Մատչելիության հղումներ

Թուրքերը Փարիզում բողոքի ակցիա են անցկացրել ցեղասպանության օրինագծի դեմ


Բողոքի ակցիա ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ, արխիվային լուսանկար
Բողոքի ակցիա ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ, արխիվային լուսանկար
Շաբաթ առավոտյան հազարավոր թուրքեր բողոքի զանգվածային ցույց են անցկացրել Փարիզում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ:

Ցույցի մասնակցել են մոտ 5000 հոգի, բայց մասնակիցների թիվը համալրվել է հետզհետե ավելացող ցուցարարներով: «Անադոլու» գործակալությունը պնդում է, որ բողոքի ակցիային, չնայած անձրեւին եւ եղանակային վատ պայմաններին, մասնակցել է շուրջ 35 հազար մարդ, որոնք փողոց են դուրս եկել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ալժիրի դրոշներով:

Հիշեցնենք, պաշտոնական Անկարան սպառնում է փաստաթղթի ընդունման դեպքում խստագույն պատժամիցողներ կիրառել Ֆրանսիայի դեմ: Չնայած այդ սպառնալիքներին, Սենատում մեծամասնություն կազմող երկու քաղաքական ուժերը` նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը` UMP-ն, եւ ընդդիմադիր սոցիալիստները հավաստիացնում են, թե ետ չեն կանգնելու իրենց որոշումից եւ կողմ են քվեարկելու օրինագծին, որը հաստատման դեպքում 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսում ցեղասպանությունը ժխտողների համար: Օրինագիը Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի երկուշաբթի (հունվարի 23-ին) կեսօրից հետո:

Բողոքող մարդանց թափորը շարժվել է դեպի Սենատ: Ըստ Nouvelles d'Armenie պարբերականի, ցուցարարների կեսից ավելին ավտոբուսներով բերվել են Հոլանդիայից, Գերմանիայից եւ Բելգիայից: Ավտոբուսները Ֆրանսիայի սահմաններից ի վեր հսկվել են ֆրանսիական ոստիկանության կողմից մինչեւ ցույցի վայրը: Ընդհանուր առմամբ ցույցը խիստ հսկողության տակ է գտնվել, նույնիսկ քաղաքացիական հագուստ կրող ոստիկաններ են ցրված եղել ամբոխի մեջ:

Ցուցարարները, որոնց մեծ մասը երիտասարդներ են եղել, բռնել են Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ, վանկարկել են Թուրքիան եւ մահմեդականությունը ջատագովող կոչեր: Նրանք նույնիսկ անվանարկող կոչեր են հնչեցրել Ֆրանսիայի եւ նախագահ Նիկոլա Սարկոզիի մասին. այն աստիճան, որ կազմակերպիչները ստիպված են եղել հանդարտեցնել ցուցարարներին եւ հանել որոշ պաստառներ:

Բողոքի ակցիայի ավարտին քրդական համայնքի անդամներն են եղել եւ սկսել են թռուցիկներ բաժանել, որը մեծ շփոթ է առաջացրել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG