Մատչելիության հղումներ

Սենատորները վիճարկում են ցեղասպանության ժխտման օրենքը


Ֆրանսիացի 76 սենատորներ այսօր հայտնել են, որ դիմել են Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը, որն արժանացել է երկրի խորհրդարանի երկու պալատների հավանությանը եւ սպասում է նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը։

Սենատորները պատկանում են բոլոր քաղաքական խմբերին, ներառյալ` Սոցիալիստական եւ Սարկոզիի UMP կուսակցությունների խմբակցություններին: Սահմանադրական խորհրդին բողոք են ներկայացրել նաեւ 65 պատգամավորներ: Ֆրանսիայի օրենսդրական բարձրագույն մարմինը կարող է չեղյալ համարել օրենքը, եթե 60 սենատորներ եւ 60 պատգամավորներ, Ազգային ժողովի եւ Սենատի նախագահները, պետության ղեկավարը բողոք ներկայացնեն դրա դեմ:

Այս իրադարձությունը կարելի է համարել սպասելի` Թուրքիայի անընդհատ բողոքների եւ օրենքի դեմ կատարված լոբբիստական աշխատանքի ֆոնին: Հիշեցնենք, դեկտեմբերին ետ կանչված Թուրքիայի դեսպանը, ով մի քանի օր անց Փարիզ էր վերադարձել, հայտարարել էր, որ ետ է եկել օրինագծի ընդունման խափանման աշխատանքը կազմակերպելու համար:

«Ֆրանս-թուրքական հարաբերությունները կհանդարտվեն Սահմանադրական խորհրդի կողմից այն վերանայելուց հետո», - հայտարարել էր Թուրքիայի դեսպանատանը խոսնակը` հավելելով. - «Կանգնած էինք մեր երկու երկրների հարաբերությունների խզման առջեւ, առայժմ կարծես թե խուսափել ենք դրանից: Այժմ մենք սպասում ենք սահմանադրական հանձնաժողովի որոշմանը»:

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհրդի հետ համագործակցող իրավաբան միջազգային հարաբերությունների մասնագետ Րաֆֆի Ֆիլիպ Գալֆայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համաձայն օրենքի` Ֆրանսիայի նախագահը չի կարող իր ստորագրությունը դնել մի օրենքի տակ, որի դեմ կան Սահմանադրական խորհրդին ուղղված դիմումներ:

«Սահմանադրական խորհուրդը կարող է իր պատասխանը տալ մեկ ամսվա ընթացքում, վերջին խոսքը պատկանում է նրան», - ասաց Գալֆայանը:

Հարցին, թե կարելի է արդյո՞ք դրական պատասխան սպասել` նկատի ունենալով այն վերապահությունները, որոնք բազմիցս արտահայտվեցին հենց Սենատի ներսում նրա իրավական հանձնաժողովի կողմից, Րաֆֆի Ֆիլիպ Գալֆայանն ասաց, թե կանխելու համար այդ նոր փորձությունը` Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհուրդը կազմակերպել էր մի հակահարված, այսինքն Ազգային ժողովի իրավական հանձնաժողովի մի շարք պատգամավորների, անձամբ իր եւ մի խումբ այլ իրավաբանների կողմից փոփոխության է ենթարկվել օրինագիծը` համապատասխանեցնելով այն ֆրանսիական սահմանադրությանը, որպեսզի օրենքի սահմանադրականությունը չառարկվի Սահմանադրական խորհրդի կողմից:

Միաժամանակ նախագահ Նիկոլա Սարկոզին, Nouvelles d'Armenie պարբերականի կայքի փոխանցմամբ, այսօր հայտարարել է, որ սենատորների այս նախաձեռնությունը «իրեն ծառայություն չմատուցող քայլ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG