«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վերջին օրերին տեղացած առատ ձյունը ստիպում է մի պահ մոռանալ բոլոր մեծ ու փոքր քաղաքական հարցերը եւ «քաղաքականացնել» այն կացությունը, որում հայտնվել է մայրաքաղաք Երեւանը բնության քմահաճույքի հետեւանքով։ Փաստորեն մոտ մեկ շաբաթ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը վերածվել է աղետի գոտու, քանի որ տեղացած ձյունը ոչ ոք չի մաքրել, իսկ այն տրորվելով անցորդների կողմից՝ դարձել է մի հսկայական սահադաշտ։ Դատելով ամենից, քաղաքապետարանին ավելի շատ հետաքրքրում է մայրաքաղաքի համապատասխան հատվածներում համապատասխան քանակությամբ դրոշների տեղադրումը, քան սառցադաշտերով քայլող մեր քաղաքացիները»։
«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ Երեւանի քաղաքապետը հապճեպ փոխեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` Գագիկ Գյանջումյանին. նրան փոխարինեցին Արա Սադոյանով: Վերջինս հայտնի է միայն նրանով, որ Կենտրոնից ընտրված ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որն էլ հայտնի է նրանով, որ պատրաստվում է կրկին առաջադրվել Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքում: Երբ թաղապետը հարազատ եղբայրդ է, ընտրվելու հավանականությունը մեծանում է, քանզի տվյալ համայնքի բնակչության վրա ճնշում գործադրելու հնարավորությունն է մեծանում: Երեկ արդեն Կենտրոն համայնքում ժրաջանորեն ընթանում էին ձյան մաքրման աշխատանքները: Հասկանալի է, որ ժամանակը կարճ է, եւ վարչական շրջանի ղեկավարը պետք է հասցնի ներկայանալ համայնքին, որ հետո խնդրելու-համոզելու-ճնշելու տեղ ունենա»:
«Երկիր»-ը գրում է. - «Մի քանի շաբաթից խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող կոալիցիոն կուսակցությունները սեղանին են դնելու հերթական նախընտրական ծրագրերը եւ սկսելու են դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել մեր ժողովրդի համար դրանց կենսական նշանակությունից: Համամասնական ընտրակարգին անցնելը նախընտրական խոստում է, որ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերում ուղղակիորեն է արտացոլված: Երբ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժերն անցած 5 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, իսկ հասարակական-քաղաքական պահանջի ձեւակերպման պարագայում բացահայտ մերժում են, նշանակում է` պարզապես չեն կատարում իրենց խոստումները: Իհարկե, սա եզակի դեպք չէ եւ գուցե ավելի փոքր խոստումնազանցություն է համատարած ձախողումների ֆոնին: Այս պահվածքը արժեզրկում է առհասարակ նախընտրական ծրագիրը, նախընտրական խոստումներ ասվածը, ձեւավորում այն ընկալումը, թե իրական քաղաքականության մեջ դրանք ոչ մի նշանակություն չունեն, ձեւական բնույթ են կրում, հետեւաբար ինչ էլ առաջարկեն, լինելու է սուտ, պարզ խաբեություն, որի նպատակը միայն իշխանական աթոռներին նստելն է»:
«168 ժամ»-ը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Չե՞ք կարծում, որ Վարդան Օսկանյանի միջոցով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ավելի ակտիվ միջամտել նախընտրական քաղաքական գործընթացներին»: Պատասխան. - «Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԲՀԿ-ին: Բայց ես կարծում եմ, որ նախկին արտգործնախարարներից ոչ միայն պարոն Օսկանյանն է վերադառնում ակտիվ քաղաքականություն: Ալեքսանդր Արզումանյանն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկն է: Ես ցանկանում եմ, որ լինի ազատ մրցապայքար, եւ ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել մի պառլամենտում, որտեղ կլինեն ինտելեկտուալ գործիչներ, նախկին արտգործնախարարներ եւ ներդրում ունեցած գործիչներ, ինչպես նաեւ` շատ խելացի երիտասարդներ»:
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Լրագրողը հարցնում է. - «Դաշնակցությունը սպասու՞մ է Ռոբերտ Քոչարյանին»: Պատասխան. - «Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Դաշնակցությունը իրեն ոչ հրապարակավ, ոչ էլ հոգու խորքում չի համարում, Դաշնակցությունը իր հաղթանակի կողմնակիցն է: Մենք ինքնուրույն կուսակցություն ենք եւ Հայաստանի քաղաքական բեմում գոյություն ունենք 120 տարի, որոնցից զգալի մասը մեր դերակատարությունը եղել է որոշիչ, եւ խոսքը միայն Առաջին հանրապետության կամ նախորդող տարիների մասին չէ: Այսինքն`մենք դերակատար ենք եղել միշտ եւ հիմա էլ ենք դերակատար, դրա համար մենք կարիքը չունենք այս կամ այն քաղաքական գործչի ակտիվությանը սպասելու, որպեսզի ինքներս ակտիվանանք: Որպես կանոն կուսակցությունները կարող են սպասել, որ այս կամ այն քաղաքական գործիչը ինքը այդ քաղաքական ուժին միանալու հայտ ներկայացնի, ցանկություն հայտնի կամ հայտարարարություն անի, ինչպես եղավ Վարդան Օսկանյանի դեպքում: Կանի՞ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարարություն, թե՞ ոչ, ես դեռ չգիտեմ, բայց մենք շարժվում ենք ինքնուրույն օրակարգով»: