Մատչելիության հղումներ

«Հայջրմուղկոյուղի»-ն վերահաշվարկում է գյուղացիների պարտքերը


«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Արարատի մարզի Դաշտավան գյուղի գյուղապետարանում այսօր «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենն իր մի քանի աշխատակիցների, մարզպետի, ջրամատակարար ընկերության տարածքային, տեղամասային ղեկավարների ներկայությամբ լսեց գյուղացիների դժգոհությունները:

Դաշտավանի բնակիչները, հիշեցնենք, բողոքում են, որ «Հայջրմուղկոյուղի»-ն իրենց վերագրել է անհիմն պարտքեր, որոնք, ըստ ընկերության, կուտակվել են սկսած 2004 թվականից: Բայց գյուղացիները Պատրիկ Լորենին ցույց տվեցին վճարման կտրոնները` ասելով, որ ամիս առ ամիս բոլորը կատարել են վճարումները:

Պատրիկ Լորենն ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը միշտ պատրաստ է հարցեր քննարկել բաժանորդների հետ. - «Թող գան, համապատասխան տեղամասեր ներկայանան, խոսեն իրենց պարտքերի մասին, փորձենք լուծում գտնել միասին: Եթե վերահաշվարկի ենթակա է, վերահաշվարկ անեն: Սա ուղղված չէ բնակչությանը վնաս տալուն, սա ուղղակի կոնկրետ օրենքով նախատեսված քաղաքականություն է: Փորձում ենք մարդկանց ընդառաջ գնալ եւ երբեմն աչք ենք փակում, ասում ենք` այսքանը կարող ենք զիջել եւ այլն: Բայց դա անելով` մենք օրենքը խախտում ենք»:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հակադարձեց. - «Պետք է իմանալ, թե որտեղից են գալիս այդ պատճառները: Եթե 2004, 2006, 2007 թվականին մարդիկ հաշվիչ չեն ունեցել, եւ քո պատասխանատու պաշտոնատար անձը, որը ջրի դիմաց գումարները հավաքագրել է, ասել է` այսքան դրամ պետք է մուծվի, մարդը պարտաճանաչ մուծել է: Դուք հետո վերահաշվարկ եք կատարել, դրա համար ժողովրդի դժգոհությունն է առաջացնում»:

Լորենն ի պատասխան ասաց, որ այդ նպատակով էլ իրենք բաժանորդներին ընդառաջ են գնում, որպեսզի նրանց հետ նորմալ փոխհարաբերություններ հաստատեն:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենը, կոմերցիոն տնօրենը, մարզպետը, մարզպետի խորհրդականը, գյուղապետը եւ էլի պաշտոնյաներ, հարցը քննարկելով դժգոհ գյուղացիների բացակայությամբ, պայմանավորվածություն ձեռք բերեցին: Ապա մարզպետը տեղեկացրեց, որ մարզպետարանի, գյուղապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է վերահաշվարկ կատարել:

«Վերահաշվարկ կկատարեն, որից հետո հավաքվելու ենք: Ես կփորձեմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դուք չվճարեք… Չեն վճարելի այն մասը, որը առանց վերահաշվարկելու օդից թվեր են գրել», - ասաց Բարսեղյանը` հավելելով, որ վերահաշվարկը կատարվելու է առաջիկա մի քանի օրում:

Գյուղացիներն ասում են, թե արդար կլինի վերահաշվարկը, եթե «Հայջրմուղկոյուղի»-ն հրաժարվի իրենց վերագրած բոլոր անհիմն պարտքերից:

«Մենք պարտք չունենք», - պնդում էին նրանք: - «Եթե չեն զրոյացնելու, պարտքի տակ ենք նորից մնալու, ավելի լավ է ամբողջ գյուղի ջուրը թող անջատեն»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր կոմիտեում քննարկել են իրավիճակը. - «Մենք բոլոր մեր ջրամատակարար ընկերություններին հանձնարարություն ենք տվել. երբ որեւէ տեղ վիճարկելի պահ է առաջանում, գրավոր տեղյակ պահեն սպառողին, սպառողի հետ հանդիպում ունենան, նայեն նորից գրաֆիկները, հասկանան, թե որտեղ է պրոբլեմը, որը պայմանավորված է նաեւ ջրամատակարար ընկերության թերացումով, ճշգրտում կատարեն: Շատ հնարավոր է, որ գրաֆիկներում ճիշտ հաշվարկած չլինեն: Եվ բաժանորդի հետ համատեղ պարտքի մասով փոխադարձ ընդունված թիվը պատրաստեն գրաֆիկ` տարիների կտրվածքով»:

Ի դեպ, Արարատի մարզպետը Դաշտավանից հեռանալուց առաջ մի պարզաբանում հնչեցրեց. - «Առայժմ այդ ծանուցագրերում գրված գումարներից ոչ մի կոպեկ չեն վճարելու` մինչեւ վերահաշվարկ չկատարվի: Որից հետո ես կհայտարարեմ, իմ խորին համոզմամբ, կլինի դրական պատասխան»:

Բայց չանտեսենք հանգամանքը, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ընթացիկ վարույթներով մարզերում ապրող բնակիչներից ջրի պարտքերի դիմաց ավելի քան 96 միլիոն դրամի գանձումներ են կատարվում կենսաթոշակներից:

Հիշեցնեմ, որ նախորդ տարիներին ջրի դիմաց պարտքերից բողոքներ կան նաեւ մի շարք այլ գյուղերում:

please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG