Մատչելիության հղումներ

Փաշինյանի խոսքով` «ամեն ինչ նախապես բեմադրված է եղել»


Ոստիկանության պնդումները՝ «կեղծ եւ շինծու»
please wait

No media source currently available

0:00 0:07:29 0:00
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հայտարարեց, որ օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, որպեսզի «կեղծ եւ շինծու» որակի նախօրեին ոստիկանության տարածած տեսանյութում բերվող պնդումները:

Հիշյալ տեսանյութում տուժող Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը իրեն վրաերթի ենթարկելով` թողել է անօգնական ու հեռացել։ Նույն տեսանյութում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վարոսյանը տեղեկացնում է, որ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ եւ ոտքի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք:

Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը իր թերթի խմբագրությունում հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց ձայնագրություններ, որոնցում Աշոտ Ֆրանգուլյանը հիվանդանոցում «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում պատմում է, որ հարվածից հետո նստել է մոտակա մայթեզրին ու գլուխը խփել պատին։

«Աշոտ Ֆրանգուլյանի մոտ եթե նույնիսկ եղել է ուղեղի ցնցում, դա եղել է նրանից, որ ինքը գլուխը տվել է պատին», - հայտարարեց «Հայկական ժամանակի» խմբագիրը։ - «Այս ձայնագրության մեջ կա նաեւ, երբ որ ինքը ասում է՝ իհարկե, դիտավորյալ չտվեցի։ Թե ինչ նպատակով տվեց` դա ուրիշ է։ Մասնագետներից մեկը մեզ հետ զրույցում արեց այդպիսի մեկնաբանություն, որ սրտխառնոց լինում է ուղեղի ցնցումից հետո»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ամեն ինչ նախապես բեմադրված է եղել, եւ միայն Հայկ Գեւորգյանի զգոնության շնորհիվ չի կայացել այս վարկածը:

Ինչ վերաբերում է բժշկի ախտորոշմանը, թե Ֆրանգուլյանը ոտքի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք է ստացել` Փաշինյանը ներկայացրեց լրագրողի եւ տուժողի հետ զրույցի մեկ այլ հատված, որտեղ Ֆրանգուլյանը պատմում է, որ իրեն դիպել է միայն ավտոմեքենայի պաշտպանիչ վահանակը` «շիթը», ընդ որում՝ հարվածը եղել է թույլ։

«Նիվա» ավտոմեքենայի «շիթը» գետնից բարձր է մոտ կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր», - ընդգծեց Փաշինյանը։ Սա, ըստ խմբագրի, անառարկելիորեն ապացուցում է, որ մեքենայի հարվածը չէր կարող պատճառել ոչ լրիվ կոտրվածք: Մանավանդ որ, Փաշինյանի խոսքով, մասնագետները տարակուսանք են հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժշկի հնչեցրած «ոչ լրիվ կոտրվածք» ձեւակերպման հետ կապված։

«Կոտրվածք կա՛մ լինում է, կա՛մ չի լինում։ Ինչպես հղի կա՛մ լինում են, կա՛մ չեն լինում` կիսահղի վիճակ չկա», - ասաց Փաշինյանը։

Ձայնագրության մեկ այլ դրվագում արդեն վրաերթի ենթարկված Աշոտ Ֆրանգուլյանը լրագրողին ասում է, որ կոտրվածք առհասարակ չունի։ «Հասկանալի ա, կապտած չի եղել, բայց ցավ կա՞, չէ՞։ Տես, ես քեզ չեմ ասում` ջարդված ա եղել», - նշում է նա։

«Մարդու վրա նույնիսկ կապտուկ չկա, բայց ցավ կա. ես չգիտեմ` սրտի ցավ է դա, ինչի ցավ է, հոգու ցավ է, ոստիկանության հարուցած ցավ է», - մեկնաբանեց «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը։

Մեկ այլ դրվագում էլ Ֆրանգուլյանը պատմում է, որ մեքենան իրեն միայն մեկ անգամ է դիպել. - «Մի անգամ ա խփել, ազիզ ջան, հո ես շառ անող չեմ»։

«Այսինքն, չէր կարող մի հարվածով, ինչպես հայտնի մուլտում է նկարագրված, մի հարվածով բոլոր հնարավոր վնասվածքները Հայկ Գեւորգյանի մեքենան չէր կարող պատճառել տուժողին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը անդրադարձավ նաեւ ոստիկանության այն պնդմանը, թե կալանավորումը կապված չէ Հայկի մասնագիտական գործունեության հետ, մանավանդ որ մինչեւ նրան հայտնաբերելը ոստիկանությանը անգամ հայտնի չի եղել, որ նա լրագրող է։ Նա ներկայացրեց ձայնագրության մի դրվագ, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանը ասում է` իրեն հայտնի է, որ ղեկին մասնագիտությամբ լրագրող. - «Ես էլ եմ լսել` ինչ-որ ինքը լրագրող ա, ինչ ա, հա՞»։

«Հետաքրքիր է` որտեղի՞ց իմացավ։ Հայկ Գեւորգյանի մեքենայի վրա, ի դեպ ասեմ, ոչ մի նշում չկա` «Մամուլ», «Հայկական ժամանակ»», - ընդգծեց Փաշինյանը։

Այս ձայնագրությունը, նրա փոխանցմամբ, կատարվել է դեռ հունվարի 17-ին: Ի դեպ, ոստիկանության տեսանյութում Աշոտ Ֆրանգուլյանը հաստատում է, որ իրեն իսկապես այցելել է լրագրող. սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապացուցում է իր ներկայացրած ձայնագրության ճշմարտացիությունը:

Օրաթերթի խմբագրի խոսքով` իրենց ձեռքի տակ շատ ավելի մեծ ինֆորմացիա կա, որը առայժմ չեն հրապարակում` հաշվի առնելով մարտավարական նրբությունները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե այս փաստերը հրապարակելուց հետո էլ Հայկ Գեւորգյանը մնա անազատության մեջ, պետք է հետեւություններ անել, որ սա ուղերձ է ոչ միայն իր թերթին, առհասարակ` լրագրողներին, այլեւ` ողջ հանրությանը։

«Ես երբ որ բանտում էի, իշխանությունները անընդհատ խոսում էին «Մարտի 1»-ի կրկնությունը թույլ չտալու, «Մարտի 1»-ի սխալներից հետեւություններ անելու մասին։ Վովա Գասպարյանի նման մարդիկ պետական իշխանության ղեկին շատ լուրջ սպառնալիք են ստեղծում, որ Հայաստանի Հանրապետությունում «Մարտի 1»-եր կարող են կրկնվել», - հայտարարեց «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը` մանրամասնելով. - «Որովհետեւ եթե նրանք հիմա են էս կարգի լկտի կեղծիքներով, փորձում են լռեցնել հիմիկվանից լրագրողներին, նրանք փորձում են լռեցնել մի լրագրողի, որը ընդամենը շատ փոքրիկ կոռուպցիոն երեւույթներ է բացահայտել, պատկերացրեք, թե ինչ կլինի այն լրագրողների հետ, ովքեր շատ շուտով կսկսեն բացահայտել ընտրակեղծիքներ, կբացահայտեն այնպիսի երեւույթներ, որոնք ցույց կտան, որ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու` Սերժ Սարգսյանի խոստումը ընդամենը փուչիկ է, ընդամենը հանրության` հայաստանյան եւ միջազգային հանրության աչքերին թոզ փչելուն ուղղված արտահայտություն է»։

Երկուշաբթի օրը լրանում է 72 ժամը, ինչ Հայկ Գեւորգյանը կալանավորված է։ Մինչ եռօրյա ժամկետի լրանալը դատարանում նրան պետք է հնարավորության տրվի վիճարկել կալանքի մասին որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG