Մատչելիության հղումներ

Վանես Մարտիրոսյանը պաշտպանեց WBC վարկածով արծաթե գոտին


Հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կիրակի օրը ԱՄՆ-ում պաշտպանեց միջին քաշային կարգում WBC վարկածով արծաթե գոտին` 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով ամերիկացի 41-ամյա Թրոյ Լոուրիին: Այսպիսով Մարտիրոսյանը տարավ իր 32-րդ հաղթանակը:

Դեռ մենամարտից առաջ Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ ձգտելու է արագ նոկաուտի հասնել: Չցանկանալով տալ հաջորդ մրցակցի անունը` Մարտիրոսյանը ռինգում արդեն խոսել է ապագա պլանների մասին:

«Շատ կարեւոր տարի է ինձ համար, որդիս է ծնվել, առջեւում մեծ իրադարձություններ են սպասվում, պարզապես չեմ կարողանում համբերել: Մրցակիցս ինձանից փախչում է, կարծում եմ, իսկ ավելի ճիշտ, վստահ եմ, որ վախենում է: Ամեն անգամ երբ ինձ հնարավորություն է տրվում նրա հետ մենամարտելու, ինչ-որ պատճառ է բռնում դա չանելու համար: Տիտղոսի համար ուզում լավագույնների հետ մենամարտել», - ասել է նա:

Մարտիրոսյանն ասում է` բռնցքամարտն իր կյանքն է, բայց շեշտում է, որ հիմա փորձում է լավագույնն անել որդու համար լավ հայրիկ լինելու առումով: 26-ամյա Վանես Մարտիրոսյանը ծնունդով Աբովյանից է: Մոտ 20 տարի Մարտիրոսյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում: 2004 թվականի Օլիմպիական խաղերում Մարտիրոսյանը ներկայացրել է Միացյալ Նահանգները: Նրա հայրը` Նորիկ Մարտիրոսյանը եւս զբաղվել է բռնցքամարտով: ԱՄՆ-ում արված հարցազրույցում նա պատմել է, որ որդին առաջին քայլերը սկսել է օլիմպիական մեդալակիր Դավիթ Թորոսյանի մոտ, ով սպորտային վառ ապագա է կանխատեսել Մարտիրոսյանի համար:

Մարտիրոսյանի մականունը ռինգում Nightmare է` (Գիշերային մղձավանջ) իր հուժկու, անմիջապես նոկաուտի հասցնող հարվածների համար: Մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը անձամբ ներկա է գտնվել Մարտիրոսյանի մի քանի մարտերին: Նրա խոսքով` միայն այն, որ հայազգի բռնցքամարտիկը մարզական կարիերայում որեւէ պարտություն չի ունեցել, ընդ որում 32 մենամարտերի կեսից ավելիում նոկաուտով է հաղթանակ տարել, վկայում է, որ նա բավական ուժեղ բռնցքամարտիկ է:

«Ցավում եմ, որ հայ մարզասերը շատ քիչ է ճանաչում նրան: Լոս Անջելեսի համայնքը այսօր սիրում, գնահատում է նրան` որպես մարզիկի: Վանեսը հրաշալի անձնավորություն է, շատ լավ երիտասարդ է: Այսօր ձգտում է աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտել, բայց կարծում եմ` շատ բռնցքամարտիկներ խուսափում են նրա հետ մարտի դուրս գալու: Կարծում եմ` Վանես Մարտիրոսյանը, եթե աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտի, անպայման մեծ հաջողությունների կհասնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թադեւոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG