Մատչելիության հղումներ

Հունվարի 20-ի մամուլ


«Ժամանակ» թերթի խմբագիրը գրում է. - «Հայաստանում իշխանական երկրորդ ուժ չի կարող լինել: Այդպիսի բան հնարավոր է այնպիսի երկրում, որտեղ իշխանության ձեւավորման հիմքում սահմանադրականությունն է, օրինականությունը, հանրային քվեն: Հայաստանում իշխանությունը հեռու է այդ հիմքից, հետեւաբար այն հեռու է նաեւ մեկ, երկու, երեք կամ չորս ուժեր ունենալուց: Հայաստանում իշխանությունը մեկն է, մեկ ուժ, որը կարող է ունենալ ընդամենը տարբեր թեւեր: Բայց այդ թեւերը երբ սկսում են արդեն տարբեր նշաններ կիրառել, երբ փորձում են արդեն տարբերվել բուն իշխանությունից, դառնում են կամ դավադիրներ, կամ փուչիկ՝ օդով լցված տարածություն, որը պայթում է ընտրական ասեղի ծակոցից: Այդ իրողությունը հատկապես սրվում է իշխանության ձեւավորման փուլերում՝ ընտրական շրջաններում: Պատահական չէ, որ ներկայումս էլ իշխանության երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, հայտնվել է կամ դավադիր, կամ փուչիկ լինելու, կամ էլ ընդդիմություն դառնալու երկընտրանքի առաջ: Հայաստանի համակարգը այլ տարբերակ, երկրորդ ուժ պարզապես չի հանդուրժում, չի կարող հանդուրժել, որովհետեւ բացարձակապես հեռու է օրինականության հիմքից կամ քաղաքականության դասական կանոններից»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փորձում է ի մի բերել հայաստանյան օլիգարխի ընդհանրական կերպարը. - «Թեեւ հայրենի օլիգարխների դասակարգումն առանձին ուսումնասիրության թեմա է, նրանց միավորում է այն, որ տեսնում են Հայաստանը բացառապես այնպես, ինչպես անգլիացիները Հնդկաստանը գաղութացման դարաշրջանում։ Նրանց համար սա լավ վաստակելու համար շատ հարմար վայր է, բայց բնավ այն տեղը չէ, որտեղ կցանկանային ապրել, որտեղ կբնակվեին իրենց ընտանիքներն ու հասակ կառնեին զավակները։ Օլիգարխները ստեղծեցին զարմանալի համակարգ։ Քոչելով իշխանությունից բիզնես եւ հակառակը, նրանք ձեւախախտեցին ե՛ւ իշխանությունը, ե՛ւ նրա հետ հարաբերությունները։ Ձեւավորվեց վարչական-օլիգարխական զարմանալի միկրոաշխարհ։ Գործարարներն ու պաշտոնյաները միասին մեկնում են հանգստանալու, միասին ճամփորդում, նրանց զավակները սովորում են արտասահմանյան նույն համալսարաններում, կանայք՝ գնումներ կատարում նույն խանութներից։ Մշակույթին հովանավորում են, ինչ-որ հանձնաժողովների պատվավոր անդամներ համարվում»։ Թերթն ամփոփում է. - «Հենց օլիգարխները մեծապես նպաստեցին մեր հասարակության ծայրահեղ քրեականացմանը, որն իմաստազրկում է տնտեսական ու քաղաքական ցանկացած ձեռնարկումներ եւ դարձել է Հայաստանի գլխավոր հիմնախնդիրներից մեկը։ Ինչ օգուտ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարելուց, երբ դրանցից օգտվել կարող են միայն ավազակներն ու նրանց հովանավորող օլիգարխները»։

«Երկիր» օրաթերթն անդրադառնում է հայկական երիտասարդական հասարակական կազմակեպությունների առաջարկով ԱՊՀ երկրների երիտասարդական միության` Հայաստանում «Պուտին» ակումբ բացելու նախաձեռնությանը, որի նպատակը, ըստ նախաձեռնողների, Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ գաղափարների մասսայականացումն է: Թեթրը գրում է. - «Սկզբունքորեն Պուտինի դեմ մենք ոչինչ չունենք, բայց նրա թեկնածությունը պաշտպանելու խնդիր էլ չունենք, կարծես: Պուտինին ռուս ժողովուրդը պետք է ընտրի, եթե ընտրի, այլ ոչ թե մենք, որ այսպես ափալ-թափալ ՌԴ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբներ ենք ստեղծում: Հետաքրքիր է` ո՞վ է թույլ տվել ինչ-որ մեկին որոշում կայացնել Հայաստանը ռուսական ներքաղաքական խնդիրների մեջ ներքաշելու մասին: Մենք ի՞նչ կապ ունենք: Նաեւ մի անկարեւոր հարց այդ միության հայ ակտիվիստներին` իսկ դուք պատրաստվո՞ւմ եք Մոսկվայում «Սերժ Սարգսյան» կամ մեկ այլ թեկնածուի անունով կլուբ բացել, թե՞ «գուբերնիան» այդ իրավունքները չունի»:

Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի առիթով Ստամբուլում տեղի ունեցած բազմահազանոց ցույցի կապակցությամբ «Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. - «Ստամբուլում հավաքված մարդկանց երթին հետեւելիս ես ակամայից ինձ բռնացրի մի արտառոց մտքի վրա՝ արդյո՞ք մենք՝ հայերս, կելնեինք փողոց օտարազգի մեկի սպանության առիթով: Առավել եւս, եթե այդ մեկը մեր հայրերի ու պապերի կողմից հռչակված լիներ թշնամի, եւ մեր ազգի պատմության յուրաքանչյուրը էջը թաթախված լիներ նրա հանդեպ ատելությամբ ու վրեժով: Մեզնից ո՞վ կհաղթահարեր արյան կանչն ու գենետիկ թշնամանքը եւ իր կրծքին կփակցներ՝ «ես թուրք եմ», ու կելներ փողոց՝ հանուն առաջադիմության, մարդասիրության ու հանդուրժողականության: Լայնախոհությունը, ցավոք, հայկական դրսեւորում չէ: Անգամ այս տողերը գրելիս մտածում եմ, որ ասածս միանշանակ չի ընդունվելու, եւ ինձ հանդիմանողների պակաս չի լինելու»:

please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG