Մատչելիության հղումներ

Հրատարակվելու են Մաթեւոսյանի անտիպ գործերը


Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը (ձ) Համլետ Մաթեւոսյանին է հանձնում մրցանակակրի դիպլումը:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը (ձ) Համլետ Մաթեւոսյանին է հանձնում մրցանակակրի դիպլումը:
2005 թվականից շնորհվող «Հրանտ Մաթեւոսյան» գրական ամենամյա մրցանակը այս տարի շնորհվեց գրողի կրտսեր եղբորը` բանասիրական գիտությունների թեկնածու Համլետ Մաթեւոսյանին` գրողի թողած անտիպ ժառանգության մանրակրկիտ վերծանման եւ դրանք հրատարակության նախապատրաստելու համար:

Նա վերծանել ու հրատարակության է պատրաստում Հրանտ Մաթեւոսյանի 700 էջանոց «Տախը» վեպը:

«Մրցանակը ինչքան սպասելի, ավելի քան անսպասելի եմ համարում ինձ համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը Համլետ Մաթեւոսյանը: - «Եվ շոյված եմ: Պարտավորվում եմ ավելի շատ աշխատել այդ ձեռագրերի վրա, որոնք ինձ համար աշխարհ են եւ կյանքից ավելի շատ կյանք են»:

Նրա խոսքով, փարատվեց այն տարակուսանքը, թե Հրանտ Մաթեւոսյանը կյանքի վերջին տարիներին չէր գրում, թե «քաղաքականությունը նրան հոշոտեց», որովհետեւ «մեկը մեկին հաջորդում են գեղեցիկ գրականության շատ գեղեցիկ էջեր». - «Դրանք վիպակներ են, նոթեր են, խոհագրություններ են, եւ ընթերցողի սեղանը կհարստանա այդ գեղեցիկ գրականությամբ: Շուտով կտեսնեք»:

«Տքնանք, նույնքան էլ գերակա հաճույք է Հրանտ Մաթեւոսյանի ձեռագրին առնչվելը: Մի քիչ կարելի է ինձ էլ նախանձել», - մրցանակը ստանալուց հետո ասաց Համլետ Մաթեւոսյանը` հավելելով. - «Կուզեի այս մրցանակը տրվեր եւ վաղվա ընթերցողին, աշակերտին, դպրոցին: Որովհետեւ ամենաշատը Հրանտ Մաթեւոսյան վաղը իրենք են սիրելու, որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանը վաղվա եւ դարձյալ վաղվա գրողն է»:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը շեշտեց. - «Անտարակույս, արդի հայ արձակը ծավալվում է այն հունով, որը բացել է մեր մեծ վարպետը` Հրանտ Մաթեւոսյանը»:

Գրողի տիկնոջ` Վերժինե Մովսիսյանի համոզմամբ, մրցանակը մինչեւ այսօր շնորհվել է իսկապես արժանի, տաղանդավոր մարդկանց` Լեւոն Խեչոյանին, Զորայր Խալափյանին, Ռուբեն Հովսեփյանին, Ֆելիքս Մելոյանին. - «Ինչ վերաբերում է Համլետին, նրա արած գործը ոչ մեկին հայտնի չէ: Որովհետեւ գործը արվում է սուս-փուս, տարիների ընթացքում, դանդաղ, բայց որակով»:

please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG