Մատչելիության հղումներ

Կոտայքի մարզպետը գոհ է Հրազդանի «ազատ եւ արդար» ընտրություններից


Կոտայքի Հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կարծիքով, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն անցան ազատ ու արդար:

«Դա մեզ հաջողվեց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կովալենկո Շահգալդյանը` հիշեցնելով, որ ինքը հենց այդպիսի ընտրություններ էր խոստացել:

Այն դիտարկմանը, թե քվեարկության օրը Հրազդանում ընտրակաշառքների բաժանման դեպքեր են եղել, իսկ Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Հանրապետականի թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից 5000 դրամ կաշառք բաժանելու փաստի առթիվ, մարզպետը ասաց. - «Մեր խոստանալու իմաստն էլ դրանում էր, որ եթե մարդիկ թույլ կտան օրինազանցություն, կպատժվեն օրենքի խստությամբ»:

Շահգալդյանը հավելեց, թե ընտրախախտումներն այնքան փոքր թիվ էին կազմում, որ Սասուն Միքայելյանի կողմնակիցներն արդյունքները բողոքարկելու համար որեւէ փաստ չունեցան:

Ընտրությունների ընթացքում որոշակի խնդիրներ առաջացան ձայների հաշվարկի ժամանակ` որոշ ժամանակով հոսանքազրկվեցին 25/3, 25/4 եւ 25/9 ընտրատեղամասերը։ Կոտայքի մարզպետը այս փաստը համարում է տեխնիկական սխալ:

Մինչդեռ, Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն ասում է, որ 3 տեղամասերի միաժամանակյա հոսանքազրկումը պատահական չէր կարող լինել:

Անդրադառնալով ընտրակաշառքներին` Մեսրոպյանը նշում է, որ գործող քաղաքապետի թիմը քվեարկության նախորդ օրից է սկսել կաշառք բաժանել, ու մամուլում այդ մասին իրենց ահազանգերը ոստիկանության պատասխանին չեն արժանացել:

«Հասարակության ընչազուրկ, ապակողմնորոշված, ապաքաղաքականացված հատվածին ընտրակաշառքով իրենցով են անում, հետո այդ հավաքած ձայներով ներկայանում են, որ շատ ժողովրդավարական, շատ մաքուր ընտրություններ իբր թե անցկացրեցին», - հայտարարեց ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարը:

Մեսրոպյանը հավելեց, թե առաջիկայում իրենք հանդես կգան հայտարարությամբ, որտեղ կանդրադառնան ընտրախախտումներին: Իսկ ընտրությունների արդյունքները չբողոքարկելու որոշումը պատկանում է Սասուն Միքայելյանին, ով այդ հայտարարությամբ կբացատրի իր որոշման պատճառը:

Հիշեցնենք` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հավաքած ձայներից 1573-ով ավելի քվե է ստացել: Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 13 հազար 79 ընտրող, իսկ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն:

please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG