերթին առանձնացրեց հենց ղարաբաղյան խնդիրը` ընդգծելով, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի։

«Վերջերս ես եղա տարածաշրջանում եւ քննարկեցի երեք երկրների հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում` ղարաբաղյան խնդիրը, եւ իմ խորը, խորը մտահոգությունները այն ամենի շուրջ, ինչ կատարվում է այնտեղ։ Մենք թերեւս կլսենք Ֆրանսիային, որը ներգրավված է Մինսկի խմբում, իմ հատուկ ներկայացուցչին, որը զբաղվում է այդ տարածաշրջանի հակամարտություններով, հետո կորոշենք` ինչ քայլեր է ուզում ձեռնարկել Արտաքին գործերի խորհուրդն այս ուղղությամբ», - հայտարարեց Էշթոնը` հավելելով. - «Մենք շատ հստակորեն ընդգծում ենք, որ ուզում ենք ուժեղ եւ ծանրակշիռ դեր ունենալ, օգնել ու աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ այս դժվարին խնդրի կարգավորման հարցում»։

Ակնկալվում, է, որ քննարկման ավարտին Եվրամիության արտգործնախարարները փաստաթուղթ, այսպես կոչված, եզրակացություն կընդունեն երեք երկրների վերաբերյալ։ Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը մի քանի մանրամասներ է փոխանցում Հայաստանի վերաբերյալ փաստաթղթի նախնագծից, որի համաձայն պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է այստեղ առաջին անգամ նշել Եվրամիության պաշտոնյաների համար Լեռնային Ղարաբաղ առանց նախապայմանների մուտք ապահովելու կարեւորությունը։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումներին եւ այս առնչությամբ ընդգծում է Եվրամիության ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք ապահովելու կարեւորությունը», - փաստում է ԵՄ Արտգործնախարարների խորհրդի նախագիծը` մտահոգություն հայտնելով ղարաբաղյան բանակցություններում արձանագրվող դանդաղ առաջընթացի եւ շփման գծում ավելացող լարվածության առնչությամբ։

Փաստաթղթի նախագծի համաձայն ԵՄ Արտգործնախարարների խորհուրդը նաեւ ընդգծում է Հայաստանում առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը եւ նշում, որ ուշադրությամբ հետեւելու է դրանց ընթացքին։ Այս հարցը եւս լինելու է այսօր Եվրամիության արտգործնախարարների ուշադրության կենտրոնում: Այս մասին հանդիպման մեկնարկից առաջ հայտարարեց Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:

«Հայաստանում սպասվում են ընտրություններ: Որոշակի մտահոգություններ կան դրանց արդար եւ ազատ անցկացման վերաբերյալ, եւ կարծում եմ՝ մենք կկենտրոնանանք հենց այդ հարցի վրա», - ասաց Բիլդտը։

Ընտրություններից բացի ակնկալվում է, որ պաշտոնական Բրյուսելը կանդրադառնա նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` կոչ անելով Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքերն այս ուղղությամբ եւ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի բազմակարծությունն ու դատական համակարգի անկախությունը։ Հատկանշական է, որ փաստաթղթի նախագծում Եվրամիությունը առանձին անդրադառնում է կոռուպցիայի խնդրին եւ հատուկ շեշտում դրա դեմ արդյունավետ պայքար մղելու կարեւորությունը։

«Այս ոլորտում իրական առաջընթացը շարունակում է մնալ տնտեսության զարգացման ու բարգավաճման հիմքը», - ըստ նախագծի` փաստում է Եվրամիությունը։

Փաստաթղթի շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են, արդյունքները հայտնի կդառնան Բրյուսելի ժամանակով ուշ երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG