Մատչելիության հղումներ

Առաջիկա ամիսներին «Նաիրիտ»-ը «կսկսի աշխատել»


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ, «Նաիրիտ»-ի նոր կառավարող ընկերության ընտրությունը մտել է ավարտական փուլ, եւ արդեն առաջիկա ամիսներին ընտրությունը կկատարվի, ու «Նաիրիտ»-ը վերստին կսկսի աշխատել:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի կառավարության կողմից մշակվել էր «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման եւ վերակառուցման՚ ծրագիր», որը նախատեսում է գործարանում կատարել 512 միլիոն դոլարի ներդրում, որից 366 միլիոնը պետք է ուղղվի գործարանի արդիականացմանը, իսկ մնացած 146 միլիոնը` պարտքերի մարմանը:

Ծրագրի հրապարակումից հետո հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Մովսիսյանն ասաց, որ «Նաիրիտ»-ով շահագրգռված են չորս ընկերություններ, որնցից մեկն էլ ընտրվելու է, սակայն չհրապարակեց այդ ընկերությունների անունները:

Հիշեցնենք, որ շուտով կլինի երկու տարի, ինչ «Նաիրիտ»-ը չի աշխատում, իսկ մոտ 3 հազար աշխատակիցներն էլ ամիսներով աշխատավարձ չեն ստանում եւ ժամանակ առ ժամանակ կազմակերպում են բողոքի ակցիաներ:

Դեռ 2006-ին «Հայգազարդ» ՓԲԸ-ի եւ Մեծ Բրիտանիայում` օֆշորային գոտում գրանցված «Rhinoville Property Limited» ընկերության միջեւ կնքված համաձայնագրով «Հայգազարդ»-ին պատկանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց «Rhinoville Property Limited» ընկերությանը, իսկ 10 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է` ի դեմս Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության:

«Rhinoville»-ը «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը գնելու համար 2006-ին ԱՊՀ Միջպետական բանկից, որի բաժնետոմսերի 50 տոկոսը Ռուսաստանի կառավարությանն է, 70 միլիոն դոլար վարկ վերցրեց` հինգ տարի ժամկետով: Այդ գումարից 39 միլիոնով գնվեցին բաժնետոմսերը, իսկ մնացած գումարը պետք է ուղղվեր գործարանի արդիականացմանը եւ շրջանառու միջոցների համալրմանը:

Ընդ որում, նշված վարկը տրվեց այն պայմանով, որ այդ 90 տոկոս բաժնետոմսերը որպես գրավ տրվեցին բանկին: Ընկերությունը, փաստորեն, չկարողացավ ղեկավարել «Նաիրիտ»-ը, ինչի հետեւանքով գործարանը տեւական ժամանակ հայտնվեց պարապուրդում: Դեռ ավելին` «Rhinoville Property Limited»-ը չկարողացավ փակել նաեւ վարկը, որը պետք է աներ անցած տարվա դեկտեմբերի վերջին, ինչի հետեւանքով «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը անցավ ԱՊՀ Միջպետական բանկին:

Նախարարն այսօր ասաց, թե անցած տարվա օգոստոսին «Գազպրոմ»-ի և «ՀայՌուսգազարդ»-ի միջեւ ստորագրվել է Հայաստանին վաճառվող գազի գնի նոր պայմանագիրը:

Հիշեցնենք, որ նախորդ պայմանագրի ժամկետը ավարտվել էր անցած տարվա ապրիլի 1-ին: Ընդհանրապես, նախկինում այդ պայմանագրերը կնքվում էին մեկ տարի ժամկետրով` ապրիլի 1-ից մինչեւ հաջորդ ապրիլի 1-ը: Անցած տարի ապրիլի 1-ը եկավ-անցավ, սակայն պայմանագիրը չկար ու չկար:

Լրատվամիջոցները գրում էին, որ ռուսական կողմը ցանկանում է թանկացնել գազը, եւ ձգձգման պատճառը դա է: Եվ ահա այսօր Մովսիսյանը տեղեկացրեց, թե պայմանագիրը կնքվել է անցած օգոստոսին, եւ գազի գինն էլ չի փոխվել:

Նախարարը հավելեց, թե չի կարծում, որ այս օգոստոսին «Գազպրոմ»-ը կցանկանա թանկացնել գազի գինը:

Ըստ Արմեն Մովսիսյանի, անցած տարվա դետեմբերին` Երեւան Իրանի նախագահի այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այս տարվա հուլիսի 1-ից կսկսվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը:

Նոր ատոմակայանի մասով, որը ըստ կառավարության ծրագրի պետք է պատրաստ լինի 2020 թվականին, նախարարը նշեց, որ փետրվարի սկզբին, երբ Երեւանում էր «Ռոսատոմ»-ի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է ֆինանսավորել նոր ատոմակայանի կառուցման 50 տոկոսը, իսկ մնացած կեսը պետք է ֆինանսավորի Հայաստանի կառավարությունը` չներգրավելով երրորդ կողմ: Նախարարի խոսքով, եթե այլ երկրներից առաջարկներ չլինեն, կընտրվի ռուսական կողմի առաջարկը, սակայն այդ դեպքում էլ նոր ատմոկայանի բաժնետոմսերի առնվազն 51տոկոսը հայկական կողմի ձեռքում է լինելու:

Նախարարը խոսեց նաեւ Քաջարան գյուղին առնչվող խնդրից, ասաց, որ առաջիկայում կառավարությունը մի որոշում կընդունի, որը կհետաձգի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին գյուղերի հողերի օտարումը` մինչեւ որ բոլոր կողմերի համար ընդունելի որոշում չկայացվի:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG