Մատչելիության հղումներ

Հունվարի 25-ի մամուլ


«Երկիր» թերթը գրում է. - «Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը բարոյական, բայց նաեւ ընդգծված քաղաքական նշանակություն ունի: Թուրքիան հայտնվել է Ցեղասպանության ճանաչման հնարավոր շղթայական ռեակցիան չեզոքացնելու մարտահրավերի առջեւ` հասկանալով, որ շանտաժի լեզուն այլեւս չի օգնում: Իսկ դա նշանակում է, որ թուրքերը կարող են դարձյալ խաղարկել հայերի հետ հաշտվելու, իսկ իրականում` դրա իմիտացիան ստեղծելու պահեստային խաղաքարտը` փորձելով քաղաքական ու դիվանագիտական օրակարգ վերադարձնել 2008-ին ստորագրված, բայց վավերացման սպասող արձանագրությունները»: «Եթե այդ շրջադարձը լինի, Անկարայից կառուցողականություն հայցող Հայաստանը ոչ մի լծակ չի ունենալու` փախչելու արձանագրությունները վավերացնելու կամ դրանց շուրջ նոր բանակցություններ սկսելու հեռանկարից», - կանխատեսում է թերթը ու եզրակացնում. - «Խուսափելու միակ միջոցը, որը Հայաստանի իշխանությունը համառորեն չի ուզում տեսնել, արձանագրություններից ձերբազատվելը եւ թուրքերին դրանցով մանեւրելու հնարավորությունից զրկելն է»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Այսօր եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Հայաստանի հասարակությանը հետաքրքրող թիվ մեկ թեմաներից է լինելու Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքը։ Սա ինչ-որ տեղ օրինաչափ է, սակայն ինչ-որ առումով նաեւ` անտրամաբանական, երբ բազմաթիվ իրավաքաղաքական, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ունեցող հասարակությունը կարող է տեւական էյֆորիայի մեջ հայտնվել ըստ էության իր բուն խնդիրների եւ նպատակների հետ առնչություն չունեցող մի իրադարձության պատճառով։ Ավելին ասենք. Ֆրանսիայի ընդունած օրինագիծը կարող է Հայաստանի եւ հայաստանցիների համար լինել առարկայորեն կարեւոր մի գործողություն, եթե այդ գործողությունը դիտվի պրագմատիկ հայացքով, ոչ թե էյֆորիկ տրամադրություններով։ Այսինքն` այս ամենը մեզ պետք է բերի այն մտքին, թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում ժամանակակից աշխարհում, որովհետեւ անգամ հայկական հարցի հետապնդման առումով մեր գլխավոր զենքերը լինելու են ոչ թե մեր դաշնակից կամ բարեկամ պետությունները, որոնք իրենց քաղաքական շահերի պրիզմայով են դիտարկելու այդ հարցը, ինչն, ի դեպ, միանգամայն օրինաչափ է եւ հասկանալի, այլ առաջին հերթին մենք եւ մեր պետությունը»։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. - «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումն իսկապես լայնորեն հաշվարկված նախընտրական քայլ է, որը բնականաբար օգտակար է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստով, քանի որ այս օրերին, օրինակ, թեման լայնորեն լուսաբանվում է համաշխարհային բոլոր առաջատար լրատվամիջոցներով եւ տեղեկատվությունը, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու համար կարելի է մեկ տարվա ազատազրկման դատապարտվել, հասկանալիորեն մեծ տպավորություն է թողնում խնդրից անտեղյակ կամ մակերեսային տեղյակ մարդկանց վրա, որոնք հասկանում են, որ Ֆրանսիայի նման լուրջ երկիրը նման օրենք ընդունել չէր կարող, եթե թեկուզ չնչին կասկած ունենար, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Ու այս ֆոնին առավել քան զավեշտական է հնչում Սերժ Սարգսյանի եւ Էդիկ Նալբանդյանի կողմից 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների այդ դրույթը, որով նախատեսվում է պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել` ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար»:

Մեջբերում «Հայոց Աշխարհ» թերթից. - «Նկատենք, որ երեկ իսկապես բոլորը սրտանց շնորհավորում էին մեկ մեկու, սոցիալական ցանցերում ու բլոգներում ողջ օրվա ընթացքում շարունակվում էին «Ուռռա»-ներն ու «Կեցցե»-ները: Թեեւ գտնվեցին մի քանի «օրիգինալ» տարրեր, ովքեր փորձեցին իրենց օրապակաս «վերլուծություններով» հեգնել ու ծաղրել «ընդհանուր էյֆորիան», բայց այդ խզբզոցներին ոչ ոք բնականաբար ուշադրություն չդարձրեց: Երեկվա օրը իսկապես բացառիկ էր, եւ անգամ մի պահ թվաց, որ ազգային միասնությունը այլեւս կայացել է: Թվաց, բայց, կարծես թե, դա էլ քիչ չէ»:

«Չորրորդ ինքնիշխանության» դիտարկումը. - «Հայ ժողովուրդը ցնծության մեջ է: Միանգամից երկու բարոյական հաղթանակ ենք տարել, որոնց արդյունքում, եթե մի կողմ թողնենք էմոցիաները, երկու բան է տեղի ունենալու. հայ – թուրքական հարաբերություններն ավելի են սրվելու, ղարաբաղյան հարցն էլ մոտ ապագայում չի լուծվելու: Իսկապես, արժե ազգովի տոնել այս նվաճումները: Եվ նույնիսկ ազգովի շնորհակալություն հայտնել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG