Մատչելիության հղումներ

«Եթե բոլորը» ֆիլմը խաղաղության մասին է


Հատված «Եթե բոլորը» ֆիլմից
Հատված «Եթե բոլորը» ֆիլմից
Չորեքշաբթի օրը լրագրողներին ներկայացվեց «Եթե բոլորը» նոր հայկական գեղարվեստական ֆիլմը:

Ֆիլմը, որը երկու տարում նկարահանել է հայ եւ ռուս կինոգործիչներից բաղկացած ստեղծագործական խումբը` անվանի դերասան, կինոռեժիսոր Միքայել Պողոսյանի գլխավորությամբ, հուզիչ, գեղեցիկ պատմություն է ղարաբաղյան պատերազմում զոհված ռուս սպայի դստեր եւ հայ ազատամարտիկների մասին: Սարատովից Հայաստան եկած աղջիկը, որի կերպարը մարմնավորել է ռուս երիտասարդ դերասանուհի Եկատերինա Շիտովան, հոր մահից 20 տարի անց փորձում է գտնել նրա գերեզմանը եւ տնկել իր հետ բերած բարդու տնկին: Սակայն պարզվում է, որ ճակատամարտի թեժ պահին իր հայ հրամանատարի կյանքը փրկելու համար զոհված ռուս սպայի գերեզմանը գտնվում է սահմանից այն կողմ: Բայց հոր հրամանատարի հետ, ում կերպարն էլ մարմնավորել է Միքայել Պողոսյանը, աղջկան հաջողվում է իրագործել իր նպատակը` անցնել սահմանից այն կողմ, գտնել հոր գերեզմանը եւ տնկել բարդին: Այդ պահին զենքը պահած նրանց է մոտենում գյուղաբնակ մի ադրբեջանից, որը հարցնում է, թե ինչ են անում եւ երբ լսում է աղջկա պատասխանը, թաց աչքերով ասում է, որ սահմանի այն կողմում էլ ականի պայթյունից իր տասնամյա տղան է զոհվել իրենց տան բակում: «Նրա գերեզմանին ո՞վ ծառ կտնկի», - հարցնում է ադրբեջանցին: Ֆիլմի գլխավոր հերոսները իրենց պարտքն են համարում մի բարդի էլ այդ փոքրիկ տղայի հիշատակին տնկել սահմանի այս կողմում:

«Մեր ֆիլմը կարծես թե պատերազմյան թեմայի շուրջ է, բայց այն խաղաղության մասին է: Մենք ուզում ենք, որ այսօր մարդկային գիտակցությունը հասնի այն աստիճանի [կարեւոր չէ, որ ազգության], որ [հասկանան`] խաղաղությունը խաղաղություն է, եթե բոլորը ցանկանան, որ աշխարհում խաղաղություն լինի, խաղաղություն կլինի», - ասաց Միքայել Պողոսյանը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունեն վաղը` «Մոսկվա» կինոթատրոնում: Երեւանից բացի այն կցուցադրվի նաեւ Ստեփանակերտում եւ Մոսկվայում, այնուհետեւ կմասնակցի միջազգային կինոփառատոների: Ֆիլմի նկարահանումների գերակշռող մասը տեղի են ունեցել Ղարաբաղում: Ֆիլմի երաժշտության հեղինակը Վահագն Հայրապետյանն է, հնչում է նաեւ Լիլիթ Պիպոյանի երգերից մեկը:

Ինչպես նշեցին ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, նկարահանումներին աջակցել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Կոնվերս» բանկը:

please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG