Մատչելիության հղումներ

Օսկանյանը համամասնականի կողմնակիցներից «քաղաքացիական շարժում» է ակնկալում


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ցանկալի է համարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից քաղաքական ուժերի կողմից քաղաքացիական շարժում ձեւավորելը։

«Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով` ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետեւաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ եւ այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չկորցնեն եւ այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման` կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում», - ասված է նախկին արտգործնախարարի հայտարարությունում, որը տարածել է նրա գլխավորած հիմնադրամը։

Նշելով, որ «այսօր միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ», այդ թվում` «քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների` հատկապես «Բարգավաճ Հայաստան»-ի վրա», Օսկանյանը դրանցից խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարեւորն է համարում ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ։

Նախկին արտգործնախարարը նշում է նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իր ներգրավվածության մասին խոսակցություններն «անհիմն չեն»: «Բարգավաճ Հայաստան»-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ եւս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել եւ կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս», - հայտարարում է Օսկանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG