Մատչելիության հղումներ

Տեառնընդառաջը ընտանիքի եւ նորապսակների օրհնության տոնն է


Փետրվարի 13-ին եւ 14-ին հայերը տոնում են Տեառնընդառաջը կամ Տրընդեզը: Այն Առաքելական եկեղեցու նշանավոր եւ մեծ տոներից մեկն է: Այս օրերին շատ կարեւոր է եկեղեցի այցելելը, քանի որ Տրընդեզը ընտանիքի եւ նորապասակների օրհնության օրն է:

Քահանաների խոսքով` Տեառնընդառաջը զուտ քրիստոնեական անվանում է, նշանակում է «Տիրոջն ընդառաջ»: Անվան առաջացումը նորածին Հիսուս Քրիստոսին Սիմեոն ծերունու մոտ տանելու աստվածաշնչյան պատմության հետ է կապված: Երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար, Սիմեոնը նրան ընդառաջ գնաց, իր գիրկը առավ Հիսուսին եւ նրան անվանեց «լույս ժողովուրդներիի համար»:

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ասում է, որ երբ Քրիստոսին բերեցին տաճար ընծայելու, հրեական տաճարի դռան բացվելու հետ մեկտեղ մարդիկ վառած ջահերով ընդառաջ են գնացել, որ տեսնեն, թե ով է իրենց այցելել: Մարգարեություն կար, որ միայն Տիրոջ գալու ժամանակ կբացվի այդ դուռը:

Տեառնընդառաջի ծիսակարգը սկսվում է նախատոնակով: Սովորության համաձայն` նախատոնակի ժամանակ ժողովուրդը եկեղեցում վառվող մոմերից կրակ է վերցնում եւ տուն տանում:

«Նորապսակները կամ նշանադրվածները իրենց Տրընզդեզն են անում. վառում են խարույկը, թռչում են դրա վրայով` հիմնական ծիսակարգը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, իսկ վաղը` առավոտյան ամսի 14-ին, տեղի է ունենալու սուրբ պատարագ, նաեւ նորապսակների օրհնության կարգ է կատարվում: Բոլոր ընտանիքներին խորհուրդ է տրվում այդ օրը եկեղեցի այցելելը», - ասում է Տեր Մարկոսը:

Տեր Ադամ քահանա Մակարյանն էլ բացատրեց, որ կրակը վառելու սովորույթը հիշեցում է Աստծո լույսն ու ջերմությունը եւ բոլորովին կապ չունի հեթանոսության հետ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ հայերը տոնացույցի տոները կենտրոնացնում ենք խնջույքի վրա, ինչը ծանրացնում է տոնակատարության ընթացքը: Տեառնընդառաջ տոնին, համեմատաբար, ավելի քիչ են կարեւորում խնջույքները:

«Մեր տոնացույցի առաջիկա եւ ընթացիկ զարգացումները իրենց մեջ շատ մեծ խնջույքի բաղադրիչ ունեն: Մենք շատ կենտրոնացնում ենք տոնահանդեսը սեղանի շուրջը. դա, մի տեսակ, ծանրացնում է մեր տոնը: Տեառնընդառաջը մինիմալ ուտելիք ունի, ավելի շատ երգ-երաժշտություն, ուրախություն, ստեղծագործական լիցք ունի», - բացատրում է ազգագրագետը:

please wait

No media source currently available

0:00 0:06:19 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG