Մատչելիության հղումներ

Հունվարի 24-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ողջ հայության ուշադրության կենտրոնում Ֆրանսիայի Սենատն էր ու այնտեղ ընթացող քննարկումը: Կընդունի՞ արդյոք ֆրանսիական խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, թե՞ ոչ: Նիստին սրտատրոփ հետեւող բարեկամներիցս մեկն այն մանուկի նման, որը բացականչեց՝ արքան մերկ է, հանկարծ հարց է հնչեցնում. «Իսկ ի՞նչ է տալու մեզ այս օրինագծի ընդունումը»: Փորձում եմ բացատրել, որ ամեն ինչ չէ, որ պետք է ընկալել պրագմատիկ շահի տեսանկյունից: Որ կան քայլեր ու հանգամանքներ, որոնք նկատելի ու կոնկրետ շահ չեն բերում, սակայն էմոցիոնալ ու հոգեբանական առումով վճռորոշ են, սկզբունքային, հայի նկարագրի ու էության համար կարեւոր: Ի վերջո, ցեղասպանության թեման այն ցավոտ ու անանց թեմաներից է, որ միշտ հայի հոգու խորքերից է գալիս, նրա սրտի նուրբ լարերին է դիպչում, նրան զրկում իրատեսությունից ու գործնականությունից»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Երբ որևէ մեկը հայտարարում է, թե կուսակցությունների ծրագրերն է ուսումնասիրում` նրանցից մեկի ցուցակով պատգամավոր դառնալու համար, ակնհայտ է լինում, որ ոչ թե տվյալ կուսակցության իդեաներին, արժեքներին դավանելու, այլ պարզապես պատգամավորական մանդատը ձեռք գցելու տրիվիալ խնդիր է լուծվում: Եվ կուսակցությունները, մեծ հաշվով` քաղաքական համակարգը, նրանց համար ընդամենը այն օտար բոստանի դերն են կատարում, որտեղ գալիս են` իրենց կաղամբներն աճեցնելու: Խնդիրն այս մարդկանց հավակնությունները չեն, այլ այն պայմանները, որոնք ոչ միայն հնարավոր, այլեւ նույնիսկ օրինաչափ են դարձնում այս մակաբույծների ինքնաիրացումը, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք պատրաստակամ են նրանց համար որպես բոստան ծառայել»։

«168 ժամ»-ի թղթակիցը Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հարցնում է. - «Առաջիկա ԱԺ ընտրությունները աննախադեպ են, որովհետեւ իրար դեմ պայքարելու են ՀՀ երեք նախագահներն ու իրենց սատարող ուժերը: Ո՞ր ուժն է ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը: Արտախորհրդարանական ընդդիմությո՞ւնը, որը բավականին ուժեղ է, եւ որի առաջնորդն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, թե՞ որոշակի վարչական եւ հզոր ֆինանսական ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ն, որի հետեւում, ասում են, կանգնած է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»: Պատասխան. - «Միանշանակ է, որ սպասվում է շատ հետաքրքիր եւ իրական քաղաքական պայքար: Ամեն դեպքում ՀՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատ գտնվում է շատ ավելի լավ դիրքերում, որովհետեւ մեր հանրապետությունում վիճակը շատ ավելի լավ է` թե ներքաղաքական առումով, թե կուսակցության հնարավորությունների առումով: Մենք լավագույն դիրքերից ենք գնում ընտրություններին: Նաեւ հասկանալի է, որ երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, տիրապետում են վարչական ռեսուրսների, եւ երեքն էլ հասարակությանը պետք է ներկայացնեն իրենց կատարածն ու ծրագրերը: Եվ եթե մենք ունենք խնդիրներ, դրանք հավասարապես վերաբերում են երեքին: Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջանում բոլորը կփորձեն օգտագործել իշխանության մեջ եղած ռեսուրսները, բայց խուսափել պատասխանատվությունից, ու հանրության գիտակցության մեջ որպես խնդիրների միակ պատասխանատու դիտարկել ՀՀԿ-ին: Եվ տարօրինակ է նաեւ ընտրական պրոցեսների դեպքում ասել` իշխանական կուսակցություն, որովհետեւ ընտրությունների արդյունքում կոալիցիոն որեւէ կուսակցություն կարող է հայտնվել ընդդիմության մեջ, եւ` հակառակը: Այսինքն` ԱԺ ընտրություններում բոլորը պայքարում են բոլորի դեմ»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մի քանի օր առաջ էլ իշխանական կայքերից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Կոնգրեսի անդամ 18 կուսակցություններից ՍԴՀԿ-ն համամասնական ցուցակում «անցողիկ 3 տեղ է պահանջել»: «Ծիծաղելի է` ինչպե՞ս կարող է Կոնգրեսում ինչ-որ մեկը ինչ-որ բան պահանջել, եթե դեռ այդ թեմայով քննարկում չկա, հստակություն չկա»,- հրապարակված լուրը ճշտող մեր հարցին այսպես արձագանքեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը»: «Քանի՞ տեղ է Կոնգրեսի համամասնական ցուցակում պահանջելու «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը» հարցին ԺՈՒԿ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը պատասխանել է. - «Կուսակցությունը ամբիցիոզ կուսակցություն չի, տեղերի մասին ոչինչ չի քննարկվել»:

«Չորրորդ ինքիշխանության» մեկնաբանը գրում է. - «Ամանորյա տոներից հետո սովորաբար մարդկանց փողը վերջանում է, ու մի երկու շաբաթով կյանքը կարծես մեռնում է, բայց հունվարի երկրորդ կեսից սկսած` ամեն ինչ կամաց-կամաց վերակենդանանում է: Այս տարի այդպես չէ: Հունվարի 1-ից հետո Երեւանում տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) փոքր ու միջին խանութներ են փակվել, եւ «վաճառվում է կամ տրվում է վարձով» գրությունները դարձել են խանութների մեծ մասի հիմնական «գովազդային վահանակները»: Այն խանութներում էլ, որոնք դեռ չեն փակվել, կատարյալ դատարկություն է` ո'չ գնորդներ կան, ո'չ նոր ապրանք. դեռ փորձում են դեկտեմբերից մնացածը վաճառել եւ չեն համարձակվում նոր բան ստանալ: Կառավարությունն էլ մի որոշում է ընդունել, որի համաձայն` այսուհետ խանութները ստացված ապրանքի դիմաց գումարը պիտի ոչ թե կանխիկ վճարեն, այլ փոխանցեն բանկով: Երեւի դա էլ օգնել է, որ փոքր ու միջին խանութներից շատերը փակվեն` ասպարեզը զիջելով սուպերմարկետներին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG