Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հինգ գյուղապետեր վերընտրվել են


Շիրակի մարզի ութ համայնքներում կիրակի օրը տեղի ունեցած համայնքապետերի ընտրությունների արդյունքներով գյուղերից հինգում վերընտրվեցին գործող գյուղապետերը: Նրանցից երեքը հանրապետական են, երկուսը` անկուսակցական:

Երեք համայնքներում գյուղապետերը փոխվեցին: Տուֆաշենում նոր գյուղապետ ընտրվեց, քանի որ նախկինը հրաժարական էր տվել, եւ արտահերթ ընտրություններ էին նշանակվել: Հանրապետական միակ թեկնածու Արտակ Եգորյանը, 191 կողմ քվե ստանալով, ընտրվեց համայնքի ղեկավար:

Երկու համայնքում իսկական պայքար էր ծավալվել թեկնածուների միջեւ: Գառնառիճ համայնքում գործող գյուղապետ, հանրապետական Մանվել Ղազարյանը պարտվեց իր փեսային` հանրապետական, Գառնառիճի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վանիկ Մանուկյանին: Փեսան մեծ առավելությամբ հաղթեց աներոջը:

Նահապետավան համայնքում «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) անդամ, գործող գյուղապետ Սաշա Վարդանյանը պարտվեց անկուսակցական գյուղի խոպանչիներից մեկին` Գոռ Պետրոսյանին: Փաստորեն քաղաքական ուժերից միայն ՕԵԿ-ը «կորուստ ունեցավ» Շիրակի մարզում: Նահապետավանցիները նշում էին, որ իրենք ոչ թե քաղաքական, այլ աշխատող գյուղապետ են ուզում, որ գյուղի խնդիրները լուծի: Նահապետավանի արդեն նախկին գյուղապետ Սաշա Վարդանյանը, ով 10 տարի ղեկավարել է համայնքը, իր պարտության հարցում նաեւ ինչ-որ տեղ մեղավոր է համարում հարազատ կուսակցությանը, քանի որ ժամանակին գյուղ են եկել ու խոստումներ տվել ու դրանք այդպես էլ թղթի վրա են մնացել:

«Խոստումներ միշտ էլ եղել` պատգամավորների, նախագահի կողմից… բայց թե բոլորն էլ թղթի վրա, անօգուտ է: Գյուղում մեծ ծրագրեր չենք արել, խոստացել էին, որ կօգնեն գազաֆիկացման հարցով, բայց մնաց թղթի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդանյանը:

Գեղանիստ համայնքում էլ ՕԵԿ-ական թեկնածուն մրցում էր անկուսակցական թեկնածուի հետ: Գեղանիստի միջնակարգ դպրոցի ՕԵԿ-ական զինղեկ Արտյոմ Ալեքսանյանը ընդամենը 70 քվեով պարտվեց գործող անկուսակցական գյուղապետ Աղասի Ղազարյանին:

Կան նաեւ գյուղապետեր, որ արդեն նույնիսկ պլանավորում են, թե որքան են ղեկավարելու համայնքը: Օրինակ, Պեմզաշենի վերընտրված համայնքապետ, անկուսակցական, Երկրապահ կամավորական միության Արթիկի կառույցի ղեկավար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանը, ով մրցակցում էր երկու հանրապետական թեկնածուների հետ, պլանավորում է համայնքը ղեկավարել առաջիկա 18 տարին:

«Գյուղապետը վաղուց ես եմ, մինչեւ 2030 թիվն էլ ես եմ լինելու: Մեր գյուղը պետք է դարձնեմ քաղաք», - խոստանում է Ոսկանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG