Մատչելիության հղումներ

«Բանակում արտակարգ պատահարների առաջին պատճառը միջանձնային հարաբերություններն են»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց ուսանողների եւ դասախոսական կազմի հարցերին:

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի բանակում շարունակվող սպանություններն ու ինքնասպանությունները, նախարարը արձագանքեց, թե Զինված ուժերում այս տարի մահվան ելքով ամենաքիչ արտակարգ դեպքերն են գրանցվել: Նրա խոսքերով 2011 թվականը կարգապահական եւ իրավական աշխատանքների համար եղել է առաջընթացի տարի:

«Անցած տարվա ընթացքում տեղի ունեցած պատահարներից միայն 14 են իրենց մեջ կրիմինալ պարունակում, մնացածը ծառայողական եւ անվտանգության կանոններում թերանալու արդյունք է», - ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ բանակում տարվող դաստիարակչական աշխատանքներն են, որ կկանխարգելեն արտակարգ դեպքերը:

«Չկա որեւիցե արտակարգ պատահար, որի շուրջը չկազմվի պաշտպանության նախարարի հրաման եւ կարգապահական առումով չպատժվեն համապատասխան հրամանատարները», - նշեց պաշտպանության նախարարը:

Իսկ դրանց առաջացման պատճառներից առաջինը, ըստ նրա, միջանձնային հարաբերություններն են. -«Մեծ քանակությամբ տղաներ, երիտասարդների ինքնահաստատման պահեր, որը բերում է նրան, որ միջանձնային հարաբերությունների մեջ մերթընդմերթ սխալներ են լինում, վեճ է առաջանում, եւ այդ վեճի արդյունքում լինում է նաեւ զենքի կիրառում: Սրա պատճառն էլ այն է, որ շատ երիտասարդներ փողոցային բարքեր սովորած են գալիս բանակ»:

Հունվարի 27-ին գրանցվեց մահվան ելքով հերթական արտակարգ պատահարը, երբ հրազենային վնասվածքից մահացավ ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանը: Սպանությունը կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:

Ինչո՞ւ են բանակում շարունակվում սպանությունները, հարցրինք քաղաքացիների կարծիքը: Ահա պատասխաններից մի քանիսը. «Պատճառը զինվորների եւ սպայական կազմի փոխհարաբերություններն են: Ես ծառայել եմ բանակում եւ կարծում եմ, որ սպայական կազմը կարող է կարգավորել ծագած վեճերը», «Զինվորները չեն ենթարկվում սպաներին, որովհետեւ հասկանում են, որ պետք չէ նրանց ենթարկվել, քանի որ պաշտոնն են չարաշահում», «Մենք լավ ղեկավարներ, վերահսկողներ չունենք»:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG