Մատչելիության հղումներ

Փետրվարի 4-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։ «Խոսք չկա ասելու ոստիկանության մասին, որը գործում է սովետական «մենթության» ավանդույթների ոգով, վկայելով թե՛ իր առանձնակի ցինիզմն ու մարդու իրավունքի հանդեպ բացարձակ արհամարհանքը, թե՛ նաեւ իր բացարձակ ոչ իրազեկությունը գրեթե բոլոր իմաստներով։ Իսկ կոնկրետ նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանի առումով` Հայկ Գեւորգյանի հանդեպ կատարվածը պարզապես դիմակազերծում էր. այսպես ասած` նոր ոստիկանության մասին նրա հայտարարությունների փուչիկի պայթյուն», - ընդգծում է թերթը։

«Երկիր»-ը գրում է. - «Հասարակությունը գտնվում է իրեն թելադրված մի արտակարգ, պատկերավոր ասած` «Աստված էլ բեթարից ազատի» ռեժիմում։ Քաղաքացուն ներշնչում են, թե հայրենի իշխանությունն իր համար նույնիսկ անկարելին է անում, եւ դա ոչ թե իր պարտականությունն է, այլ լավության, մեծահոգության բացառիկ դրսեւորում։ Ակնկալիքն էլ մեծ չէ. ընդամենը` այդ անձնվիրության համար լինել հավերժ երախտապարտ։ Կարող էր, չէ՞, իշխանությունը տնտեսության անկումը 2009-ին ոչ թե աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշին` 22 տոկոսին հասցնել, այլ թույլ տար մեր տնտեսությունը վերջնականապես փլուզվի։ Իսկ այսօր հպարտությամբ էկրաններից հայտարարում են, թե նվազագույն կորուստներով ենք ճգնաժամից դուրս եկել»։

«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանին հարցնում է. - «ԲՀԿ խոսնակի հայտարարությունը, թե Վարդան Բոստանջյանն արտահայտել է իր անձնական կարծիքը` ասելով, որ «Բարգավաճը» պատճառ չունի չսատարելու Սերժ Սարգսյանին, ոմանց հիմք տվեց հեռահար հետեւություններ անելու, թե ԲՀԿ նախագահի խոստացած «հաջորդ դասը» հետաձգվում է անորոշ ժամանակով։ Կա՞ նման բան»։ Պատասխան. - «Որպես կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի` քաղխորհրդի անդամ, ընդամենը պիտի կրկնեմ այն, ինչի մասին արդեն ասվել է` պարոն Բոստանջյանը, այո, հայտնել է իր անձնական կարծիքը։ Կուսակցությունը քանիցս ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը, ի դեմս առաջնորդի եւ լիազոր այլ ներկայացուցիչների. ավելացնելու բան չունեմ, սակայն ունեմ իմ անձնական կարծիքը. սատարել-չսատարել կամ այդ կապակցությամբ որոշումներ կայացնել հարկավոր է այն ժամանակ, երբ կլինեն առաջադրումներ կամ գոնե այդ մասին հայտարարություններ` համապատասխան ծրագրերով հանդերձ»։

«168 ժամ»-ին հարցազրույց է տվել նախկին ատգործնախարար Վարդան Օսկանյանը։ Լրագրողը հարցնում է. - «ՀՀԿ-ից ակնարկներ են հնչում, թե ԲՀԿ-ն խախտում է մեկ տարի առաջ ստորագրած կոալիցիոն հայտարարությունը, որտեղ այս խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի հարաբերակցությունը պահելու մասին պայման կար։ Իսկ ավելին ունենալու մասին ԲՀԿ-ի հայտարարությունները գնահատվում են որպես կոալիցիոն այդ պայմանի խախտում»։ Պատասխան. - «Ես անդրադարձել եմ այդ հայտարարությանը եւ համարել եմ, որ կոնկրետ այդ դրույթը հակաժողովրդավարական է։ Փաստորեն, այդ հուշագրով նրանք են որոշում, թե ժողովուրդն ինչ պետք է անի։ Մինչդեռ ժողովուրդը պետք է որոշի, թե իր քվեն ում տա։ Կարծում եմ, որ այդ դրույթը հնարավոր կլինի իրագործել այն ժամանակ, երբ այդ կուսակցությունները մեկ ցուցակով մասնակցեն ընտրություններին։ Իսկ եթե միասին չեն մասնակցում, պետք չէ մեղավոր փնտրել, թե ով է խախտում։ Փաստաթուղթն է մեղավոր»։

«Տիգրան Սարգսյանը բուն թեման, բուն իրական լծակները թողած` փորձում է երկրորդական, երրորդական բաների վրա ուշադրություն դարձնել եւ առավել եւս մատուցել կառավարության անդամներին իր ողորմելի պատկերացումները աղքատության մասին», - «Առավոտ»-ի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսպես է մեկնաբանել կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարեւորագույն պայման է։ «Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն` այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ», - ասել է վարչապետը։ Ըստ Հրանտ Բագրատյանի` Ուկրաինան եւ Լատվիան այն երկրներն են, որտեղ այսօր 100 տոկոսով բարձրագույն կրթություն են ստանում։ Ի տարբերություն Ուկրաինայի` Ճապոնիայում բարձրագույն կրթություն ունեցողները երեք անգամ պակաս են, սակայն Ճապոնիայում աղքատությունն ընդամենը 4 տոկոս է։ «Այսինքն` Տիգրան Սարգսյանի այդ մտքերը ուղղակիորեն գոյություն չունեն։ Տիգրան Սարգսյանն իմ ասած թվերին պարզապես տեղյակ չէ։ Աղքատության հաղթահարման միակ բանաձեւը պրոգրեսիվ եկամտահարկ մտցնելն է», - ասել է Բագրատյանը։


please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG