Մատչելիության հղումներ

Փետրվարի 1-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Շուտով ընտրություններ են լինելու, իսկ դա նշանակում է, որ հակամարտող ուժերը իրար դեմ կիրառելու են այն, ինչ «գիտական լեզվով» կոչվում է «PR տեխնոլոգիաներ», իսկ ավելի կենցաղային մակարդակում կրում է «մուտիլովկա» անունը: Դա իրականում առանձնապես բարդ եւ մտավոր ճիգեր պահանջող գործ չէ՝ այդ մեթոդներով կարելի է կռիվ գցել ընտանիքում, աշխատանքային կամ ցանկացած այլ կոլեկտիվում: Մոտենում ես X-ին եւ ասում ես՝ «գիտես, Y-ը քո մասին այսինչ բանն է ասել»: Այդ X-ը՝ տաքարյուն կովկասյան բնավորություն ունենալով, բնականաբար, նույն պահին փրփրում է եւ Y-ի մասին մի երկու «քաղցր բառ» է ասում, որը, բնականաբար, փոխանցվում է Y-ին: Դրանից հետո այդ երկու անձերի փոխհրաձգությունն ապահովված է: Դա կենցաղում անվանում են նաեւ «խոսք տանել-բերել»: Կուսակցությունների, քաղաքական ուժերի դեպքում ցանկացած միջին մակարդակի լրագրող դա կարող է անել հեշտությամբ, որովհետեւ մեր քաղաքական գործիչներն այնքան ինքնավստահ են, ինքնասիրահարված եւ իրենց այնքան են դրել «դուխով տղերքի» տեղ, որ ցանկացած նման խայծ կուլ են տալիս»:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը. - «Եթե նախկինում իշխող կուսակցությունում կար միայն երկու թեւ` հին ու նոր հանրապետականներ, ապա հիմա ՀՀԿ-ն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թեւ, հին հանրապետականների թեւ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեւ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեւ եւ այսպես շարունակ: Ու հիմա, ինչպես պնդում են ՀՀԿ մեր աղբյուրները, այս թեւերը, որ ներքին կատաղի պայքար են մղում իրար դեմ, փորձում են հնարավորինս շատ քվոտա ստանալ ՀՀԿ համամասնական ցուցակում: Թեւերի առաջնորդները փորձում են առավելագույն տեղեր ապահովել ՀՀԿ համամասնական ցուցակում ` իրենց մարդկանց համար: Այս փուլում որոշվում է, թե Տիգրան Սարգսյանը քանի տեղ է ունենալու, Հովիկ Աբրահամյանը` քանի, Միքայել Մինասյանը` քանի: ՀՀԿ-ում վերջնականապես չի որոշվել անգամ, թե ովքեր են գլխավորելու իրենց համամասնական ցուցակի հնգյակը»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ներքաղաքական թեժացող զարգացումներում, երբ կարծես թե ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանության ներսում փորձելու է ձեւավորել այսպես ասած երկրորդ թեւը, իսկ ընդհանրապես քաղաքական դաշտում հավակնելու է ակտիվ երրորդի դերին, կարեւոր հարցերից մեկն այն է, թե Հայ ազգային կոնգրեսն ինչպես է արձագանքելու Քոչարյանի ակտիվությանը: Մեկ-երկու տարի առաջ Կոնգրեսը հստակ ցույց էր տալիս, որ Քոչարյանն իր համար շարունակում է մնալ լուրջ վտանգ, գրեթե այնքան, որքան գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ գուցե նաեւ ավելին: Իսկ որոշ ժամանակ անց էլ, Լեւոն Տեր-Պետրոսյանը գործակցության ուղղակի առաջարկ էր անում Քոչարյանի հենարան հանդիսացող կուսակցությանը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին: Կոնգրեսի այդ հակասական պահվածքը բնականաբար իրարամերժ հարցադրումների տեղիք է տալիս: Ի վերջո, ի՞նչ սկզբունքներ կան Կոնգրեսի եւ Քոչարյանի միջեւ հնարավոր հարաբերության ճանապարհին, որպես արգելք, եւ ի՞նչ ընդհանուր շահեր՝ որպես կամուրջ: Երբ Քոչարյանն ակտիվանա, Կոնգրեսը Սերժ Սարգսյանի՞ն է օգնելու՝ Քոչարյանին համատեղ զսպելու հարցում, թե՞ փորձելու է Քոչարյանին օգնել, բայց այնքան, մինչեւ որ զիջումներ պարտադրի Սերժ Սարգսյանին»:

«Եթե անգամ լինեմ էլ ՀԱԿ-ի ցուցակում, ապա միայն վերջին համարներում»,- «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա հերքել է շրջանառվող լուրերը, թե արդեն հայտնի են ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնողների անունները` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Ստեփան Դեմիրճյան: «Նման որոշում դեռ չկա, երեկ ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի ժամանակ, որին մեր կուսակցությունից մասնակցում էր Ռաֆիկ Մկրտչյանը, որեւէ մեկի անուն-ազգանուն չի քննարկվել: Անհատական քննարկում չկա, դեռ քննարկվում են ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելու սկզբունքները», - հավելել է Արամ Սարգսյանը:

«Հրապարակ»-ի խմբագիրը հռետորական հարց է բարձրացնում. - «Կհաջողվի՞ արդյոք մաքուր, հարթ եւ անցնցում ընտրություններ անցկացնել: Այնպիսի ընտրություններ, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին: Թե՞ սուտասանի տան հրդեհի նման ինչ էլ անեն, վերջում ասելու ենք՝ ընտրությունները կեղծվել են, ու մեր ձայնը գողացվել է: Մեր 20-ամյա պատմության դասերն անհետեւանք չեն անցնում: Աչքը տեսածից է վախենում, եւ լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը, ասում են ժողովրդական ասացվածքները: Ո՞րն է նորմալ ընտրություններ անցկացնելու բանալին: Ոմանք կարծում են, որ երաշխիքը Ընտրական սուպեր օրենսգիրքն է: Մյուսները պնդում են, որ, ասենք՝ մատները թանաքոտելու կամ ընտրացուցակներն ինտերնետում հրապարակելու հանգամանքը կփրկի մեզ կեղծիքից: Կամ՝ վստահված անձերի կուռ շարքերը: Կամ՝ քվեատուփերի մոտ գիշեր ու զօր հերթապահելը: Անձամբ ես խիստ կասկածում եմ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG