Մատչելիության հղումներ

Ֆրանսիական ֆիլմն արժանացավ 5 «Օսկար»-ի


Ֆրանսիական «Արտիստը» ֆիլմն արժանացավ 5 ոսկե արձանիկների ամերիկյան կինոակադեմիկոսների կողմից շնորհվող 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:

«Արտիստը» սեւ ու սպիտակ համր ֆիլմ է: Կինոգետ Զավեն Բոյաջյանը դրա հաղթանակը բնութագրեց որպես «ֆրանսիական կինոյի հաղթանակ». - «Առաջին դեպքն է, որ օտարալեզու որեւէ ֆիլմ, մասնավորապես ֆրանսիական ֆիլմ արժանանում է տարվա լավագույն ֆիլմ մրցանակին, քանի որ այդ մրցանակին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հիմնականում արժանանում են անգլալեզու ֆիլմերը»:

Վերջին անգամ 1998 թվականին էր, երբ ֆրանսուհի Մարիոն Կոտիարը ֆրանսիական «Վարդագույն կյանքը» ֆիլմում էդիթ Պիաֆի դերակատարման համար արժանացավ Օսկարի՝ որպես տարվա լավագույն դերասանուհի:

Բացի լավագույն ֆիլմ ճանաչվելուց, «Արտիստը» նաեւ հաղթել է լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, սաունդթրեք եւ զգեստներ անվանակարգերում:

«Շատ յուրօրինակ մտահղացմամբ արված ֆիլմ է: Բավական մեծ հանդգնություն է հնչուն կինոյի ժամանակներում համր ֆիլմ նկարելը: Առաջին համր ֆիլմն է, որ «Օսկար» է ստանում որպես լավագույն ֆիլմ 1929 թվականից ի վեր», - նկատեց Զավեն Բոյաջյանը:

Տարածված է այն կարծիքը, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը քաղաքական ենթատեքստ ունի, որ մրցանակների են արժանանում հենց քաղաքական հարցեր բարձրաձայնող ֆիլմերը: Այս տարվա լավագույն ֆիլմը կարծես հակառակն ապացուցեց, բայց քաղպատշաճությունը, ըստ Զավեն Բոյաջյանի, ամեն դեպքում պահպանված էր՝ լավագույն օտարալեզու ֆիլմ ճանաչելով իրանական «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը», որն ի դեպ նաեւ «Ոսկե ծիրանի» է արժանացել Երեւանում:

«Ամերիկացի կինոակադեմիկոսները նաեւ միշտ փորձում են ինչ-որ կերպ հավասարակշռության պատրանք ստեղծել հատկապես սպիտակամորթ եւ սեւամորթ դերասանների միջեւ: Այդ պատճառով այս տարի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց սեւամորթ Օկտավիա Սփենսերը», - նշեց Զավեն Բոյաջյանը:

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Մերիլ Սթրիփը՝ արժանանալով իր երրորդ «Օսկարին»:

Իսկ օրիգինալ սցենարի համար ոսկե արձանիկին արժանացավ Վուդի Ալենը, ով այս անգամ եւս չէր ներկայացել մրցանակաբաշխությանը՝ արհամարհելով այն:

please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG