Մատչելիության հղումներ

Բացահայտ հակասություն` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ


Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր զարմանքով հրապարակեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» եւ մի քանի այլ օրինագծերի տապալումն արձանագրող քվեարկության արդյունքը: Իսկ օրինագիծը տապալեց կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի անդամները նախընտրեցին չքվեարկել:

Ըստ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագծի` Հայաստանի Հանրապետության տարածքում 2012 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ ձեւով պետք է իրականացվեն քաղաքացիների միջեւ ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները եւ վճարների ստացումը: Այս օրինագծի ընդունմամբ` նախատեսված նորմերն առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, մեկ տարի անց երկրորդ խախտման դեպքում` 300-ապատիկի չափով: Կառավարությունն այս նախագիծը հիմնավորում է հարկային վարչարարությունն ուժեղացնելու եւ ստվերային տնտեսության դեմ պայքարելու պատճառաբանությամբ:

Քվեարկության արդյունքն իշխող Հանրապետական կուսակցության համար շատ զարմանալի թվաց հատկապես այն պարագայում, երբ կազմակերպվեց վերաքվեարկություն:

«Եթե պատգամավորների կողմից երկուսից, երեքից ավելի բողոք է եղել քվեարկության վերաբերյալ, ապա վերաքվեարկություն է կազմակերպվում», - հայտարարեց ԱԺ նախագահը:

Ուշագրավ է, որ քվեարկության հետ կապված որեւէ պատգամավոր բողոքով հանդես չէր եկել, եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե որ պատգամավորն է բողոքել: Միայն Սամվել Նիկոյանի հարցից հետո, թե ո՞ւմ [կողմ] քվեարկությունը չգրանցվեց, 5-6 հանրապետական պատգամավորներ հասցրին անմիջապես ձեռք բարձրացնել: Բայց վերաքվեարկության ժամանակ «կողմ» ձայներն ավելացան ընդամենը երկուսով, ինչը բավարար չէր օրինագծի ընդունման համար:

Հանրապետականներն այլեւս չզսպեցին զայրույթը նախագծին չքվեարկած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նկատմամբ: Նախ խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց տեղյակ պահել, թե օրինագիծը կոռուպցիայի դեմ է:

«Օրենսդրական նախաձեռնությունը հենց հակակոռուպցիոն միջոցառումների հետ է կապված, եւ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված», - հիշեցրեց նա:

Կառավարության նախագծի նկատմամբ «Բարգավաճ Հայաստան»-ի վերաբերմունքը քննադատեց նաեւ Սամվել Նիկոյանը. - «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը խոսում է ժողովրդի անունից, արդարությունից, հարկերի հավաքման եւ այլ խնդիրներից, եւ վաղը ժողովրդի առջեւ կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է նաեւ ապահովի խոսքի եւ գործի նույնությունը»:

Դժգոհեցին Հանրապետականի մի քանի այլ պատգամավորներ եւս. - «Պետությունը ընդամենը ուզում էր ասել, որ 3 միլիոնից ավելի ձեռքբերումները պետք է լինեն թափանցիկ, պետք է լինեն բանկային համակարգի միջոցով, եւ չքվեարկողները եւ դեմ քվեարկողները ասացին, որ պետք է չէ թափանցիկ լինեն, թող լինեն այնպես, ինչպես մինչեւ այսօր են եղել», - ասաց հանրապետական Արեգ Ղուկասյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից միայն խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանը հնարավորություն ունեցավ խորհրդարանի ամբիոնից խոսելու: Նիկոյանը Նաիրա Զոհրաբյանին ելույթի հնարավորություն չընձեռեց: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց հանրապետականների հայտարարություններից:

«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելը ես տեղին չեմ համարում: Մենք այս նախագծի ենթատեքստում տեսնում ենք մեկ բան` բանկային համակարգին բերել լրացուցիչ եկամուտներ: Մենք բացարձակապես չենք ցանկանում այստեղ տեսնել կոալիցիոն ինչ-որ տարաձայնություններ, մենք չենք ցանկանում խնդիրը քննարկել այդ դաշտում», - ասաց Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իրենք նախքան խորհրդարանի աշխատանքի մեկնարկն էին պայմանավորվել չքվեարկել: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե այսօր երեւաց, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ գոնե բարեհաճ հարաբերություններ չկան, Սաֆարյանը ասաց. - «Տեխնիկապես անկատար օրինագծի ետեւում մեր եւ Հանրապետական կուսակցության միջեւ քաղաքական տարաձայնություններ փնտրելու փորձերը, իրականում ոչ մի հիմքեր չունեն: Հարցը պետք է նայել տեխնիկական տիրույթում»: Նա ասաց` ինքը չի ցանկանում մեկնաբանել հանրապետականների այսօրվա հայտարարությունները:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ` ներկոալիցիոն խնդիր կա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, թե այսօր խորհրդարանում տեղի ունեցածը պարզ ցույց տվեց կոալիցիոն երկու կուսակցությունների խորքային հակասությունները:

«Հակասությունները լուրջ են, եւ սրանք ընդամենը առիթներ են` ցույց տալու այդ տարաձայնությունները, որովհետեւ, ըստ էության, խնդիրը, ինչպես հայտնի է, վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին սատարելուն, դրա հետ կապված կոալիցիոն հուշագրի պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ ԱԺ-ում տեղեր ունենալուն: Սրանք ընդամենը առիթ էին ցույց տալու անհամաձայնությունները կամ այդ դիմակայությունը», - ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ նախկինում Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան»-ը միասին եւ համերաշխաբար կողմ էին քվեարկում բազմաթիվ անընդունելի օրինագծերի:

please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG